Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյանն ազատվեց դատարանի դահլիճից․ նա 5 տարի չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ

Մարտ 28,2022 14:34

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ընտրական խախտումների համար դատապարտվեց 6 ամիս 17 օր ազատազրկման, սակայն դատարանը որոշեց՝ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով փորձաշրջան։ Դատարանի որոշմամբ՝ Առուշանյանը 5 տարի չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Ինչ վերաբերում է Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին, նա դատարանի որոշմամբ արդարացվեց՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի հրապարակած դատավճիռը դահլիճն ընդունեց ծափահարություններով։

Մեղադրողը Առուշանյանի համար միջնորդել էր 9,5 տարի ազատազրկում, իսկ Լուսինե Ավետյանի համար՝ 5 տարի ազատազրկում, բայց պատիժը պայմանականորեն չկիրառել:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, ինչպես նաեւ երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու համար մեղադրանք էր առաջադրվել Առուշ Առուշանյանին։

Բացի այդ, նա, ըստ մեղադրանքի՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել եւ սոցիալապես անապահով վիճակում գտնվող անձանց դրամական աջակցություն տալով՝ հարկադրել էր քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։

Առուշ Առուշանյանը մեղադրվում էր նաեւ մեկ այլ գործով, որը միացվել էր այս վարույթին։ Ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը լինելով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել ծառայողական պարտականությունները։ Բացի սրանից, իրեն պատկանող «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ եւ առանց պայմանագրի ընդերքի օգտագործմամբ, որն էական վնաս է պատճառել Գորիս համայնքի եւ հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին եւ ընդերքում պարփակված օգտակար հանածոներին, առանձնապես խոշոր վնաս՝ անձանց եւ պետությանը: Առուշանյանը այս գործով արդարացվեց։

Այս գործով մյուս ամբաստանյալները՝ Էրիկ Աղաջանյանը, Հարութ Լալազարյանը՝ դատապարտվեցին 1-ական տարի ազատազրկման, պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանվեց փորձաշրջան, Սամվել Դինունցը արդարացվեց։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031