Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուզաննայի եւ Արմենակի դիերը կողք կողքի էին…»

Մարտ 28,2022 12:00
dimak

Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը փակագծեր է բացում մեծերի կյանքից

Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի հերթական այցը «Առավոտ» օրաթերթի խմբագրություն անակնկալ չէր։ Արդեն ավարտվել են արվեստաբանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 21-րդ՝ «Սոս Սարգսյան» գրքի տպագրական աշխատանքները։ Մեզ անակնկալի բերեց պարոն Առաքելյանի «հայտարարությունը», թե այս անգամ բերել է հիշողությունների շարք. «Ուզում եմ պատմել մշակույթի այն մեծերի մասին, որոնց ճանաչել եմ, անմիջականորեն շփվել նրանց հետ։ Կարծում եմ հետաքրքիր կլինի ներկայացնել մեծանուն արվեստագետների ապրումները կյանքի մայրամուտին։ Ներկայացնելով իմ համեստ հուշերը, հավակնություն չունեմ նոր խոսք ավելացնել մշակույթի ոլորտում, բայց ականատեսի ամենաչնչին վկայությունն ավելի զորավոր է, քան որեւէ ծավալուն մենագրություն կամ ուսումնասիրություն»։

Սերգեյ Առաքելյանը իր պատմությունը սկսեց մեծանուն Վահրամ Փափազյանի մասին հուշերով. «Ինչպես գրախոսներն են վկայում, Փափազյանը կարծես հոյակապ արձան էր Միքելանջելոյի հանճարեղ ձեռքով կերտված. չափավոր հասակ, առնական մկանունքով, այնպիսի աչքեր ու դիմագիծ, որոնք կարող էին նկարչի նախանձը շարժել։ Շեքսպիր. ահա այն անսահման կտավը, որի վրա Փափազյանը սկսեց հյուսել անզուգական կերպարների շարք, որոնց թվում Օթելլոն հանդիսացավ գլուխգործոց, իբրեւ չգերազանցված մոնումենտ»։

Այս հակիրճ խոսքից հետո մեր զրուցակիցը, ինչպես եւ խոստացել էր, ներկայացրեց կյանքի մայրամուտին դերասանի ունեցած անհանգստությունները. «Բոլոր ժամանակների հանճարեղ արտիստը հիվանդ էր, գտնվում էր բժիշկների հսկողության տակ, բայց հակառակ նրանց կտրուկ արգելքներին, արտիստը խնդրում է Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունից, որպեսզի թույլ տան 1967թ. դեկտեմբերի 16-ին նշանակված Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ հանդես գա Մեք Գրեգորիի կերպարում՝ արդեն այդ դերի համար հաստատված ժողովրդական արտիստ Հովհաննես Ավագյանի փոխարեն։ Համաձայնությունը եղավ, բայց ներկայացումը չկայացավ՝ նրա վիճակի վատթարացման պատճառով… Բայց դեկտեմբերի 19-ին նա բեմ բարձրացավ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում՝ Կորրադոյի դերով՝ Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» ներկայացման մեջ։ Դա Փափազյանի վերջին խաղն էր։ Ժողովուրդը սիրում ու գնահատում էր արտիստին, ինչը չես ասի թատրոնի որոշ մարդկանց մասին։ Նրա հետ խոսելիս բոլորը ժպտում էին, լավ խոսքեր շռայլում, բայց արտիստը զգում էր, որ շատերը անկեղծ չէին։ Փափազյանը ծանր էր տանում այդ ամենը եւ խոստովանում, որ չգիտի, թե ով է իսկական բարեկամը, որին կարելի է վստահել, խոսել անհանգիստ պահերին ու հենվել նրան՝ չընկնելու համար»։ Դիտարկմանը՝ ստացվում է, որ դուք դերասանի եզակի բարեկամներից էիք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Աշխատանքի բերումով 1952-55թթ. բնակվում էի Բաթումում։ Այդ տարիների երանելի պահերն ինձ համար հեքիաթային 11 օրերն էին, երբ Թբիլիսիի հայկական թատրոնի հետ հյուրախաղերի եկած մեծ արտիստը ցանկություն հայտնեց ապրել ծովափին հարող իմ վարձակալած բնակարանում, ասելով, թե չի սիրում «օթելներում» ապրել։ Պատկերացնո՞ւմ եք, արեւելյան հեքիաթների հազար ու մի գիշերների թովչանքն ապրեց նվաստս՝ այդ օրերին ունկնդիրը լինելով դարի հանճարի հուշերին, որոնց կենտրոնում նրա ապրած կյանքի բոհեմն էր, իր երկրորդ «ես»-ի՝ Օթելլոյի հետ աշխարհի հռչակավոր թատրոններում ունեցած հաղթարշավը»։

Արվեստաբանը անդրադարձավ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանին. «Մշակույթի նախարարության պատվերով կազմում էի «Գոհար Գասպարյան» ալբոմ-ժողովածուն, որի ընթացքում, չգիտես ինչու, տագնապներ ունեի։ Դա էր պատճառը, որ միտքս ու ձեռքս շտապում էին՝ միմյանց հերթ չտալով։ Լինելով Գոհարի կենսագիրը, տագնապներիս մասին չէի խոսում նրա հետ պարզ պատճառով՝ հիվանդ էր, պառկած առանձնասենյակում։ Չգիտես ինչու, միտքս անվերջ ու անդադար կրկնում էր՝ շտապիր, շտապիր… 2007թ. մայիսի 11-ին ծանր լուրը հանկարծակի բերեց ինձ. երգչուհու դուստրը՝ Սեդան, զանգահարեց ու ասաց, որ առավոտյան Գոհարին տեղափոխել են հիվանդանոց։ Րոպեներ անց Ռուբեն Մաթեւոսյանի հետ արդեն այնտեղ էինք։ Բժիշկների հսկողությամբ պառկած էր մեր Գոհարը՝ անշարժ, անհաղորդ… չէր խոսում, չէր լսում, չէր ճանաչում։ Այդ վիճակը շարունակվեց եւս հինգ օր։ Իսկ մայիսի 16-ին հրաշք տեղի ունեցավ. Գոհարը շարժեց գլուխը, շրթունքների արտաբերումից հասկացանք, որ երգում է իր պաշտելի Կոմիտասի «Կռունկը»։ Երգեց եւ անշարժացավ։ Դա աշխարհահռչակ երգչուհու կարապի երգն էր։ Դուստրը հասցրեց հեռախոսով նկարել այդ պատմական պահը…»։

Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց նաեւ անվանի երգիչ, ժողովրդական արտիստ Արմենակ Տեր-Աբրահամյանի կյանքի վերջին օրերը. «Նշանավոր երգիչը խենթի պես սիրահարված էր Սունդուկյանի անվան թատրոնի նշանավոր դերասանուհի, գեղեցկուհի Ռուզաննա Վարդանյանին, բայց վերջինս անտեղյակ էր դրան։ Ընկերներին հանդիպելու պատրվակով երգիչը հաճախ էր լինում թատրոնում, որպեսզի մոտիկից վայելի, ինչպես ինքն էր ասում՝ «իր անհասանելի սերը»։ Մշտապես ներկա էր Ռուզաննայի մասնակցությամբ ներկայացումներին, բայց չէր համարձակվում մոտենալ նրան… Արմենակին տեղափոխեցին հիվանդանոց. սկսվել էր ոսկրախտ։

Հեռացրին մի ոտքը, վտանգի տակ էր մյուսը։ Այցելության եկած նրա մշտական նվագակցող, դաշնակահար Հովհաննես Փարաջանյանից տեղեկացել էր, որ դերասանուհի Սիրանույշի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին ելույթ է ունենալու Ռուզաննա Վարդանյանը։ Հանձնարարում է Հովհաննեսին, որպեսզի ծաղիկների շքեղ զամբյուղ պատվիրի իր անունից, նաեւ խնդրում բերել մի գեղեցիկ բացիկ, որի վրա գրում է երկա՜ր տարիների իր մեջ կուտակված ու հոգին մաշող սիրո մասին։ Փարաջանյանը կատարում է Արմենակի խնդրանքը։ Երեկոյի ժամանակ Ռուզաննան, որ մեծ ներշնչանքով ներկայացնում էր Ավետիք Իսահակյանի «Բինգյոլ» բանաստեղծությունը, հանկարծ բեմի վրա վատ զգաց, հավասարակշռությունը կորցրեց, անհասկանալի շարժումներ էր անում ու հենց բեմի վրա էլ հանկարծամահ եղավ։ Դա 1957թ. դեկտեմբերի 9-ին էր…»։


Դիտարկմանը՝ ստացվում է, որ Արմենակ Տեր-Աբրահամյանի կողմից ուղարկված զամբյուղն ու գրությունը դերասանուհուն այդպես էլ չհասավ, պարոն Առաքելյանը շարունակեց. «Այո, ճիշտ եք։ Աճեմյանն առաջարկեց ծաղկեզամբյուղը թողնել Ռուզաննայի հարդասենյակում։ Բայց դա դեռ պատմության վերջը չէ։ Դերասանուհու մահվան լուրն արագ տարածվեց քաղաքում։ Արմենակին խնամող բուժքույրերից մեկը ծանոթ չլինելով նրանց սիրո պատմությանը, դերասանուհու մահվան լուրը հայտնում է Արմենակին։ Այդ պահին երգիչը սարսափազդու ճիչ է արձակում ու անզգայանում։ Երկար չապրեց Արմենակը. օրեր անց՝ 1957թ. դեկտեմբերի 11-ին հիվանդանոցում նա կնքեց մահկանացուն։ Բայց սա էլ այս պատմության վերջը չէ։ Երբ Վարդան Աճեմյանի, Ռուզաննայի ամուսնու՝ ժողովրդական նկարիչ Խաչիկ Եսայանի հետ մտանք դիահերձարան, պարզապես քարացանք. Ռուզաննայի եւ Արմենակի դիերը կողք կողքի էին…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031