Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանություններն ամբողջապես ձեռքերը լվացել են Արցախից». Հայկ Մամիջանյան

Մարտ 28,2022 17:18

«Քանի որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն այնպիսին էր, որ բոլոր հայերի ուշադրությունն ուղղված էր Արցախի վրա, անհրաժեշտ էր շեղել ուշադրությունը և նոր թիրախ մտածել»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարություններին:

Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր՝ պետք էր կույր լինել՝ չտեսնելու համար այն ռիսկը, որ Ադրբեջանը կօգտվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից եւ Արցախում նոր սպանություններ ու տառապանքներ կիրականացնի։

Պատգամավորը հիշեցրեց՝ Զոհրաբ Մնացականյանը եղել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը և այսպիսի կարծիք հայտնեց. «Շուշիում ՄԱԿ-ի հետ կապված միջոցառման հետ կապված ավելի լավ կլիներ Զոհրաբ Մնացականյանը նամակներ գրեր իր նախկին գործընկերներին: Իր թվիթը ինձ խորապես մեկ է, ինչպես իր գոյությունը, քանի դեռ ինքը հրապարակայնորեն չի բացատրել, թե ոնց է Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի դիվանագիտական հաղթանակը խայտառակ կերպով վերացրել: Այդ մարդը մասնակցել է խայտառակությանը, որը կոչում են մյունխենյան սկզբունքներ, նա տարիներ շարունակ չի հիշատակել, որ սեղանին է Ռուսաստանի կողմից փուլային տարբերակը»:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Էդուարդ Աղաջանյանի հայտարարություններին՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Նա հայտարարեց, թե Փարուխը հայտնվել է ադրբեջանական զորքերի թիկունքում: Լավ է՝ չի ասել, որ ուղարկել էինք, որ թիկունքից դիվերսիա իրականացնեն: Ամեն ինչ անում են, որ քաղաքացիների ականջին ուշադրություն գրավող «կորցնել, գրավել» բառերը չօգտագործվեն: Տենց բան լսե՞լ էիք, որ գյուղը հայտնվի թիկունքում: Իհարկե, ես գիտեմ, որ նպատակը եղել է Քարագլուխը: Սա է իրենց էությունը՝ բառերի, ասուլիսի մակարդակում մի քանի օր ավել պոկել, մնալ իշխանության: Ակնկալել իրենցից ռեալ ու հասցեական գնահատական այն ուժերի նկատմամբ, որոնք կասկածի տակ են դնում Արցախի հայկականությունը՝ անհնար է»:

Արցախում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս՝ Հայկ Մամիջանյանը հիշեցրեց՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այս օրերին աշխատում է Արցախում ու ասաց. «Տիգրան Աբրահամյանի կողմից հրապարակվող նյութերի տրամաբանությունն այն է՝ մտածել, որ հարցի պատասխանը միայն Բաքվում է, սխալ է: Տևական ժամանակ ադրբեջանական զորամիավորումների, օպերատիվ կառավարման մի մասը հանձնված է թուրք զորքերին: Ակնկալել, որ միայն ՌԴ-Ադրբեջան երկխոսության արդյունքում հնարավոր կլինի հասնել արդյունքի, քաղաքական նաիվություն է: Իրական պատասխանները, գործընթացի վերջնարդյունքները նշմարելի կլինեն Մոսկվա-Անկարա բանակցությունների փուլից հետո, որն այդքան էլ հեռու չէ: Խորհուրդ եմ տալիս վերցնել հեռախոսը և զանգել Արցախում բարեկամներին, հարազատներին՝ կլսեք պատասխանը, որ ՀՀ իշխանություններն ամբողջապես ձեռքերը լվացել են Արցախից: Բոլոր հայտարարությունները, իբր ակտիվության ցույցերը ընդամենը թոզ փչելու համար են»:

Հայկ Մամիջանյանը նաև հայտնեց՝ թուրք-ադրբեջանական կապիտալի՝ ՀՀ մուտքին խոչընդոտող, կամ գոնե այդ մուտքը դանդաղեցնող նախագիծ են պատրաստում, որը կմտնի շրջանառության մեջ տասն օրվա ընթացքում:

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ այս ամենի ավարտը ԱԺ շենքում չէ. «Շարունակում եմ համարել, որ ԱԺ շենքում այս խայտառակությունը չի ավարտվի, այս խայտառակության ավարտը փողոցում է: ՏԻՄ ընտրությունները մինչև այսօր ցույց են տվել, որ որոշ դեպքերում ՏԻՄ ընտրությունների մակարդակում հնարավոր է ստանալ այդ փոփոխությունը, իհարկե, անմարդկային ճնշումների, ընտրվելուց հետո դատվելու գնով, բայց դա հնարավոր է: Ես համարում եմ, որ ընտրականը հերթական գործիք է, որը նույնպես պիտի օգտագործվի, բայց այն նաիվությունը չունեմ, որ երբևէ այս մարդիկ իրենց բաղձալի աթոռները բաց կթողնեն ընտրությունների արդյունքում»:

Վկայակոչելով անազատության մեջ գտնվող քաղաքապետերին՝ Հայկ Մամիջանյանը նկատեց՝ նրանք են իրական պայքար տանողները ու դիմելով միջազգային կառույցներին՝ ասաց. «Լավ կլինի, որ այն բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնք, երբ Վարդգես Գասպարիի ոտքը սայթաքում էր, և նա ընկնում էր գետնին, 4.5 ժամ ասուլիս էին անում, նայեն այս մարդկանց ու մտածեն՝ հետագայում, երբ արժանահավատ չլինեն Հայաստանում, դա ինչո՞վ է պայմանավորված՝ ՀՀ քաղաքացու մոտեցմա՞մբ, թե՞ որ կույր էին 44-օրյա պատերազմի ընթացքում և երբ այս մարդիկ ազատազրկվում էին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031