Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա վատ ուղերձ է միջազգային հանրությանը, որ այն երկիրը, որտեղ ընտրված պաշտոնյաներին ազատազրկում են, ժողովրդավար ճանապարհով չի գնում»

Մարտ 28,2022 13:30

Ստրասբուրգում մարտի 22-24-ն անցկացված Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 42-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների դիտարկման վերաբերյալ ԵԽ Կոնգրեսի տեղեկատվական զեկույցը: «Առավոտի» զրուցակիցն է զեկույցի հեղինակ Ստյուարտ Դիքսոնը:

-Պարոն Դիքսոն, որո՞նք են ՀՀ ՏԻՄ ոլորտում այն հիմնական խնդիրները, որոնց շտկման ուղղությամբ Հայաստանը պետք է աշխատի, որպեսզի բարելավի տեղական ինքնակառավարման համակարգը:

-Սա մեզ համար, անձամբ ինձ համար շատ կարեւոր զեկույց է: Ես Հայաստանում ՏԻՄ ընտրությունները դիտարկելու առիթով վերջին անգամ եղել եմ 2013-ին: Ցավոք, 2021-ին համաճարակի պատճառով հնարավորություն չունեցանք այցելել Հայաստան, բայց, այնուամենայնիվ, սերտորեն համագործակցեցինք անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համայնքների բնակիչների, լրագրողների հետ: Համայնքների խոշորացման գործընթացն իրականանում է շատ երկրներում, ակնկալվում են, որ համայնքների բյուջեներն աճելու են, ռեսուրսները՝ եւս, բայց այս տեսակի գործընթացները կարող են ցավոտ լինել ընտրված պաշտոնյաների համար: Համայնքների թիվը նվազեցնելով՝ շատ ընտրված պաշտոնյաներ գուցե կրկին ընտրվելու հնարավորություն չունենան: Մեր մյուս մտահոգությունն այն է, որ որոշ քաղաքական կուսակցություններ մենաշնորհ են դարձրել այսպես ասած գենդերային քվոտայի հնարավորությունները: Մինչդեռ գենդերային քվոտաները կենսական նշանակություն ունեն, որպեսզի ոչ միայն կանանց ձայնը լսելի լինի, այլեւ հավասար կերպով լինի լսելի: Մեր նպատակն է, որպեսզի ժողովրդավարական ճանապարհով ավելի շատ կանայք մասնակցեն ընտրությունների եւ ավելի շատ հնարավորություն ունենան ընտրվելու, ներկայացնելու իրենց համայնքների բնակիչների ձայնը:

-Հայաստանում կա գործող երեք կին համայնքի ղեկավար:

-Չեմ կարծում, որ դա բավարար է: Այդ պատճառով էլ հորդորում ենք, որ կանանց համար պետք է ստեղծվի հնարավորություն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: Կամ ստեղծվեն հնարավորություններ, որպեսզի նրանք անդամակցեն կուսակցություններին, կամ նրանց կարողությունների զարգացման համար հնարավորություն ստեղծվի: Դա նաեւ պետության պարտավորությունն է: Կանայք պետք է ՏԻՄ ոլոտում ներկայացված լինեն ժողովրդավարական սկզբունքների համաձայն, եւ դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է:

-Հայաստանում տեղի ունեցան վարչատարածքային եւ ընտրական համակարգի փոփոխություններ, սեղմ ժամկետների պատճառով որոշ թեկնածուներ եւ քաղաքական կուսակցություններ կոնսոլիդացիայի հնարավորություն չունեցան, ուստի չմասնակցեցին ընտրություններին: Չե՞ք կարծում, որ սա վնասում է երկրում տեղական ժողովրդավարությանը:

-Մեր զեկույցում քննադատություն կա նաեւ այս առումով: Մեր կարծիքով՝ մի կողմից, իհարկե, գովելի են ընտրական համակարգի բարեփոխումները, բայց մյուս կողմից, եթե այդ փոփոխություններն ընտրություններից բավարար ժամանակ առաջ չեն կատարվում, իրազեկման աշխատանքների հետ զուգահեռ, դա կարող է խնդիրներ առաջացել, նույնիսկ երբեմն պատճառ դառնալ, որ թեկնածուները չկարողանան մասնակցել ընտրություններին: Ուստի լավ մտադրությունը՝ բարելավել ընտրական համակարգը, կարող է հաճախ բացասաբար ազդել թեկնածուների՝ ՏԻՄ ընտրությունների մասնակցության վրա: Նաեւ մեզ համար մտահոգիչ էր Հայաստանի առումով այն, որ քվեաթերթիկները միանման չեն եղել, քվեարկության հետ կապված բավարար իրազեկման աշխատանք չի տարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

-ՀՀ-ում ՏԻՄ ոլորտի փոփոխությունների եւ ընտրությունների անցկացման միջեւ եղած սեղմ ժամկետները բացասաբար չե՞ն ազդել ընտրական գործընթացի վրա:

-Ժամկետներն իսկապես սեղմ են եղել: Այդ քննադատությունը մենք զեկույցում բարձրացրել ենք:

-Ինչպե՞ս կգնահատեք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ անկախ կամ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ տարատեսակ ճնշումները:

-Դա բավականին բարդ իրավիճակ է: Անընդունելի է, որ թեկնածուների համար ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, որ նրանք ուղղակի որոշում են չմասնակցել ընտրություններին: Օրինակ՝ խճճված ընտրական համակարգը, ճնշումները, սթրեսային իրավիճակները:

-ՀՀ-ում կան նախադեպեր, երբ ընտրված քաղաքապետերը գտնվում են անազատության մեջ առանց դատարանի որոշման: Չե՞ ք կարծում, որ սա մեկ այլ խնդրահարույց հարց է՝ կապված տեղական ժողովրդավարության հետ:

– Այդ երեւույթներն, իրոք, լրջորեն վնասում են տեղական ժողովրդավարությանը: Ցանկացած անձնավորություն ունի ընտրության մասնակցելու իրավունք: Իհարկե, հասկանում եմ, որ որոշ դեպքերում, երբ անձի նկատմամբ կոռուպցիայի եւ այլ հիմքով քրեական գործեր են հարուցվում, նրանք չեն կարողանում մասնակցել ընտրություններին: Բայց եթե անձն ընտրված պաշտոնյա է, պետք է ազատ լինի իրացնել իր մանդատը, քանի դեռ չի խախտել օրենքը: Իսկ այդ օրենքը պետք է անաչառ լինի, եւ ազատազրկման որոշումը հիմնավորված լինի դատարանի որոշմամբ: Իհարկե, առանց մանրամասներին ծանոթանալու չեմ կարող մեկնաբանել՝ արդյոք կոնկրետ անձը պե՞տք է ազատազրկվի, թե՝ ոչ: Բայց, որ ժողովրդավարական ճանապարհով տեղի ունեցած ընտրությունից հետո ընտրված պաշտոնյան առանց դատարանի որոշման կարող է ազատազրկվել եւ զրկվել իր պաշտոնական լիազորություններն ու պարտականությունները կատարելու իրավունքից, դա անընդունելի է: Ցավոք, Հայաստանը միակ երկիրը չէ, որ նման խնդիրներ ունի: Կոնգրեսը շատ անգամներ է առնչվել այս խնդիրներին եւ պաշտպանել այն ընտրված պաշտոնյաներին, որոնց նկատմամբ տեղի են ունենում անտրամաբանական, չհիմնավորված ապօրինություններ:

-ՀՀ-ում որոշ համայնքներում համայնքի ղեկավարի՝ անազատության մեջ գտնվելու պատճառով համայնքի աշխատանքը փաստացի կաթվածահար է եղել: Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը:

-Նման իրավիճակները, բնականաբար, զրկում են համայնքի բնակիչներին ծառայություններ ստանալու՝ իրենց իրավունքի իրացումից եւ թույլ չի տալիս քաղաքապետերին՝ իրենց գործն անել: Դա վատ ուղերձ է հղում միջազգային հանրությանը, որ այն երկիրը, որտեղ ընտրված պաշտոնյաներին ազատազրկում են, ժողովրդավար ճանապարհով չի գնում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031