ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին
Մարտի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին։
Զրուցակիցները գոհունակությամբ են նշել Հայաստանի համապատասխան պետական կառույցների և Հանձնաժողովի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Քեթրին Բոմբերգերին 2020թ. 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ-ի նույնականացման գործընթացում ունեցած ներդրման համար։
Կողմերը քննարկել են փոխգործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և նրանց կարողությունների ավելացման առումով: ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատերազմի արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև անհետացման հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը՝ այս առումով ընդգծելով Հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորություները։
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները, մասնավորապես՝ շեշտելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։
Կարևորվել է իրավիճակի լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
ՀՀ ԱԳՆ