Կոնկրետ եւ հստակ ասեք՝ Դավթաշենում, ամբողջ վարչական շրջանում, որպեսզի ունենանք աղբի տեսակավորման համար աղբամաններ, ի՞նչ եք արել: Այսօր Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսպիսի հարց ուղղեց Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանին` գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Վարչության ղեկավարն ասաց, որ նոր աղբամանների ձեռքբերման համար Երեւան քաղաքի այս տարվա բյուջեում գումարներ նախատեսված չեն: Քաղաքապետը հարցրեց՝ այս հանձնարարականի վերաբերյալ գրե՞լ եք, որ գումար չկա:
Ի պատասխան, Գեւորգ Նազարյանն ասաց՝ նախատեսվում էր, որ դա կիրականացվի վտանգավոր թափոնների ծրագրով: Հրաչյա Սարգսյանն ընդհատեց՝ նշելով, որ այդ ծրագիրը մեկ տարուց շուտ չի լինի. «Վստահաբար ասում եմ, վտանգավոր թափոնների ծրագրով մեկ տարուց շուտ չի լինի կամ չի լինի»:
Բնապահպանության վարչության պետը հավաստիացրեց, որ հիմա հարցը տեսակավորման աղբարկղերի տեղադրման վայրերի ընտրության սկզբունքին է առնչվում. «Ներկայումս այն վայրերն այնպես է ընտրվում, որ լինի բնակչության առավել մեծ խտություն եւ առկա լինեն առեւտրային կետեր, որպեսզի հավաքագրվող թափոնների ծավալն առավելագույնս լինի»:
Կարդացեք նաև
Գեւորգ Նազարյանն ասաց, որ ներկայումս Դավթաշեն վարչական շրջանում կա 8 կետ եւ մինչեւ 30 կետ էլ հնարավոր է ավելացնել եւ այդ խնդիրը կլուծվի: Վարչության պետը նշեց, որ աղբի հավաքագրման 250 կետ կա վարչական շրջանում:
Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ այդ 250 կետում էլ կարո՞ղ են տեղադրել տեսակավորման աղբամանները: Գեւորգ Նազարյանն ասաց՝ կարելի է տեղադրել, բայց աղբի հավաքման արդյունավետությունը պետք է բարձր լինի այդ կետերում: Ըստ Գեւորգ Նազարյանի, արդյունավետությունը բնակչության տեսակավորման պատրաստակամությունն է:
Բնապահպանության վարչության պետի այս պարզաբանումներից հետո Հրաչյա Սարգսյանն արձագանքեց՝ «Եկեք անցնենք էլի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ