Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխանությունը չի սպասարկել խաղաղության օրակարգ, ավելին, տուրք է տվել ռազմական հռետորաբանությանն ու ռազմական անգերազանցելի առաջնորդի քարոզին։ 2020 թվականին ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով հայկական տավուշյան դիրքերից մեկին մոտենալու անհասկանալի միջադեպը մեր կողմից մեկնաբանվել է որպես հաղթական ռազմական գործողություն, մասնակիցներին շնորհվել են հերոսի կոչում ու «Մարտական խաչ» տասնյակ շքանշաններ, համացանցը ողողվել է «գերագույնը», «չշշկռեք» և տարաբնույթ այլ հեշթեգերով։
Ավելին, ՀՀ իշխանությունները տարբեր կոլաժներով պատկերվում էին վոյինի կերպարով՝ գրեթե մանկամիտ մեկնաբանություններով և քարոզչական տրյուկներով։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը կերտում էր նորահայտ անհաղթ հերոսի կերպար՝ սպասարկելով ռազմատենչ օրակարգ։
Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ևս հայկական կողմը խաղաղության օրակարգ չի սպասարկել։ Հայաստանը կռվել է՝ լավ, վատ, ուժեղ, թե թույլ, մինչև վերջ փորձել է իր իրավունքները պաշտպանել զենքի ուժով։
Զիջելու խաղաքարտեր ունենալով՝ Հայաստանը ո՛չ մինչև պատերազմը, ո՛չ դրա, համենայն դեպս, առաջին հատվածը չի փորձել կանխել կամ դադարեցնել պատերազմը, ավելին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» վանկարկումով սահմանափակել է դիվանագիտական սակարկումների չափաբաժինը։ Այսինքն՝ կրկին խաղաղության օրակարգ չի սպասարկել։ Նաև՝ ձախողել է նախորդ բոլոր օրակարգերը։
Կարդացեք նաև
Հետպատերազմյան շրջանում հայկական իշխանությունն իր ամբողջ կենսագործունեությունը կառուցել է խաղաղության քարոզով։ Շատ լավ։ Թե ինչպես պետք է պատերազմը տանուլ տված կողմը խաղաղության օրակարգ պարտադրեր՝ դեռ միգուցե ինձանից խելոք մարդիկ կքննարկեն, սակայն մարդիկ ձևակերպեցին իրենց օրակարգը, այն իրագործելու մանդատ ստացան հունիսյան ընտրություններին, բայց կրկին Հայաստանը նետվեց տարածքային կորուստների ու մինի պատերազմական շրջապտույտների մեջ։
…. Գուցե ևս մեկ ընտրություն անեք և առավել մեծ թվով ձայներ ստանաք, ես վաղուց հանրույթի քաղաքական նախասիրությունների վրա չեմ զարմանում, բայց գոնե պետության ընթացքից բան հասկացող ու դեռ ձեր ձեռքը չխելագարված մի 10-20 հոգուն բացատրեք՝ էս ո՞ւր եք տանում էս պետության նավը։
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում