«Վերջին օրերին կապի մեջ եմ, նաեւ նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս, այդ թվում՝ ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Հադսոնին, նույն հանձնաժողովի զեկուցող Լաուրինաս Կաշիունասին, ինչպես նաեւ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ շվեդ պատգամավորներին՝ տեղեկացնելու Արցախում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտման եւ դրա արդյունքում առկա իրավիճակի, էթնիկ զտման հստակ գործողությունների եւ միջազգային հանրության միջամտության անհրաժեշտության մասին:
Նաեւ, շվեդ պատգամավոր Բյորն Սյոդերի հետ համագործակցությամբ եւ իր նախաձեռնությամբ նա օրեր առաջ հարց է ուղղել Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդին առ այն, թե ինչ է նախարարը պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի հայությանը գազամատակարարումից զրկելու եւ հումանիտար աղետի առջեւ կանգնեցնելու կապակցությամբ:
Անն Լինդը իր պատասխանում հայտնում է, որ Շվեդիայի դիրքորոշումը հստակ է այս հարցում. Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք մարդասիրական մուտքի ապահովում, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանում, քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանություն եւ բոլոր ռազմագերիների ազատ արձակում։ Նախարար Լինդը հավելել է, որ կառավարությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյան
Կարդացեք նաև