«Դա չէր բխում հայկական շահերից։ Զարմանում եմ, որ որոշները չեն հասկանում, թե ինչ է ադրբեջանական խորամանկությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Արցախի Ասկերանի շրջանում պետք է երկուստեք տեղի ունենար հայելային հետքաշում, սակայն Ադրբեջանն առաջխաղացում է արել Քարագլխի հատվածում։
Օհանյանի խոսքով՝ վերջին պատերազմից բացի բոլոր դեպքերում միշտ ադրբեջանական կողմն է մարտական իրավիճակներում խնդրել կանգնեցնել պատերազմը կամ գործողությունները, հետո վերախմբավորվել է եւ դիմել նոր սադրանքների․ «Չպետք է նման քայլի գնային՝ համոզված չլինելով, որ Ադրբեջանը հետ կքաշվեր, մանավանդ, որ Փառուխ ու Խրամորթ գյուղերը սահմանամերձ են։ Հենց այնպես հավատալ․․․Խնապատն էլ մի քիչ է հետ գտնվում։ Մեծ սխալ է Ադրբեջանին հավատալը։ Ես տեղյակ չեմ, որ ռուսական կողմն է առաջարկել հետ քաշվել, բայց եթե նման առաջարկ կա, նախ պետք էր հասկանալ, որ ցանկացած հետքայլի դեպքում դիտարկում ես հակառակորդին․ հետ քաշվե՞լ է, թե չէ»։
Սեյրան Օհանյանի բնորոշմամբ՝ եթե նշյալ հատվածից Ադրբեջանը հետ չէր քաշվել, իսկ հայկական կողմն այո, ապա անգամ այդ դեպքում պետք էր պահպանել արագ վերակազմավորվելու եւ հակառակ գործողություններ անելու կարողությունը, որպեսզի հնարավոր լիներ «նստել» առաջնային դիրքերում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ