Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեդի գնալը կապ չուներ Ծովագյուղ չգնալու հետ»․ Գնել Սանոսյան

Մարտ 28,2022 19:22

«Թյուր կարծիք է, թե Ծովագյուղի ֆինանսներն այլ տեղ են ծախսվելու։ Այդպես չի։ Փորձը ցույց է տալիս, որ համայնքների ֆինանսական միջոցները ոչ միայն համայնքում են ծախսվում, այլեւ ավելանում են՝ ի հաշիվ խոշորացմամբ տրվող հնարավորությունների»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով խոշորացման դեմ բողոքող Ծովագյուղ եւ Սոմյոնովկա համայնքների բնակիչների պահանջներին՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Անձամբ չեմ հանդիպել, որովհետեւ այդ ձեւաչափով հնարավոր չի նման իրավական հարցեր քննարկել։ Վեդի գնալը կապ չուներ Ծովագյուղ չգնալու հետ։ Եթե որոշեի գնալ Ծովագյուղ, կարող է Վեդի չգնայի, ազգային ժողով չգայի։ Դրանք տարբեր բաներ են։ Եթե մի տեղ չեմ գնացել, դա չի նշանակում, որ էլ ոչ մի տեղ չպետք է գնամ։ Որոշվել է, որ նման ձեւաչափով հանդիպումը լուծում չի տա, որովհետեւ մարզի ղեկավարը գնացել խոսել է։ Քանի՞ դեպք եք հիշում, որ մարզում ճանապարհ է փակվում, իսկ նախարարները գնում են։ Գնում են ղեկավարները եւ բողոքները փոխանցում նախարարներին։ Մարզպետը մի քանի ժամ խոսել է։ Հարցը մնում է, բայց կառավարությունը չի փոխում խոշորացման իր մեթոդը»,-ասաց Սանոսյանը՝ մեկնաբանելով մտահոգությունները, թե ինքը Ծովագյուղ չի գնացել, որովհետեւ Վեդիում սատարում էր թիմակցի թեկնածությունը։

Վեդիի ընտրությունների առնչությամբ Գնել Սանոսյանը շեշտեց, որ պարզ ընտրություններ են եղել, եւ ՀՀ-ում այլեւս ընտրությունների արդյունքներ չեն կեղծվում։ Ինչ վերաբերում է հանգամանքին, որ կառավարության պաշտոնյաներ եւս գնացել են Վեդի, Սանոսյանը նկատեց՝ բացի պաշտոնյա լինելուց իրենք նաեւ քաղաքական թիմի անդամ են եւ իրավունք ունեն երեկոյան ութին աջակցելու քաղաքական գործընկերներին․ «Ի՞նչ վարչական ռեսուրսի մասին եք խոսում։ Ձեզ ինչո՞ւ է թվում, թե մարդիկ չգիտեն, թե ում են ընտրում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031