Ժամեր առաջ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ հատվածում՝ Բազում գյուղի տարածքում տեղի է ունեցել ձնահյուս: 40 մ երկարությամբ, մոտ 20 մ լայնությամբ ու ավելի քան 10 մ բարձրությամբ ձնահյուսը երկկղմանի փակել է նշված ճանապարհահատվածը: Այժմ տարածքում իրականացվում են նաեւ որոնողափրկարարական աշխատանքներ. «Ինֆորմացիա է ստացվել, որ հնարավոր է, որ ձյունահյուսի տակ մեքենա լինի մնացած: Այդ ամենը ճշտելու համար հիմա փրկարարներն իրականացնում են այս աշխատանքները, մինչեւ ճանապարհաշինական ընկերության տեխնիկան կմոտենա եւ կսկսի մաքրել այս հատվածը»,- ասում է ԼՄՓՎ ՃԿԿ պետ Արմեն Դունամալյանը:
Այս պահին նշված վայրում են գտնվում ոչ միայն Լոռու մարզի փրկարարական վարչության, այլեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները, ինչպես նաեւ Լոռու փոխմարզպետները:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ տեղի ունեցած ձնահյուսի պատճառով Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը երկկողմանի փակ է։ Նշված ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցները կարող են շրջանցել Ստեփանավան-Յաղդան-Օձուն ճանապարհահատվածով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ