Քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Հայելի» ակումբում գնահատելով Արցախի Փառուխ գյուղի եւ Քարագլուխ կոչվող բարձունքի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ասաց. «Երեկ Ռուսաստանի ՊՆ ամփոփաթերթիկում գրված տեղեկությունը, թե ադրբեջանցիները հետ են քաշվել Փառուխ բնակավայրի տեղամասից, իրականում այդպես է եւ այս պահին գյուղում ռուս խաղաղապահներն են: Բայց էականն այն է, որ ադրբեջանցիների նպատակակետը ոչ այնքան Փառուխն էր, որքան Քարագլուխ սարը:
Ամենացավալին այն է, որ ռուս-ադրբեջանական այս խաղում մենք պետք է մեզ մոռանանք, որովհետեւ Հայաստանը քաղաքական առումով թուրքական ինքնություն կրող իշխանության քայլերի պատճառով ապասուբյեկտայնացվել է: Ու դա սկսվել է 2018 թվականի շարժումից:
Քարագլուխ բարձունքը մեծ մասամբ ադրբեջանցիների ձեռքում է: Հանրությանը ավելի մատչելի տեղեկացնելու համար ասեմ, որ խոսքը մոտավորապես 1100 հեկտարի մասին է՝ 11 քմ կիլոմետր: Եվ այստեղ լավ երեւում է, որ հեկտարները մեծ հաշվով բոլոր հեկտարամոլների համար էական չէին: Նրանց իրական խնդիրը միշտ նախկին իշխանությունների հանդեպ, որոնք Արեւմուտքի ընկալմամբ ազգային էին եւ պրոռուսական, նեգատիվ ստեղծելն էր»:
Բանախոսի կարծիքով՝ այսօրվա վարչակազմը իր ղեկավարով ի սկզբանե ապազգային են եղել. «Այն, որ իրենք 2019 թվականի հունվարից բանակցությունների ժամանակ ասում էին, որ չկա տարածք, կա անվտանգություն, փորձում էին ոչինչ չզիջել, փաստական առումով դա ճիշտ է, բայց չի նշանակում, որ իրենք ուզում էին պահել, իրոք համարում էին, որ Արցախը Հայաստան է: Պետք է ֆիքսենք, որ իրենք սկզբից էլ բացարձակապես ոչ մի ազգային նպատակ չեն ունեցել: Նրանք եկել էին իշխանության, երբ կար ինչ-որ վիճակի պետություն: Չունենալով ազգային նպատակ՝ իրենց իշխանության նպատակը նմանվել է կենդանական բնազդի՝ ուղղակի լինել, վերարտադրվել: Ու Արցախի հարցը եղել է լավ միջոց: Եթե իրենց նպատակն իրոք լիներ Արցախը պահելը, այս ձեւով չէին բանակցի: Սրանց ցանկությունը իշխանությունը պահելն էր, նախկինների արածը քանդելը»,-ասաց Էդգար Էլբակյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ