Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարագլխի տեղային սադրանքների մասով մտածել, որ քո փոխարեն դա պետք է անի ՌԴ-ն՝ խելամիտ չէ, ինչ-որ բան պետք է ինքնուրույն անել». Ալեքսանդր Իսկանդարյան

Մարտ 28,2022 17:50

Այսօր «Հոդված 3» ակումբը քննարկում էր կազմակերպել «Էսկալացիա Արցախում. Գազային տեռորից մինչեւ լոկալ մարտեր» թեմայով»: Ինչպես հայտնի է, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում եւ աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Հարցին՝ հայկական կողմը կոնկրետ քայլեր է ակնկալում ռուս խաղաղապահներից, կա տեսակետ, որ մի զանգով կարող դա անել՝ չի անում՝ ի՞նչ կարծիք ունեք այդ մասին՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ այդ տեսակետը, որ մի զանգով կարող է լուծվել հարցը, կա ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ Ադրբեջանում: Վրաստանում էլ մտածում էին՝ Պուտինը Օսեթիայի հարցով է սկսում իր աշխատանքային օրը ու մի զանգով կարող է հարց լուծել. «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մենակ Ադրբեջան չի, դա կապն է Թուրքիայի հետ: Էրդողանի խոսքերը, որ չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, կարեւոր են: Մենք շատ ենք այդ հարցը քննարկել՝ կարո՞ղ է ՌԴ-ն դա անել, չի կարող…Դժբախտաբար, ղարաբաղյան հարցը մի կոնկրետ խնդիր չի, Ռուսաստանի համար դա մի գյուղի, մի լեռան հարց չի: Համաձայն եմ, որ կա տեղեկատվական վակուում, որովհետեւ չի բացատրվում այս գործողությունների մասին մանրամասն: Նման հարցերի շուրջ պետք է խոսել: Իրավիճակն այնքան էլ պարզունակ չէ, որքան մարդկանց թվում է: Հո չե՞ն մտածում, որ ՌԴ-ն մազոխիստ է ու ուզում է խաղաղապահական առաքելությունը դադարեցնել»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն (լուսանկարում) էլ ասաց. «Բոլորին ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները այս իրավիճակում կռվել, մարտերի բռնվել չեն կարող, դա ադրբեջանական կողմն էլ է հասկանում: Հիմա ՌԴ-ն բավականին բարդ իրավիճակում է, Ադրբեջանն ու Թուրքիան իրեն պետք են ու կապը նրանց հետ կտրուկ խաթարելու համար հարց է՝ հանուն ինչի՞ դա անեն: Կոնկրետ որտեղ է անցնում սահմանը, քանի մետրի վրա, ում է պատկանում Քարագլուխը, տարբեր կերպ է ընկալվում Ռուսաստանի ու Հայաստանի, Արցախի համար: ՌԴ-ն անում է այն, ինչ կարող է անել, գործիքակազմը չի հերիքում: ՀՀ-ն փորձում է այդ բաղադրիչը ուժեղացնել՝ ՌԴ-ի ազդեցությունը Ադրբեջանի վրա: Կհաջողվի՞ իրավիճակը փոխել՝ ոչ, որովհետեւ դա ցույց է տալիս փորձը պատերազմից հետո: Հասկանալի է, որ ֆեյսբուքյան մակարդակով կարող են ասել ՝ՌԴ-ն մեծ կայսրություն է, կարող է հակամարտություններ կարգավորել միայնակ, բայց դա չի անի, ինքնաթիռներն ու հրթիռները այստեղ չեն թռչի, որովհետեւ դրանց հետ կապված այլ ծրագրեր կան՝ այլ մասշտաբայնության»:

Ըստ Իսկանդարյանի, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համաձայնագիր, պայմանագիր չէ, հետպատերազմյան իրավիճակի հետ կապված փաստաթուղթ է ու Ադրբեջանը փորձում է առավելագույնը ստանալ, ռուս խաղաղապահները խանգարում են: Իսկ թե ինչքանով են խանգարում, ադրբեջանցիները հենց դա են այս իրավիճակում ստուգում:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ ասաց, որ խոսքը բոլորովին էլ լոկալ տեղանքի մասին չէ, մարդիկ լքելու են իրենց տները ու հեռանան: Կողմերից մեկը պետք է գնա զիջումների: Հասկանալի է, որ Ադրբեջանը դա չի անի, իսկ Հայաստանի համար դա անվտանգության հարց է:

Իսկանդարյանն ասաց. «Մեծ կայսրությունները Աստծո պես են, օգնում են նրանց, ովքեր իրենք իրենց օգնում են: Ադրբեջանը դա անում է՝ իր նպատակներին հասնելու համար: Ադրբեջանի նպատակները պարզ են՝ ուզում է հայկական Լեռնային Ղարաբաղ գոյություն չունենա: Ադրբեջանը շտապում է, փորձում է իրավիճակն օգտագործել: Գազն անջատում են, որ բնակչությունը գնա ու իր առաջադրանքը էլ ավելի հեշտանա: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ խաղաղություն չի լինի՝ ոչ, չի նշանակում: Մենք տեսնում ենք, թե տարբեր հակամարտությունների ժամանակ ինչպես է փոխվում կողմերի դիրքորոշումը: Հարցն այն է, թե որ երկու երկրների շահերը կհամընկնեն: Այդպես չի լինում, որ երկու երկրների շահերը 100%-ով համընկնում են, բայց ներքին խաղացողը կարող է քո հետաքրքրությունների շրջանակով շարժվել: Ինչ-որ բան պետք է ինքնուրույն անել: Ադրբեջանը ստիպում է ՀՀ-ին ու Արցախին անել այն, ինչ նախկինում չէին ուզում անել ինքնուրույն: Ղարաբաղում փաստացիորեն ռազմական դրություն է: ՀՀ-ում հայտարարություններ են լինում, թե՝ ՌԴ-ի հետաքրքրությունների շրջանակներում է, թող ՌԴ-ն էլ կարգավորի: Ինչու Քարագլուխը հանկարծ Ադրբեջանի հետաքրքրության կենտրոնում հայտնվեց: Պատերազմից հետո մեկուկես տարի է անցել, հասկանում եմ, այս շրջանում պատերազմի արդյունքները փոխել հնարավոր չէր, բայց շատ բան կարելի էր անել թե՛ այդ տարածքում, թե՛ Ադրբեջանի հետ ՀՀ սահմաններում: Տեղային, լոկալ սադրանքների մասով մտածել, որ քո փոխարեն դա պետք է անի ՌԴ-ն՝ խելամիտ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031