Իրանական կողմը նման հայտարարություններ անում է՝ առաջին հերթին ելնելով իր շահերից։ Թեկուզ խոսքը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին է, բայց առաջնայինը Իրանի շահն է, որը համընկնում է մեր շահի հետ։ «Ա1+»-ի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին օրերի իրանական կողմից հնչեցված՝ Հայաստանի համար շահեկան հայտարարություններին և հավելեց, որ Հայաստանն անպայման պետք է օգտվի դրանից։
«Եթե հիշում եք՝ Իրանի հոգևոր առաջնորդն այսպիսի հայտարարություն արեց և նշեց, որ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար, և այս հայտարարությունն էլ այս համատեքստում պետք է դիտարկենք»,-ասում է իրանագետը նշելով․ «Եթե մեկ այլ պետություն խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, և ներկայում մենք գտնվում ենք բավականին բարդ վիճակում, պետք է օգտվենք դրանից, քանի որ ունենք գործիքակազմ»։
«Իրանը բազմիցս նշել է, որ չի հանդուրժելու իր սահմանին իսրայելական և ահաբեկչական խմբավորումների ներկայությունը»,- ընդգծում է Ահարոն Վարդանյանը և հիշեցնում, որ զգուշացումների ֆոնին Իրանը վերջերս ռմբակոծել է Իրաքյան Քրդստանի բազաներից մեկը, որում, ըստ իրանական կողմի, եղել են իսրայելական և ահաբեկչական կառույցներ։
«Նման կառույցներ կան նաև Ադրբեջանում։ Եվ սրա մասին բարձրաձայնել են ինչպես ռուսական, եվրոպական, այնպես էլ իրանական կողմերը։ Իրանն իր գործողություններով ցույց է տվել, որ նման ուժերի ներկայությունը չի հանդուրժելու։ Եվ եթե սրան էլ գումարենք Իրանի հայտարարությունները, որ տարածաշրջանի միջազգայնորեն հաստատված սահմանները կարմիր գիծ են՝ մասնավորապես ՀՀ-ն, ապա կարծում եմ՝ Ադրբեջանում պետք է հստակ հասկանան, ինչի հետ գործ ունեն և Իրանը կարող է չսահմանափակվի միայն հայտարարություններով»,-ընդգծեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: