Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխատանքային օրենսգրքում նոր փոփոխություններ․ 1 շաբաթում աշխատողը չի կարող 8 ժամից ավելի արտաժամյա աշխատել

Մարտ 28,2022 15:52

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է ներկայացրել աշխատանքային օրենսգրքի լրամշակված նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում աշխատանքային հարաբերություններում։

Այս փոփոխություններով խնդիր է դրված գործող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։

Փոփոխություններով նախատեսվում է՜ պայմանագրով հստակ սահմանվի աշխատողի գործառույթները, որպեսզի հետագայում գործառույթները փոփոխվելու դեպքում, աշխատողը նախապես տեղեկանա, որ իր աշխատանքն ավելանալու է, դրան համաձայնություն տա, իսկ եթե համաձայն չէ, գործատուն այդ պարագայում կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Նա այլ մանրամասներ էլ ներկայացրեց։ Օրինակ՝ աշխատողին տրամադրվող ամենամյա արձակուրդի ժամկետների խախտումը կամ ընդհանրապես արձակուրդ չտրամադրելը պրակտիկայում հաճախ է հանդիպում։

«Կան իրավիճակներ, երբ աշխատողները տարիներով չեն օգտվում իրենց ամենամյա արձակուրդից, չնայած նրան, որ աշխատանքային օրենսգրքով կա հստակ կարգավորում՝ ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել առավելագույնը 18 ամիս, այն էլ՜ աշխատողի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ։ Սակայն իրականությունն այլ է։ Մենք առաջարկում ենք՝ այն պարագայում, երբ գործատուն 18 ամիս հետո կրկին շարունակի չտրամադրել ամենամյա արձակուրդը, ապա այս պարագայում կիրառվի տուգանք 0,15%-ի չափով՝ միջին ամսական աշխատավարձից հաշվարկ կատարելով»,-ասաց Սարգսյանը։

Նա հավելեց՝ նախագիծը պետք է համաչափության սկզբունքով դիտարկեն, ուստի իրավունքներ են նախատեսել նաեւ գործատուների համար։ Սարգսյանն ասաց, որ միշտ չէ, որ արձակուրդ չտրամադրելը հենց ուղիղ գործատուի մեղավորությունն է, շատ դեպքերում աշխատողը արձակուրդ գնալու համար դիմում չի գրում․ «Եվ որպեսզի այս խնդիրը չլինի, առաջարկում ենք՝ 18 ամիս շարունակ ամենամյա արձակուրդը տեղափոխելուց հետո եւս 1,5 տարի տեղափոխել այն, այսինքն, առավելագույնը 2,5 տարի է սահմանվում արձակուրդը տեղափոխելու ժամկետը։ Եթե աշխատողը այս ժամկետում էլ չի գրում դիմում, ապա գործատուն կարող է հրամանով ուղարկել արձակուրդ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նախագծով նախատեսվում է կարգավորել նաեւ արտաժամյա աշխատանքը։

Գործող օրենսդրությամբ հստակ նախատեսված է, թե որ դեպքերում կարելի է ներգրավել արտաժամյա աշխատանքի, եւ եթե աշխատողը ներգրավվում է արտաժամյա աշխատանքի, ապա պետք է հավելավճար ստանա։ Սարգսյանի ներկայացմամբ՝ նախագծով նախատեսվում է, որ, օրինակ՝ կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքը համարվում է չնորմավորված, եւ ուրեմն նրանք չեն դիտարկվելու որպես արտաժամյա աշխատանք կատարող․ «Գործատուն է սահմանելու, թե ովքեր են համարվում ղեկավար պաշտոն զբաղեցնողներ և, հետևաբար չնորմավորված ռեժիմով աշխատողներ կհամարվեն։ Սակայն նրանց համար էլ նախատեսվում է կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարել եւ սահմանել, որ նման աշխատողներին տրամադրվի լրացուցիչ արձակուրդ»։

Բացի այս, արտաժամյա աշխատանքում ներգրավելու պարագայում, ինչպես ասաց Ժորա Սարգսյանը, չի կարող աշխատողն իրար հաջորդող 2 օրվա ընթացքում 4 ժամից ավելի արտաժամյա աշխատել․ «Սա ենթադրում է, որ շաբաթվա ընթացքում աշխատողը կարող է ներգրավել արտաժամյա աշխատանքի ոչ ավել, քան 8 ժամ, որի պարագայում շաբաթական աշխատաժամերը պետք է կազմեն 48 ժամ»։

Իսկ համատեղությամբ աշխատանքի դեպքում, եթե աշխատողն ունի մեկից ավելի պայմանագիր, չի կարող աշխատել 12 ժամից ավելի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախագծով նախատեսվում է պատերազմում կամ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած աշխատողների համար էլ արտոնություն սահմանել․ եթե կազմակերպությունում առաջանա հաստիքների կրճատման խնդիր, ապա գործատուն նախապատվության իրավունք կունենա․ առաջարկվում է այս խմբի անձանց կամ այն աշխատողին, որի ընտանիքում կա զինծառայության ընթացքում առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձ, ապա նախապատվություն կտրվի նրանց աշխատատեղերը պահպանելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում

Մինչեւ 1,5 տարեկան երեխա ունեցող կամ կրծքով կերակրող մայրերի համար նախատեսվող փոփոխությունների մասին մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031