Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողների պնդմամբ` օրենքի դեղերի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթը լիարժեք չի գործում

Մարտ 28,2022 18:01

Մարտի 28-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում Հայաստանի Հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններն էին:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ներկայացնելով քննարկում կազմակերպելու նպատակը, նշել է, որ դեղերի շուկայում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

ՀՀ-ում դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրները` առանձնացնելով դեղերի զուգահեռ ներմուծման, չգրանցված դեղերի ներմուծման հետ կապված հարցերը:

Տնտեսվարողների տեղեկացմամբ` հունվարի 1-ից արգելվել է ՀՀ ներմուծել չգրանցված դեղորայք, որը, ըստ նրանց, կհանգեցնի դեղերի թանկացմանը: Նրանք առաջարկում են երկարաձգել չգրանցած դեղերի ներմուծման թույլտվությունը:

Նշենք, որ չգրանցված դեղերի ներմուծման որոշումը ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր 2020թ. հոկտեմբերի 3-ին` Արցախյան պատերազմով պայմանավորված ռազմական դրության ժամանակ: Այնուհետեւ COVID-ի պատճառով այն երկարացվել էր մինչեւ 2021թ. դեկտեմբերը:

Տնտեսվարողների համար խնդրահարույց է «Դեղերի մասին» օրենքում դեղերի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթը: Նրանց պնդմամբ` վերոնշյալ օրենքի դրույթը լիարժեք չի գործում: Ըստ նրանց` պատճառն այն է, որ ՀՀ-ում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներմուծվող եւ գրանցված դեղերի միմյանց 100 տոկոսով համապատասխանելը: Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաեւ այն դեպքում, երբ գրանցված եւ ներմուծվող դեղերի միջեւ առկա տարբերությունները չեն ազդում դրանց անվտանգության եւ արդյունավետության վրա:

Տնտեսվարողները, վերոնշյալ հարցերից բացի, բարձրաձայնել են մի շարք այլ խնդիրներ եւս, որոնց բախվում են:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը քննարկման մասնակիցներին հորդորել է առաջարկները գրավոր ներկայացնել եւ դրանք ուսումնասիրելու, հնարավոր լուծումները գտնելու պատրաստակամություն է հայտնել:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031