Ա1+. Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները եւ նրանց ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը պարզել են՝ առնվազն երեք գործերով փորձաքննությունների արդյունքները կրկնվում են, երեք զինծառայողների մոտ բոլոր ներքին օրգանները քաշային եւ չափային տվյալներն ամբողջությամբ նույնն են․ «Ենթադրություն ունենք, որ փորձագետն առնվազն երեք գործերով պատճենահանման ձեւով, ընդամենը փոխել է փորձաքննության ենթակա զինծառայողի անուն ազգանունը, մնացած տվյալները թողել է նույնը եւ ներկայացրել է քննությանը»,- ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Խոսքը վերաբերում է զինծառայողներ Արսեն Մխիթարյանի, Անդրանիկ Մկրտչյանի եւ Վոլոդյա Գալոյանի գործերին։
Պարզվել է, որ զինծառայողներ Մխիթարյանի, Մկրտչյանի եւ Գալոյանի մոտ ենթամաշկային ճարպաշերտի հաստությունը, սրտապարկում հեղուկ քանակի չափը, սրտի աջ եւ ձախ փորոքները, աորտայի բացվածքը, դրա երկարությունը, ձախ թոքը, լյարդի եւ ենթաստամոքային գեղձը, քաշն ու չափը, աջ եւ ձախ երիկամներն ու քաշերը, փայծաղը բոլոր տվյալները նույնն են․
«Ընդ որում խոսքը վերաբերում է տարբեր մարդաչափական տվյալներով անձանց։ Մեկի հասակը 184 սմ, քաշը տարբեր էր, տարիքը տարբեր էր, մեկը 19 տարեկան է, մյուսը՝ 26 տարեկան։ Մեկը սպա էր, պայմանագրային զինծառայող, մեկը ժամկետային զինծառայող, բայց փորձաքննությամբ բոլոր տվյալները նույնն է»,- ասում է Արայիկ Պապիկյանը։
Կարդացեք նաև
Բացի այդ՝ ծնողները կասկածներ ունեն, որ նույն փորձագետն երեք զինծառայողների դեպքում մահվան պատճառը նկարագրել է նույն պատկերով։ Սա այն դեպքում, երբ վնասվածք հասցնելու գործիքը՝ զենքը, տարբեր է, նրանց դիրքը կամ գտնվելու վայրը նույնպես, վերքային խողովակը տարբեր է։ Մի դեպքում էլ խոսքը մեկից ավելի կրակոցի մասին է։
Փաստաբանը պատրաստվում է բողոք ներկայացնել նաեւ փորձագիտական կենտրոն, որտեղ կատարվել է փորձաքննությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: