Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցածր թիվ՝ Շիրակի մարզում

Մարտ 28,2022 19:44

Շիրակի մարզում այսօր նմուշառված 13 անձանցից և ոչ մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել, բոլորի թեստերի պատասխանները եղել են բացասական։ Տևական ժամանակ է՝ վիրուսը նահանջել է, կարելի է ասել՝ Շիրակի մարզից գրեթե անհետացել է։

Այս պահի դրությամբ վիրուսով վարակված ընդամենը 3 պացիենտ կա ամբողջ Շիրակի մարզում։ Նրանք ամբուլատոր բուժում են ստանում․ մարզում ստացիոնար ծառայությունը վաղուց է փակվել։

Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Պաշտոնյայի տեղեկացմամբ, տևական ժամանակ է՝ նմուշառվողների մոտ վիրուս գրեթե չի հայտնաբերվում։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով, ուրբաթ օրը ութ հոգի են նմուշառվել, որոնցից ընդամենը մեկի մոտ է եղել դրական պատասխան։ Իսկ այսօր նմուշառված 13 հոգուց և ոչ մեկը վիրուսով վարակված չի եղել, բոլորի պատասխանները բացասական են։ Այս պահին բավականին կայուն վիճակ է»,-ասաց Լեյլի Ասլանյանը։

Պատվաստման գործընթացն է դանդաղել․ այս պահի դրությամբ առաջին դեղաչափը ստացել է մարզի ազգաբնակչության մոտ 44 տոկոսը։ Չպատվաստվածների մեջ հիմնականում թոշակառուներն են ու աշխատանք չունեցող անձինք։

Լեյլի Ասլանյանի տեղեկացմամբ, իրենք առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ սկսելու են «Պատվաստումը հոգատարություն է» պատվաստումային արշավ։ Այցելելու են չպատվաստված մարդկանց ու իրազեկելու՝ ինչու է անհրաժեշտ պատվաստվել, որքանով է վտանգավոր, որքանով՝ անվտանգ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031