Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտության խորքային պատճառը

Մարտ 29,2022 10:00

Կիրակի օրը Վեդի քաղաքում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: Նախնական արդյունքներով՝ ձայների առավելագույն տոկոսը ստացել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Չնայած՝ ակնհայտ է, որ կիրառվել է պետական, վարչական ռեսուրսը, քվեարկության արդյունքները, կարծես թե, չեն խեղաթյուրվել: Իմ տպավորությամբ՝ Վեդիում, ինչպես եւ Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքներում, բնակիչների զգալի մասը սատարում է Փաշինյանի կուսակցությանը: Այդ ֆենոմենը շատ մատչելի ձեւով բացատրել է իշխանական ընտրազանգվածի ներկայացուցիչներից մեկը: Եթե հակիրճ վերաշարադրենք նրա ասածը, ապա իմաստը կլինի հետեւյալը. իհարկե, ցավալի է, որ Արցախում զինվորներ են սպանվում եւ մարդիկ վտարվում են իրենց տներից, բայց դա, վերջին հաշվով, մեր ցավը չէ: Ինչո՞ւ է քաղաքացին այդպես մտածում: Որովհետեւ այդ ողբերգության մեջ մեղավոր է «նախորդ իշխանությունը»:

Եկեք չշտապենք մեղադրել քաղաքացուն, առավել եւս՝ չփորձենք նրան պիտակներ կպցնել: Հասկանանք, թե ինչու է նա այդպես մտածում եւ ինչի է հանգեցնում նման մտածողությունը: Ինձ թվում է, որ մենք գործ ունենք «դուրսմղման», «արտամղման» («repression»` ըստ հոգեվերլուծական տեսության) հոգեբանական մեխանիզմի հետ, երբ մարդիկ իրենցից վանում են բնական անհանգստությունը, վախը՝ իրենց ներշնչելով, որ

ա/ վտանգը շատ հեռու է եւ իրենց անմիջականորեն չի սպառնում,

բ/ այն, ինչ կատարվել եւ կատարվում է, իրենց պատասխանատվությունից դուրս է, ինչ-որ կիսաառասպելական թշնամական ուժերի դավադրություն է:

Երբ գործում է ինքնապաշտպանական նման մեխանիզմը, ցանկացած աղետ, ցանկացած ողբերգություն, որը պատահել է կամ կարող է պատահել տվյալ անձի հետ, ընկալվում է որոշակի անտարբերությամբ, ապատիկ անգործությամբ: Այսինքն՝ եթե (Աստված մի՛ արասցե) թշնամին գա այդ մարդու տուն եւ վտարի նրան, այդ քաղաքացին, շատ հնարավոր է, կմտածի՝ «Էհ, ի՞նչ արած, այդ ամենը «նախկինների» սարքածն է»: («Նախկինները» կարող են հաջողությամբ փոխարինվել ռուսներով, ամերիկացիներով կամ, ասենք, «գլոբալիստներով»): Գուցե դա անհեթեթ կամ զարմանալի թվա, բայց նման «արտամղումը» մարդկանց սփոփում է, հանգստացնում է նրանց խիղճը: Ոչ միայն Վեդիի շարքային քաղաքացու, այլեւ հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ մեր երկրի ամենաբարձր ղեկավարությանը:

Ահա սա՛ է, իմ կարծիքով, վերջին պատերազմում պարտության հիմնական, խորքային պատճառներից մեկը: Մենք չունեինք մոբիլիզացիայի հոգեբանական ռեսուրս, չունեինք ազգային միասնական նպատակներ (որքան էլ դրանց մասին 26 տարի խոսում էինք), չունեինք ինքնապաշտպանվելու ընդհանրական վճռականություն: Խոսքը հենց ընդհանրակա՛ն դիմադրության մասին է, ոչ թե անձնուրաց հերոսների սխրանքների, որոնց ականատեսն էինք: Այդ ճակատագրապաշտական մտածողությունը, որը ես նկարագրում եմ, իհարկե, չի առաջացել 2018 թվականին: Պարզապես Փաշինյանը, շատ լավ զգալով հասարակական տրամադրությունները, կարողացավ հմտորեն «հեծնել» դրանք եւ լուծել իշխանափոխության խնդիրը:

Հասարակական ապատիան («դե, ի՞նչ արած» տրամադրությունները) հաղթահարվում են առաջին հերթին պետական քաղաքականության փոփոխությամբ: Առայժմ ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր դաշտում ես չեմ տեսնում այդ փոփոխության ծրագիրը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hay says:

    Էդ մարդը ուզում էր ասեր,որ Արցախի հարցի հայանպաստ լուծումը ոչ մեր խելքի, ոչ էլ ուժի բանն ա։
    Ռուսաստանը Ուկրաինայի հանդեպ այդքան մեծ ռազմական առավելություն ունենալով,Լուգանսկը Ղրիմը,Դոնբաս չի կարողանում մարսել,իսկ մենք Ադրբեջանի հանդեպ ոչ մի առավելություն չունենք ,միակ ձևը Արցախը հայկական պահելու,դա Ռուսական կայսրություն մտնելն ա,այն հույսով,որ Ռուսաստանն էդ դեպքում կպահպանի Արցախը հայկական։

  2. Garo says:

    Համ ասում եք վարչական ռեսուրս են կիրառել համ ասում եք արդյունքը չի խեղաթյուրվել:
    Հանրապետականն էլ վերջին տարիներին հո լցոնում, մարդ ծեծել բան չէր անում:
    Ուղղակի ընտրակաշառք էր բաժանում, վարչական ռեսուրս էր կիրառում:
    Պետական փողերով օգնությունը բաժանել են, գլխավոր ընդիմախոսներից մեկի որդուն կալանավորել են , բոլոր նախկին գյուղապետերի վրա քրեական գործեր ունեն հարցուցած, անհրաժեշտ պահին օգտագործում են:
    Ընտրություն կեղշելը հո պոզով պոչով չի լինում:

    Հա զոմբիներ էլ շատ կան, որ եթե անգամ երկրի կեսը հանձնեն մեկա իրանց նիկոլից էն կողմ աշխարհ չկա:
    Բայց էտ խավը հաստատ 54տոկոս չի կազմում:

  3. Լավատես says:

    Միակ պատճառը մեր բոլոր խնդիրների’ դա հայեցակարգի բացակայությունն է, դու կարող ես ամեն օր մարտի դաշտում հաղթանակներ կամ պարտություններ արձանագրես, բայց եթե չունես հայեցակարգ, դու ոչ քո հաղթանակդ կարող ես վայելել եւ ոչ էլ պարտությունից դասեր քաղել: Հայեցակարգը’ դա այն բազմադարյա ստրատեգիան է’ ռազմավարությունն է, որին ազգի յուրաքանչյուր սերունդ նոր շունչ ու ուժ է տալիս իր մշտական պայքարով, որն իր կենսակերպն է, այսօր ամենաուժեղները ոչ թե ամենամեծ բանակներն ունեն, այլ նրանք են, ովքեր անընդմեջ իրար հետ մրցակցում են, դրանով նրանք իրար միշտ ‘ֆորմի’ մեջ են պահում: Համայնքները համագործակցում են եւ միավորվում են մի պետության մեջ, որ պատրաստվեն պատերազմի մեկ այլ պետության հետ, սա է հայեցակարգը’ համագործակցություն պատերազմելու համար, իսկ եթե քո վրա հարձակվում է քեզնից բարձր քաշային կարգի մեկը, բարի եղիր համագործակցել քեզ նմանների հետ, մի ճակատով դառնալ բարձր քաշային եւ հերն անիծել այդ բարձր քաշայինի: Ազգի համար խաղաղասիրությունը նույնն է, ինչ մարդու համար թմրամոլությունը, մեզ խաղաղասիրություն սրսկողները մեզ կախվածության տակ են ուզում գցել ուրիշներից, խաղաղասիրություն քարոզողները մեր թշնամիներն են: Համագործակցություն հանուն պատերազմի՛, ով չի ուզում մեզ հետ պատերազմել, պետք է համագործակցի, բայց բնական է, ոչ թե ստիպողական, այլ իր ազգային արժեքները ճանաչելու եւ դրանք պաշտպանելու մակարդակ ձեռք բերելուց հետո: Միավորվի՛ր, որ տիրե՛ս:

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Պարտության խորքային պատճառը ԼՏՊ-ն է՝ իր պարտվողականության, քիրվայականության, վախկոտության ու չարչիության մշտական քարոզով: Հիմնադիր պատուհասը դրեց «ճակատագրապաշտական» մտածողության հիմքերը, իսկ իր հոգեզավակ ազգակործան պատուհասը հմտորեն «վայելում» է այդ ազգակործան մտածողության արդյունքները…

    “Առայժմ ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր դաշտում ես չեմ տեսնում այդ փոփոխության ծրագիրը:”

    Իսկ ես տեսնում եմ: Թարմ օրինակ՝ երեկ մեր հարգելի ընդդիմադիրներից մեկը մի չքնաղ ծրագիր առաջարկեց. դենիկոլիզացիա եւ դեդեբիլիզացիա… 🙂

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031