Լրահոս
Օրվա լրահոսը

 ««Հզորացի՛ր, հզորացրու՛»-ի մասնակիցները բազմաթիվ գաղափարներ են առաջադրել, որոնցից շատերն արդեն իսկ կյանքի են կոչվել»

Մարտ 28,2022 17:32

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Վաղարշապատ համայնքի երիտասարդների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ-ի համագործակցությամբ իրականացված «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագրի մասնակիցների հետ։

Հանդիպումը կայացել է «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագրի շրջանակում հիմնված երիտասարդական մշակութային կենտրոնում:

«Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագրի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հակիրճ հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների և ծրագրի արդյունքների վերաբերյալ։

«Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրն իրականություն է դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ «ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման նախագծեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագրում ներառված մարքեթինգի, վաճառքի, անձի բրենդավորման, սոցիալական ձեռնարկատիրության և հայ մշակույթի վերաբերյալ եռամսյա անվճար դասընթացներին մասնակցել է 16-30 տարեկան 27 երիտասարդ։ Արդյունքները ներկայացնելիս ծրագրի ղեկավարը հատկանշական է համարել այն փաստը, որ դասընթացների ընթացքում մասնակից երիտասարդները բազմաթիվ բիզնես-գաղափարներ են առաջադրել, որոնցից շատերն արդեն իսկ կյանքի են կոչվել և հաջողությամբ գործում են։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է, թե ներկաներից քանիսն են տեղյակ և հետևում ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրին, մասնավորապես՝ երիտասարդությանը վերաբերող միջոցառումներին, թե որքանով են իրազեկված տեղական և ազգային մակարդակում երիտասարդական հիմնախնդիրներից և դրանց լուծմանն ուղղված գործողություններից։

Խոսելով երիտասարդական պետական քաղաքականությունից՝ փոխնախարարը նշել է, որ այն առաջին հերթին միտված է յուրաքանչյուր երիտասարդի ներուժի բացահայտմանն ու իրացմանը, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացմանը, երիտասարդության ինքնահաստատման և ինքնադրսևորման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը և այլն։

«Կյանքում և աշխատանքային միջավայրում կայացած, մրցունակ, հաջողակ և երջանիկ երիտասարդը անտարբեր չի կարող լինել հանրային կյանքի տարատեսակ խնդիրների նկատմամբ և արդյունավետ մասնակցություն կունենա իր համայնքի, մարզի, ի վերջո, պետության զարգացման գործում՝ արժանավայել քաղաքացիական պատասխանատու վարք դրսևորելով և իր ուժերը ծառայեցնելով հանրությանը հուզող խնդիրների լուծմանը։ Միաժամանակ կոչ եմ անում բոլորիդ հետևողական և նախանձախնդիր լինելու մասնագիտական և անձնային աճի առումով, մասնակցելու համայնքային որոշումների կայացմանը, հանձնառու լինելու մեր երկրի բարեկեցիկ ապագայի կերտման հարցում և պարզապես լինելու այն երիտասարդը, որն ի վիճակի է ըստ անհրաժեշտության փոխել իր կյանքն ու իրեն շրջապատող աշխարհը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Այնուհետև փոխնախարարը և հանդիպմանը ներկա գտնվող՝ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանը ներկայացրել են երիտասարդության ոլորտում 2022 թվականի ընթացիկ և սպասվող միջոցառումները, ՀՀ կառավարության վերոնշյալ ծրագրով սահմանված նպատակների լուծմանն ուղղված դրամաշնորհային մրցույթները, միջազգային մրցույթների, արտերկրում ուսուցման մասին որոշ տեղեկություններ՝ հորդորելով ներկաներին լինել ակտիվ, իրազեկված և պահանջատեր։

Հանդիպման ընթացքում երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին և ստացել սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նախարարությունն ու ոլորտը համակարգող վարչությունը միշտ պատրաստ են արձագանքելու նմանօրինակ ձևաչափով հանդիպումներին՝ երիտասարդների հետ քննարկմամբ և նրանց իսկ ակտիվ մասնակցությամբ բարելավելու և առավել թիրախային ու նպատակային դարձնելու երիտասարդական պետական ծրագրերն ու միջոցառումները։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031