Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ռուս խաղաղապահներն ու «Բայրաքթարները»

Մարտ 29,2022 11:00

Ռուսները հեռանո՞ւմ են Արցախից, թե՞ նպաստում են հայերի զինաթափմանն ու Արցախի «լուռ» հայաթափմանը…

Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային հարաբերությունների հաստատումից ուղիղ մեկ ամիս անց, կան բոլոր հիմքերն՝ արձանագրելու, որ Ադրբեջանն իրեն ազատ է զգում արցախցիների նկատմամբ ճնշումներ բանեցնելու հարցում: Այն, որ 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի բարձր հովանու ներքո ստորագրված եռակողմ փաստաթուղթը խաղաղության հաստատման հիմք չէր դառնալու, արդեն, թերեւս, պարզ է բոլորի համար: Ավելին, մշտապես ասվել է, որ Բաքուն ու Անկարան հարմար առիթը բաց չեն թողնելու վարկաբեկելու ռուս խաղաղապահ առաքելությանը եւ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ ուժերին դուրս բերելու գործում ջանք ու եռանդ չեն խնայելու:

Պատահական չէին ժամանակ առ ժամանակ Բաքվում իշխանության հովանավորությամբ ընդդեմ Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների կազմակերպված բողոքի ցույցերը:

Այսօր արդեն, երբ աննախադեպ լարման են հասել Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունները, Ադրբեջանի ձեռամբ ԼՂ-ում ռուս խաղաղապահ առաքելությունն արդեն իսկ ողջ աշխարհի աչքում, մեղմ ասած՝ ոչ հաջողված կարելի է բնորոշել, որը չի կարողանում հավուր պատշաճի իր առաքելությունն իրականացնել: Ու այստեղ, եթե Մոսկվան դժգոհելու առիթ ունի՝ պետք է Բաքվին հարցեր ուղղի:
Բայց ամենակարեւորը հարցը, որը ծագում է ցանկացած տրամաբանող մարդու ուղեղում, մեկն է՝ իսկ Ռուսաստանը դե՞մ է Բաքվի այս պահվածքին… Ու եթե դեմ է՝ ինչո՞ւ չի համարժեք քայլերի դիմում… Վերջին շաբաթներին Ադրբեջանի սադրիչ գործողություններն անակնկալ չէին, ամիսներ առաջ՝ չէ՞ որ ռուս խաղաղապահների վերահսկողության տարածքներում քաղաքացիական անձ էր սպանվել Ադրբեջանի դիպուկահարի արձակված կրակոցից։

Սակայն ինչպես ընտելացել է մեր հասարակությունը վերջին տարիներին՝ Ռուսաստանը, եթե դժգոհություններ է ունենում՝ ապա միայն Հայաստանից ու հայ հասարակությունից է բողոքում, ընդ որում, այդ դժգոհության արտահայտման համար գործի են դրվում ռուսական ազդեցության հայ գործիչները, որոնք իրականացնում են Մոսկվայի անգործությունը շատ-շատ հարցերում «խլեցնելու» անհաջող փորձեր, այսպես ասած՝ այլ «աշխարհաքաղաքական» թեմաների ուղղությամբ հասարակության ուշադրությունը շեղելով:
Հիմա փաստերը խոսում են լիովին այլ բանի մասին:

Անցյալ շաբաթվանից ստացվող «տարօրինակ» տեղեկությունների հիմքը դրվեց Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւի ու է Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի խաղաղապահ գործունեության գծով գլխավոր հրամանատարի տեղակալի հանդիպման մասին հաղորդագրության տարածմամբ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ՌԴ ցամաքային զորքերի խաղաղապահ գործունեության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի գլխավորած պատվիրակությունը Բաքվում Քերիմ Վելիեւի հետ քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի վարչապետի միջեւ ստորագրված հայտարարության դրույթների իրականացումը, ինչպես նաեւ օպերատիվ իրավիճակը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ։ «2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել Ադրբեջանի տարածքից հայկական անօրինական զինված խմբավորումների դուրսբերման եւ մի շարք այլ հարցերի շուրջ»,- մեջբերում էին ադրբեջանական գործակալությունները՝ հիշեցնելով. «ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ ՌԴ խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ ավտոմատ 5 տարի երկարաձգման իրավունքով, եթե կողմերից ոչ մեկը չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին՝ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ»։

Ըստ էության, Բաքվից տեղեկատվական արտահոսք եղավ այն մասին, որ Ադրբեջանը ռուսական կողմի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղից «զինված հայկական կազմավորումների» դուրսբերման հարցը, եւ հատկանշականն այն է, որ ռուսական կողմը սա չհերքեց:
Ու սա դեռ «ծաղիկներն են», ինչպես ասում են… Հեռու չեն, թերեւս այն ժամանակները, երբ ռուս-ադրբեջանական՝ ռազմական ոլորտի պատասխանատուների բանակցություններից հետո ի հայտ կգան՝ Ռուսաստան-Ադրբեջան փետրվարյան դաշնակցային համաձայնագրով նախատեսված այլ դրույթների «խախտումների» վերաբերյալ հաղորդագրություններ: Օրինակ՝ ռուս-ադրբեջանական դաշնակցային համաձայնագրի մի կետով ՌԴ-ն ու Ադրբեջանը՝ «վճռականորեն ճնշում են իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների եւ անձանց գործունեությունը, որոնք ուղղված են ընդդեմ մյուսի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։ Իսկ մեկ այլ կետով էլ՝ «միավորում են իրենց ջանքերը՝ հակազդելու եւ չեզոքացնելու միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության…»:

Մյուս կողմից, տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ըստ Ուկրաինայի Գլխավոր շտաբի՝ Հայաստանի 102-րդ ռազմաբազայից Ուկրաինա են տեղափոխել մի քանի ստորաբաժանումներ: Որոշ ռուսաստանցի ռազմական վերլուծաբաններ նշում էին, թե Արցախում տեղակայված խաղաղապահների մի որոշ մաս նույնպես տեղափոխվել է Ուկրաինա:

Նկատենք, որ Ադրբեջանի զինուժը մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտեց շփման գիծը: Թեեւ նույն օրը Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, մարտի լույս 25-ի գիշերը եւ ուրբաթ ցերեկը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ադրբեջանական զինուժը կիրառել էր անօդաչու թռչող սարքեր: Արցախի Պաշտպանության բանակը հաղորդում էր, որ իրավիճակը տվյալ հատվածում սրվել էր, ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ապահովել, ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ զոհվեցին:

Այսինքն, ռուս խաղաղապահ առաքելության վերահսկողության տարածքում՝ Ադրբեջանը կիրառում է «Բայրաքթարներ»: Ռուս խաղաղապահների գործունեության «արդյունավետության» վրա լույս սփռելու տեսանկյունից այս փաստը միայն բավարար է, որպեսզի մարդիկ պատկերացում կազմեն:

Ու այս իրավիճակում, մարտի 24-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում փորձեց շրջանցել հարցերն այն մասին, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի առաջխաղացման հարցում: «Ես կարծում եմ, որ դա պետք է գնահատեն մեր խաղաղապահ ուժերը, որոնք այնտեղ գտնվում են»,- ասել էր նա: Ի պատասխան նույնանման մեկ այլ հարցի՝ Զախարովան արդեն նշել էր. «Եթե խոսենք քաղաքական հայտարարության մասին, ես արդեն ասացի, կողմերից որեւէ մեկը չպետք է վատթարացնի առանց այդ էլ լարված իրավիճակը: Եթե խոսում ենք տեղում իրավիճակի մասին, դա այնտեղ գտնվող փորձագետների, զինվորականների գործն է»: Խոսելով Արցախում գազամատակարարման խնդիրների մասին, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Երկու կողմերի հետ շփումներում կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ լուծել տարածաշրջանում գազի մատակարարման հետ կապված խնդիրը:

Համապատասխան աշխատանք է տարվում մեր երկրի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» խողովակներով: Ելնում ենք նրանից, որ չի կարելի խորացնել առանց այն էլ ոչ հեշտ մարդասիրական իրավիճակը, եւ հասարակ մարդիկ չպետք է տառապեն»:

Ռուսական իշխանական քարոզչամեքենայի ծառայողներն, իհարկե, այլ դիտանկյունից էին ներկայացնում Արցախում ռուսական կողմի պահվածքը, թե՝ «Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացել ԼՂ-ում», սակայն հայաստանյան հասարակությունը, վստահաբար, չընկավ տեղեկատվական այդ «ծուղակի» մեջ, եւ շարունակում էր քննարկել հարցը՝ ռուսները հեռանո՞ւմ են Արցախից՝ ճանապարհ հարթելով ադրբեջանական ներխուժման համար, թե՞ նպաստում են հայերի զինաթափմանն ու Արցախի «լուռ» հայաթափմանը…

Այն բանից հետո, երբ հայաստանյան քննարկումներում այս հարցադրումները սկսեցին գերիշխել՝ Մոսկվայի գնահատականները փոքր-ինչ փոխվեցին: Թերեւս, դիրքորոշման փոփոխությանը նպաստեցին նաեւ Արեւմուտքից հնչող հասցեական հայտարարությունները՝ Բաքվի ուղղությամբ: ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ԼՂ-ում գազի խափանումներով եւ Ադրբեջանի զորքերի տեղաշարժով, հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարությունը՝ արձագանքելով վերջին օրերին լարվածության աճին Լեռնային Ղարաբաղի Խրամորթ եւ Փառուխ գյուղերի մերձակայքում, ինչպես նաեւ ԼՂ բնակչության գազամատակարարման խափանմանը: Պետքարտուղարությունը շեշտեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները՝ անհապաղ դեէսկալացիա ապահովելու համար:

Պետքարտուղարությունը տեղեկացրեց, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերոն Դոնֆրիդը կարեւոր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով։ Զորաշարժերը եւ էսկալացիայի տանող այլ միջոցառումներն անպատասխանատու են եւ անհարկի սադրիչ», – ասել էր գերատեսչության ներկայացուցիչ Ջալինա Փորթերը։ Անցյալ ուրբաթ կայացած ճեպազրույցում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի գլխավոր տեղակալը լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ փոխպետքարտուղարի մարտի 24-ի հեռախոսազրույցներին։ Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանն Ադրբեջանի արտգործնախարարությունն է արձագանքել՝ այն որակելով «անպատասխանատու քայլ»:

Ֆրանսիան կոչ արեց Ադրբեջանի զինուժին բանակը վերադարձնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրվա դիրքերին: «Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ եւ Ադրբեջանի առաջ գնացած ստորաբաժանումներին կոչ է անում վերադառնալ 2020թ. նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման հայտարարության օրով զբաղեցրած դիրքեր»,- արձանագրեց Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայտարարություններից, ինչպես նաեւ ռուս խաղաղապահ առաքելության վերահսկողության տարածքում տեղի ունեցող ադրբեջանական սանձարձակ գործողությունների նկատմամբ ռուսական «լոյալության» համատեքստում պաշտոնական Երեւանից հնչած հայտարարություններից ու հասարակական մեծ դժգոհությունից հետո միայն Մոսկվայի գնահատականները փոխվեցին:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 29.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031