Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս խաղաղապահներն ընդդիմանում են հայկական կողմի՝ ռազմական դիրքերի ամրապնդմանը… ՌԴ-ի շահերից բխո՞ւմ է, որ Ղարաբաղում հայ չմնա». Տիգրան Գրիգորյան

Մարտ 28,2022 16:56

Այսօր «Հոդված 3» ակումբը քննարկում էր կազմակերպել «Էսկալացիա Արցախում. Գազային տեռորից մինչեւ լոկալ մարտեր» թեմայով»: Ինչպես հայտնի է, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում եւ աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն (լուսանկարում) ասաց, որ Ադրբեջանը փորձում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից օգտվել ու կատարել տակտիկական, նաեւ ռազմավարական առաջադրանքներ: Քարագլուխն ունի ռազմավարական նշանակություն ու եթե այն գրավում ես, վերահսկում ես հարակից տարածքները: Եթե այն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ասկերանի շրջանի շատ գյուղեր վտանգի տակ կլինեն ու կլինեն իրենց թիրախում: Ադրբեջանական կողմը նաեւ հարմար դիրքեր է ուզում գրավել՝ իր համար:

Ռազմավարական առաջադրանքն այն է, որ ամեն ինչ արվի, որ մարդիկ լքեն Արցախի տարածքը, բնակիչները լքեն իրենց տները. «Ադրբեջանը արդեն ուղիղ տեքստով է սպառնում բնակիչներին, որ լքեք այդ տարածքը, թե չէ վատ կլինի: Ես հասկանում եմ, որ Երեւանի հայտարարությունները եւ Ստեփանակերտի ավելի զգուշավոր հայտարարությունը կարող է որոշակի դժգոհություն առաջացնել Մոսկվայում, բայց այն իրավիճակը, որ կա Ղարաբաղում, չի կարող այսպես շարունակվել: Շատ մարդիկ, որոնք ապրում են Ղարաբաղում, կասկածի տակ են դնում այն անվտանգային երաշխիքները, որոնք տրվել են՝ Արցախի երկրորդ պատերազմից հետո: Իսկ Քարագլխի հետ կապված իրավիճակը անհասկանալի է, որովհետեւ ռուս խաղաղապահները բանակցում են, որ երկու կողմն էլ պետք է հետ քաշեն զինված ուժերը Փառուխի տարածքից, հայկական կողմը կատարում է պայմանավորվածությունը, իսկ ադրբեջանական կողմը օգտվում է պայմանավորվածության տված հնարավորությունից: Ստացվում է, որ 4 օր է՝ ռուս խաղաղապահները չեն կարողանում հասնել նրան, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր: Ավելին՝ երեկ պարադոքսալ հայտարարություններ եղան, թե Ադրբեջանի զինված ուժերը հետ են քաշվել, Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց դա, որն ավելի արժանահավատ է: Եթե այսպես էլ իրավիճակը շարունակվի ու Ադրբեջանն անի՝ ինչ ուզում է, իսկ խաղաղապահները նույնիսկ ընդդիմանում են հայկական կողմի՝ ռազմական դիրքերի ամրապնդմանը, այս իրավիճակում Ղարաբաղի բնակիչները աստիճանաբար կընդունեն, որ իմաստ չունի այդտեղ մնալ: Ես չգիտեմ՝ Ռուսաստանի շահերից բխո՞ւմ է, որ Ղարաբաղում հայ չմնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031