Կիրակի օրը՝ մարտի 27-ին, Հռոմի Սան Նիկոլա դա Տոլենտինո (Սուրբ Նիկողայոս) եկեղեցում Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի՝ Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված «Դադիի վանք Dadivank» գրքի շնորհանդեսը։
Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Ներկաներին ողջունեց և ելույթով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։ Դեսպանն իր ելույթում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը և հայերեն ու օտար լեզուներով գիտական ուսումնասիրությունների առկայությունը։ Դեսպանը հատկապես կարևորեց այս միջոցառման անցկացումն այսօր՝ հաշվի առնելով իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական դարավոր ներկայության մասին պատմական վկայությունները վերացնելու ուղղությամբ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև Արցախում հետևողականորեն առաջ տարվող էթնիկ զտման միտումները։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը։
Կարդացեք նաև
Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն հանդես եկան Դադիվանքի որմնանկարների վերաբերյալ ծավալուն պրեզենտացիայով, որի ընթացքում մանրամասն ներկայացվեցին Դադիվանքի վանական համալիրի Կաթողիկե եկեղեցում գտնվող՝ 1297-ին թվագրվող, որմնանկարների հայտնաբերման և ուսումնասիրման պատմությունը, ցուցադրվեցին որմնանկարների և հայերեն արձանագրությունների վիճակը վերականգնումից առաջ և հետո։
Միջոցառմանը ներկա էին դեսպաններ, դիվանագետներ, բարձրաստիճան հոգևորականներ, դատավորներ, ակադեմիական և մշակութային շրջանակի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ։