Aravot.am-ին են դիմել դպրոցների տնօրեններ` խնդրելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստանալ պարզաբանում տնօրենների վերապատրաստումների վերաբերյալ, նրանց մասնավորապես հետաքրքրում է, թե ե՞րբ է ԿԳՄՍ նախարարությունն ի վերջո կազմակերպելու վերապատրաստումը և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավատարմագրումը:
Տարիների փորձ ունեցող որոշ տնօրեններ լրջորեն անհանգստացած են, քանի որ իրենց աչքի առաջ 2021թ. շատերը, չհասցնելով մասնակցել ընդամենը մեկ անգամ տարվա ընթացքում կազմակերպված վերապատրաստմանը եւ չունենալով հավաստագրեր, չկարողացան իրենց թեկնածությունները դնել իրենց իսկ դպրոցներում՝ տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթներին, և իրենց պաշտոնավարման պայմանագրի լրանալուն պես` ազատվեցին աշխատանքից:
Տնօրենները, որոնց խնդրանքով, անուններ չենք նշում, պնդում են, որ նախարարությունը գործող տնօրեններին որևէ կերպ չէր իրազեկել, որ դա 2021 թվականի միակ եւ վերջին վերապատրաստումն էր:
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանից (լուսանկարում) հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունն առհասարակ կազմակերպելո՞ւ է վերապատրաստումներ, եթե այո, ապա ի՞նչ ժամկետների մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Տիկին Անդրեասյաննն ընդամենը փոխանցեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակվի հայտարարությունը, ապա հավելեց. «Մնացածը չեմ մեկնաբանում, սխալ են ներկայացնում իրավիճակը»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ