Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ բոլոր հաստատություններում են գործում պաշտոնի անձնագրեր

Մարտ 28,2022 12:30

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, ինչպես նաեւ այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն օրեր առաջ արտահայտեց իր դիրքորոշումը օրենքի նախագծի վերաբերյալ, իսկ մարտի տասին այն ուղարկել էր արդեն նախարարություն: Նախագծի բովանդակությունից բխում էր, որ արգելվում է թե աշխատանքային պայմանագիր կամ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտ չլինելու պարագայում աշխատանքի կատարումը, թե այնպիսի աշխատանքի կատարումը, որը, չնայած պայմանագրի կամ անհատական իրավական ակտի առկայությանը, նախատեսված չէ կողմերի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով կամ անձին աշխատանքի ընդունելու վերաբերյալ անհատական իրավական ակտով:

Կազմակերպությունն ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որը ակնհայտ էր դարձել նախագծի ուսումնասիրությունից. «Ինչպես տեսնում ենք նախագծում, պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որեւէ պատժի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքով անձից պահանջվող եւ այդ պատժի գործադրման կամ գործադրման սպառնալիքի ներքո անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն:

Թեեւ նախագծի հիմնավորման համաձայն էապես կարեւորվում է «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ թիվ 29 կոնվենցիայի պահանջներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխանության հարցը, սակայն հարկադիր կամ պարտադիր աշխատանքի եզրույթի նման նեղ սահմանումը չի բխում նշյալ կոնվենցիայի պահանջներից եւ հակասում է հարկադիր աշխատանքի վերաբերյալ միջազգային ստանդարտներին»:

Իրավապաշտպան կազմակերպության դիտարկմամբ՝ ներկայիս նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» հասկացության շրջանակը բավականին նեղացվել է, ինչը հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը հաշվի առնելով, որ պրակտիկայում աշխատանքային պայմանագրերում կամ անհատական իրավական ակտերում հաճախ չեն սահմանվում այն բոլոր գործառույթները, որոնք պարտավոր է կատարել աշխատողը՝ պարզապես նշելով հաստիքը, որի համար անձը ընդունվում է աշխատանքի, բացի այդ, ոչ բոլոր հաստատություններում են գործում պաշտոնի անձնագրեր, որոնցում սահմանված կլինեն յուրաքանչյուր պաշտոնի, հաստիքի համար նախատեսվող գործառույթների շրջանակը:

Նման կարգավորումը հնարավորություն չի տալիս աշխատողներին եւ գործատուներին հստակ պատկերացում կազմելու, թե ի՞նչ է ենթադրում պարտադիր կամ հարկադիր աշխատանքը, իսկ աշխատողն ինքնուրույն չի կարողանա որակավորել իր աշխատանքը եւ զերծ մնալ թրաֆիքինգից կամ շահագործումից:

Իրավապաշտպան կազմակերպությունն առաջարկել է նախագծի 3.2. հոդվածի երկրորդ մասում նախատեսել, որ «արգելվում է նաեւ այնպիսի աշխատանքը, որը հակասում է աշխատանքային պայմանագրում կամ անհատական իրավական ակտում նշված պաշտոնին սովորաբար ներկայացվող պահանջներին եւ գործառույթներին, չի բխում սահմանված հաստիքի բնույթից, եթե նման աշխատանքը կամ հանձնարարությունը նախատեսված չէ պայմանագրում» (անհրաժեշտ նախապայմանների առկայության պարագայում):

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ
26.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031