«Երբեք չեմ ընդունել, որ քաղբանտարկյալ եմ։ Ես քաղաքականության համար չեմ պայքարել։ Մենք պայքարել ենք հայրենիքի համար ու շարունակելու ենք պայքարել։ Հայրենիքը վեր է ամեն ինչից, բայց առաջինը ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք»,- Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 28-ին, դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ Առուշ Առուշանյանին արդարացրեց մեկ հոդվածով, մեկ այլ՝ ընտրական կեղծիքների հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Քանի որ 8 ամիս 12 օրը Առուշանյանը գտնվել է կալանքում՝վերջնական պատիժ սահմանվեց 6 ամիս 17 օր ազատազրկում։ Առուշ Առուշանյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվի, նա նաեւ չի կարող 5 տարի տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնել։
Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքական իշխանության ամբողջ նպատակը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատազրկելու եւ առհասարակ այս գործով նման արդյունքի հասնելը ընդամենը ուներ մեկ նպատակ՝ որ Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել իր համայնքը
«Ամբողջ նպատակը դա էր, բոլորը գիտեն, որ Առուշ Առուշանյանը անմեղ է, բոլորը գիտեն, որ Առուշանյանը երբեք իր սկզբունքներին դեմ չէր գնա եւ որեւէ տեսակի հանցանք չէր կատարել եւ այսօր բոլորը նիստերի դահլիճում համոզվեցին, որ այն ընտրական հանցագործությունները, որոնք Առուշանյանին մեղսագրվել էին՝ ապօրինի էին»,-ասաց Ալեքսանյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին եւ դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ