Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն ու Արման Սահակյանը դատարանում էին

Մարտ 28,2022 20:03

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր կայացավ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի գործով նիստը: Երեւանի նախկին քաղաքապետն ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Պետական մեղադրողն այսօր հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի` նախաքննության ընթացքում հաստատվել է, որ դեռեւս քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Տարոն Մարգարյանը հանձնարարել է կատարել 16-րդ հատուկ դպրոցի հողամասի սահմանները ճշտում՝ հողամասի նոր հատակագծով դպրոցին պատկանող հողակտորից նվազեցվել է ավելի քան 3600 քառակուսի մետր: Ըստ մեղադրանքի, նշյալ հողատարածքն այնուհետեւ օտարվել է Տարոն Մարգարյանի սանիկին, իսկ մյուս հողակտորը՝ նույն դպրոցի տնօրենի ամուսնուն. «Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով, շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով՝ հիշյալ օտարման արդյունքում դպրոցը զրկվել է փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, իսկ պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»:

Նաեւ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64-րդ մանկապարտեզից է հողամաս է օտարվել՝ 1400 քառակուսի մետր։ Ըստ մեղադրանքի, տարածքը աճուրդով վաճառվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, մանկապարտեզի տնօրենի հորը։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ քաղաքապետարանի նախկին մի քանի աշխատակիցների՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ հանցագործությանն օժանդակելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ ոչ Տարոն Մարգարյանը, ոչ Արման Սահակյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Տարոն Մարգարյանի փաստաբան Բենիկ Գալստյանն, ավելի վաղ էլ հայտարարել էր, որ Տարոն Մարգարյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է ու, որ գործը դատարան ուղարկելու հիմքեր չկային։ Պաշտպանի պնդմամբ, եթե անգամ հողամասերի ճշգրտման գործընթացում շեղումներ են եղել, ապա Տարոն Մարգարյանը որեւէ վերահսկողություն չի ունեցել դա պարզելու համար, քանի որ «ինքը քաղաքապետ է, ոչ թե գեոդեզիստ»: Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակ ունի նաեւ «Երեւան» հիմնադրամի գործով:

Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանն էլ մեղադրվում է թիվ 185 հանրակրթական դպրոցի տարածքում ճշգրտման գործընթաց նախաձեռնելու համար, ինչի արդյունքում նվազեցվել է ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք։ Այդ հողամասը աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին եւ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին:

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Սահակյանը պաշտպան Էմին Խաչատրյանը հայտարարել է, որ գործով որեւէ ապացույց գոյություն չունի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Արման Սահակյանն անցնում է նաեւ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այսօրվա նիստում Արման Սահակյանը հայտարարեց, որ մեղադրանքը անհիմն է եւ ապօրինի եւ ինքը չի ընդունում մեղադրանքը: Իր առարկությունները նա կներկայացնի առաջիկա նիստերում: Իսկ տարոն Մարգարյանը հայտարարեց, որ մեղադրանքի էությունն իր համար հասկանալի չէ ու պարզ չէ: Նա հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետ աշխատած տարիներին մշտապես առաջնորդվել է հանրային շահով եւ չի կատարել հակաօրինական որեւէ արարք: Սույն գործով իր նկատմամբ քրեական հետապնդումը Տարոն Մարգարյանը պայմանավորում է իր քաղաքական գործունեությամբ: Տարոն Մարգարյանին պարզ չէ, թե ինքն ի՞նչ գործողություններ կատարելու կամ չկատարելու համար է մեղադրվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօրվա նիստում դատարանը հետաձգեց նաեւ ամբաստանյալ Փոթիկյանին քրեական հետապնդումից ազատելու միջնորդությունը, այն թողնելով ապացույցների հետազոտման փուլին կամ վերջնական դատական ակտին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031