Վեդիում ընտրություններ էին:
Այս մի ընտրությունն էլ կանցնի, ու նույնիսկ ամենալավատեսների աչքերում է կարդացվում, որ գիտեն՝ մեկ է՝ հետո կրկին մենակ է մնալու, մթերման սեզոնին ճանապարհներ է փակելու, թանկ գնով պարարտանյութ և սերմացու է գնելու, կամ էլ ձեռքը թափ է տալու, դադարի հող մշակել և անասուն պահել, իսկ հետո… ամենավախենալուն հետոն է: Մի ընտրատեղամասում քվեարկելուց հետո դուրս եկած պապիկը նայեց տեսախցիկին ու ասաց` «բա ուրիշ օր ինչի՞ չեք գալիս մեր գյուղ», ու հեռացավ:
Կանանցից մեկն էլ հետաքրքրվեց, թե իր խոսքը «որտեղով կարող է նայել», ասացինք, որ տան երիտասարդները համացանցում կգտնեն նյութը, կինն արձագանքեց. «Տանը ջահել չունենք, բոլորը գնացել են, մենակ ենք մնացել: Մի տղաս 1990 թ.-ին գնաց, մյուսն էլ՝ հետո, ու մնացին էնտեղ աշխատելու, հիմա երկուսով ենք»,-ասաց` նկատի ունենալով իրեն ու ամուսնուն:
Ու այդ պահերին ես հասկանում` քաղաքականություն, ընտրություններ և էլի շատ հարցեր այնքան երկրորդական են, երբ ամեն ինչի կենտրոնում մարդը չէ: Քիչ ենք խոսում մարդկանց մասին, նրանց խնդիրներին անդրադառնում այն դիտանկյունից, որն այդ պահին արդիական է, բայց մարդը նորից մնում է իր հոգսերի հետ մեն-մենակ: Չենք հարցնում` այդ դաշտում աշխատեցիր, մեջքդ կորացրեցիր, եկար տուն ու մեկ բաժին համեղ ու տաք ճաշ կերար, իսկ հետո՞… Ինչո՞ւ գյուղում ապրող մարդու կյանքն ավելի հաճախ պետք է սահմանափակվի տնից վարելահող տանող ճանապարհով, ինչո՞ւ պիտի բերքը ձեռքին ժամերով կանգնի գործարանի բակում, որ իր ապրանքը մթերեն, իր աշխատանքի դիմաց մի կերպ գումար ստանա, որը հաջորդ տարի կրկին բերք է դառնալու:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ տանից վարելահող տանող ճամփից երբեմներբեմն գյուղի մարդը չպիտի թեքի քայլերը ու մի լավ տեղ գնա` աչքը նոր բան տեսնի, սիրտը նորից սկսի թրթռալ: Ինչո՞ւ ենք զարմանում, երբ ասում են, որ այս հողից բացի մեր աչքն այլ բան չի տեսել:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։