Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չեմ նայում այն կողմ, որտեղից երևում են մեր սարերը». Արցախից տեղահանվածները` Հայաստանի գյուղերում. JAMnews

Մարտ 28,2022 10:34

JAMnews. 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից՝ սեփական բնակավայրերից ու տներից հեռացան հազարավոր ընտանիքներ։ Պաշտոնական տվյալներով` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիների թիվը կազմել է շուրջ 21 հազար մարդ, 5 400 ընտանիք: Նրանց մեծ մասը բնակվում է Հայաստանի տարբեր մարզերում։

Կոստանյանների ընտանիքի ութ երեխաներից յոթը ծնվել են Քաշաթաղի շրջանի Հակ գյուղում։ Կրտսեր դուստրը՝ Լիլիթը, լույս աշխարհ է եկել Գորիսում։

«Հղի էի, երբ լքեցինք մեր տունը։ 2020 թվականի նոյեմբերի վերջին դուրս եկանք [ռազմական գործողություններն ավարտվեցին 2020 թ․ նոյեմբերի 10-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ փաստաթղթի, այս շրջանի բնակիչներին իրենց տները լքելու համար ժամանակ էր տրվում մինչև դեկտեմբերի 1-ը — JAMnews]։ Մի քանի օր անց, դեկտեմբերի 8-ին ծնվեց Լիլիթը։ Մեր նոր տան մեջ մի քանի ամիս հասցրինք ապրել, պետությունն էր տրամադրել, որպես բազմազավակ ընտանիք։ Ո՞վ իմանար այսպես կլիներ», — պատմում է  ընտանիքի մայրը՝ 30-ամյա Նարինե Կոստանյանը։

Երեխաները՝ մեծից փոքր հավաքվել են տան միակ սեղանի շուրջ ճաշելու։ Ավագը 14 տարեկան է, փոքրը՝ 1,2։ Սենյակի մի անկյունում փայտե վառարանն է՝ ծանրաբեռնված տաք կաթսաներով։ Մեծ, սակայն խիստ անհարմարավետ տանը բազմազավակ ընտանիքը մի կերպ է հարմարվել։ Նարինեն ասում է՝ կացարանի այլ տարբերակ չեն ունեցել։

Ընտանիքում կարոտով են հիշում իրենց գյուղը, կորցրած նորակառույց տունը, այգին։

Նարինեի ամուսինն ասում է, Հակից հասցրել են տեղափոխել անասուններին, հագուստեղենը և վառելիք՝ փայտ։ Հենց սկզբից որոշել են գալ Իշխանասար, որը գտնվում է Սյունիքի մարզում։ Իշխանասար գյուղի դեմ դիմաց վեր է խոյանում Իշխանասար լեռը, որի հակառակ կողմում էլ Քաշաթաղի շրջանի Հակ գյուղն է։

«Իշխանասարից մոտ ենք մեր գյուղին, մեր տանը։ Եթե տան հարցը լուծվի,  պետությունը կարողանա չորս պատ տրամադրել, հենց այս գյուղում էլ հիմնական կմնանք», — ասում է Վահան Կոստանյանը։

Իշխանասարի համայնքապետարանը ընտանիքին դեռ ժամականավոր կացարան է տրամադրել։ Պարբերաբար տարբեր կազմակերպություններ օգնություն են հատկացնում՝ սննդի, փայտի, հիգիենայի պարագաների, հագուստի տեսքով։

Իշխանասարում բացի Կոստանյաններից ևս չորս տեղահանված ընտանիք է ապաստանել․ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից, Մատաղիսից, Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղից, ընդհանուր առմամբ՝ 29 հոգի։

«Չեմ նայում այն կողմ, որտեղից երևում են մեր սարերը»

Ծիծեռնավանքից Խնածախ է տեղափոխվել նաև Արտավազդ Աբրահամյանը։

«Փոքր գյուղ էր, բայց ապրում էինք մի ընտանիքի նման, ուրախություն ու տխրություն կիսելով։ Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Ու այդ օրվանից բոլորիս կյանքը փոխվեց։ Սկզբում մտածեցինք Քառօրյա պատերազմի նման կանցնի կգնա, մինչև ամենավատ իրավիճակը ստեղծվեց։ Երբ  նոյեմբերի 9-ին այդ փաստաթուղթը ստորագրվեց [ռազմական գործողությունների ավարտի մասին], մենք բոլորս շվարած էինք։

Մի բան կասեմ, գյուղը միանգամից մեռավ, ապրում էինք, բայց մեռած էինք։ Մենք տեղափոխվեցինք այստեղ, բալիկս արդեն այստեղ ծնվեց։ Մեր գյուղացիներից շատերը հիմա Հայաստանի տարբեր մարզերում են գտնվում, ով որտեղ կարողացել է տեղավորվել է, բայց կապի մեջ ենք։ Վերջերս մերոնցից մեկի հարսանիքն էր, Հրազդանում էին անում, այստեղից հասել եմ այնտեղ՝ ջերմությունը մեզ կապում է դեռ իրար», — պատմում է Արտավազդը։

Խնածախում նա արդեն գտել է իրեն, մի քանի ամիս է  դպրոցի տնօրենն է։ Այստեղ սովորում է Քաշաթաղի տարբեր գյուղերից եկած ութ երեխա։

Խնածախից Ծիծեռնավանք ընդամենը հինգ կիլոմետր ճանապարհ է պետք անցնել։

«Գյուղի մի ճանապարհ կա, այդ հատվածով անցնում ենք, կարծես մի ծանր դար անցնի, որովհետև այդտեղից երևում են մեր գյուղի սարերը, նաև՝ ադրբեջանական դրոշները։ Մեզ համար այդ ճանապարհը մի անտանելի ծանր ճանապարհ է։ Ճիշտն ասած, ես չեմ նայում այդ կողմ ու չեմ էլ անցնում այդ հատվածով, ծանր է», — ասում է Արտավազդը։

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031