Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն պահի պետք է սպասենք մարտական գործողությունների, պատերազմի»․ Սեյրան Օհանյան

Մարտ 28,2022 17:57

«Տարածաշրջանի հավաքական անվտանգության համակարգը բավականին լուրջ վիճակում է։ Ռազմաքաղաքական իրադրությունը եւ աշխարհաքաղաքական զարգացումները բարդ են․ լարվածության ցանկացած օջախ ազդելու է հավաքական անվտանգության, տարածաշրջանի տարբեր սահմանային կետերի, սահմանակից երկրների վրա, այդ թվում՝ ՀՀ-ի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի առաջխաղացման համատեքստում հնարավոր նոր սպառնալիքներին։

«Դրա համար ամեն պահի պետք է սպասենք մարտական գործողությունների, պատերազմի։ Եթե ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստվել պատերազմի, իսկ այդ ուղղությամբ այս իշխանության քայլերը չափազանց դանդաղ են։ Նորից շեշտեմ, որ ՀՀ զինված ուժերն ու Արցախ ՊԲ-ն լուրջ ճանապարհ են անցել եւ ամենաունակն են այսօր վերականգնվելու, արագ միջոցառումներ ձեռնարկելու եւ հանդիսանալու ժողովրդի անվտանգության երաշխիք։ Իսկ դրա համար պետք է հրամաններ ստանան, բարեփոխումների օրակարգ ունենան։ Սա գաղտնիքներ է պարունակում, բայց այն, որ Ադրբեջանը հայտնվել է Արցախի եւ ՀՀ սահմաններին, խոսում է այն մասին, որ իշխանությունը չի հաշվարկում անվտանգության ապահովման առաջնահերթությունները, եւ նրա բոլոր գործողություններն ադեկվատ չեն»,-համոզմունք հայտնեց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ հիմա Ադրբեջանից ցանկացած քայլ հնարավոր է եւ պետք է պատրաստ լինել․ «Մանավանդ, որ ճանապարհների ապաշրջափակման պահանջի ներքո անընդհատ կրկնում են «Զանգեզուրի միջանցք»։ Նրանք այդ ուղղությամբ արդեն ունեն պլացդարմներ, որ գործողություններ իրականացնեն։ Մեր պարտքն է փակել բոլոր այն ճանապարհները, որոնցով Ադրբեջանը կարող է սադրանքների գնալ»։

Պատգամավորը կարծում է, որ ուժային կառույցների հնարավորությունները պետք է օգտագործել ՀՀ սահմաններին, ոչ թե որոշ պաշտոնյաների աթոռները պահելու համար․ «ՀՀ իշխանությունը սեփական հայրենիքի զգացումը, տարածքային ամբողջականություն պահպանելու անհրաժեշտությունը չի գիտակցում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031