«Ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ ձեւավորված չեն։ Խաղաղության գնալն առանց նախապայմանների, առանց իրադրության ճիշտ գնահատման՝ անընդունելի է հայկական կողմի համար, ՀՀ-ի եւ Արցախի իշխանության համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախում տեղի ունեցած առաջխաղացմանը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Եթե մեզ թվում էր, թե հակառակորդը հետ է մնալու Արցախի հայաթափումից, ապա այդպես չէ։ Ով գիտի թուրքին եւ ադրբեջանցուն՝ պետք է հասկանա, որ գոյություն ունի թուրք-ադրբեջանական խորամանկություն, որը չեն հասկանում ՀՀ եւ Արցախի իշխանությունները։ Դա անընդունելի է հատկապես Արցախի իշխանության պարագայում։ Ադրբեջանը փորձելու է ճնշումներով ռազմավարական կարեւոր դիրքերը զբաղեցնել, որպեսզի այդ հատվածներից Արցախի ժողովրդի վրա ճնշումները շարունակական դարձնի։ ՀՀ իշխանության քայլերն այս առնչությամբ անընդունելի են։ ՀՀ-ի, ՌԴ-ի միջեւ լուրջ համագործակցություն պետք է եղած լիներ, Արցախում էլ՝ ՊԲ եւ խաղաղապահ ստորաբաժանումների միջեւ։ Պետք է հստակեցված լինեին այս երկուսի խնդիրները եւ բոլոր բաց տեղերը, հատկապես՝ խաղաղ բնակչության գոյության վայրերում, սահմանային հատվածներում, Փառուխի, Խնապատի, Խրամորթի հատվածներում ճեղքերը փակվեին»,-շեշտեց նա։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ ՀՀ եւ Արցախի իշխանությունները մինչեւ հիմա չեն գիտակցել, թե անվտանգային միջավայրն ինչպիսին է եւ ինչ գործողություններ պետք է ձեռնարկել․ «Իրադրության պատասխանատուն իշխանությունն է, եւ բնակիչները պետք է պահանջեն արագ միջոցառումներ։ Առաջինն ազգային երաշխիքն է ՝ անվտանգության համակարգը, ուժային կառույցները։ Իսկ միջազգային երաշխիքները լայն ընդգրկվածության համակարգն է՝ հատկապես ՌԴ խաղաղապահ առաքելությունը»։
Նկատառմանն ի պատասխան, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սլաքներն ուղղեց խաղաղապահ առաքելությանը, Սեյրան Օհանյանն ասաց․ «Զարմանում եմ մեր իշխանության վրա, որոնք գոնե երկու փաստից եզրահանգում չեն արել եւ սեփական սխալից հետեւություն չեն արել։ Թուրք-ադրբեջանական խորամանկությունը մարտավարական հնարքներով մշտապես առաջ է տանելու իր շահերը, իսկ տուժողը լինելու են քաղաքացիները։ Ինչո՞ւ ժամանակին որոշումներ չեն ընդունել, ինչո՞ւ սահմանն ամբողջությամբ փակ չի, ինչո՞ւ սահմանամերձ բնակիչների անվտանգությունն ապահովված չի։ Բոլորն էլ կարող են այս ամենը «գցել» խաղաղապահների վրա։ ՀՀ իշխանությունն ամեն ինչ գցում է ուրիշի վրա, մենակ թե իրենք որեւէ բանով չզբաղվեն։ ՀՀ ՊՆ-ն եւ ՊԲ-ն ունեն բոլոր կարողություններն արագ որոշումներ ընդունելու եւ ուժերը համալրելու համար։ Կամ չեն պահանջում սա, կամ ՀՀ իշխանությունից հստակ հրամաններ չեն ստացել»։
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը փաստեց՝ ՀՀ-ն գործակցում է ՌԴ-ի հետ, բայց եւ ունի սեփական կարողությունները․ «Այն երկրները, որոնք իրենց ուժերով ի վիճակի չեն անվտանգություն ապահովել, ինքնիշխանության լուրջ խնդիրներ են ունենում։ Ինչ վերաբերում է խաղաղապահների թվաքանակի ավելացմանը, ապա մենք առաջարկել ենք, որ առաքելության ժամկետի ավարտից հետո ամրագրենք՝ եթե կողմերից մեկն ուզում է, որ մնան, ուրեմն պետք է մնան ու գործակցեն ուժային կառույցների հետ, որպեսզի ապահովվի Արցախի անվտանգությունը։ Հիմա պետք է լուրջ աշխատել ՌԴ ղեկավարության եւ ԶՈՒ ղեկավարների հետ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ