Լրահոս
Օրվա լրահոսը

Գրագողությանը նպաստում են դասախոսների՝ ոչ հստակ եւ անիրատեսական հանձնարարությունները

Մարտ 28,2022 18:05

ԹԻՀԿ-ը՝ համագործակցելով «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի հետ, հրապարակել է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտին առնչվող երկու հետազոտական զեկույց։ Դրանցից մեկը՝ «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում» զեկույցն է, մյուսը՝ «Ակադեմիական բարեվարքությունը Հայաստանի բուհերում» զեկույցը: Մասնավորապես երկրորդ հետազոտության առարկան ներառել է ակադեմիական բարեվարքության խախտումների չորս խումբ

1.խաբեություն և գրագողություն,

2.ուսումնական առաջադիմության սխալ գնահատում,

3.պրոֆեսորադասախոսական կազմի նշանակման և աշխատանքից ազատման որոշումների վրա անհարկի ներգործություն,

4.բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականացում:

Հետազոտության խնդիրներն էին՝ բացահայտել ուսանողների շրջանում բարեվարքության և բարեվարքության խախտման նկատմամբ վերաբերմունքի հիմնական դրսևորումները, բուհերում ակադեմիական բարեվարքության խախտման վերը նշված չորս խմբի խախտումների տարածվածության վերաբերյալ ուսանողների ընկալումը, ինչպես նաև վերհանել դրանց նպաստող գործոնները և վերլուծել դրանց շարժառիթները, գնահատել բուհերում բարեվարքության ապահովման գործում ուսանողների և ուսանողական կառույցների ներգրավվածության աստիճանն ու ազդեցությունը, ներկայացնել առաջարկություններ:

Զեկույցում գնահատումը հիմնված է եղել տվյալների հավաքման որակական և քանակական մեթոդների վրա` ներառելով ՀՀ տարբեր բուհերի (ինչպես երևանյան, այնպես էլ՝ մարզային) 383 ուսանողների շրջանում անցկացված անանուն հարցումներ, ՀՀ 4 տարբեր քաղաքներում ուսանողների մասնակցությամբ իրականացված ֆոկուս խմբային քննարկումներ:

Հետազոտության արդյունքում զեկույցի հեղինակները հանգել են հետևյալ եզրակացությունների՝ ուսանողների ընկալմամբ խաբեբայությանն ու գրագողությանը նպաստող գործոններն են դասախոսների կողմից տրվող ոչ հստակ, իսկ երբեմն՝ անիրատեսական հանձնարարությունները, ուսանողների շրջանում գրագողության դեմ պայքարի մոտիվացիայի պակասը կամ բացակայության, դիպլոմային/կուրսային եւ անհատական աշխատանքների պատվերներ ընդունող կազմակերպությունների առկայությունը, ինչպես նաեւ դասախոսների անհետևողականությունը:

Ինչ վերաբերվում է շարժառիթներին, դրանք են՝ անհրաժեշտ գրականության բացակայությունը կամ պակասը, ժամանակի սղությունը, թեմայի ոչ պատշաճ մատուցումը:

Ի թիվս այլնի, ուսանողների ընկալմամբ անարդարացի կամ սխալ գնահատմանը նպաստող գործոններն են սովորույթի ուժով գնահատումը, վերահսկողության ու հաշվետվողականության պակասը: Զեկույցում նշվում է, որ վերջինիս շարժառիթներն են՝ ֆավորիտիզմը և ուսանողների վարձավճարներից ունեցած կախվածությունը, այն, որ ուսանողների ընկալմամբ պրոֆեսորադասախոսական կազմի անդամների աշխատանքի նշանակման, աշխատանքից ազատման և մասնագիտական առաջխաղացման վերաբերյալ որոշումների կայացման վրա իրենք շոշափելի ազդեցություն չունեն։

Հետազոտության մասնակցած ուսանողներն առհասարակ դասախոսների աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման եւ ծառայողական առաջխաղացման կարգերի առկայության կամ բացակայության մասին տեղյակ չեն, ուսանողների ընկալմամբ բուհերի քաղաքականացվածությունը սույն հետազոտության շրջանակներում բարեվարքության խախտման չորս դրսևորումներից ամենաքիչ տարածվածն է։ Քաղաքականացմանը նպաստում են կուսակցականացված ուսանողական խորհուրդները, որոնք իներցիայով շարունակում են անել այն, ինչ անում էին 2018 թվականի քաղաքական իրադարձություններից առաջ։ Այդուհանդերձ, որոշակի կապ կա դասախոսի ծառայողական առաջխաղացման ու խրախուսման և վերջինիս քաղաքական հայացքների միջև։

Հավելենք, որ հետազոտության արդյունքում արված են առաջարկություններ ՀՀ բուհերին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031