Հովիկ Աղազարյանը պատմում է Տեր-Պետրոսյանի իշխանության վրա ՀՅԴ-ի ճնշումների, բանակցային սխալների ու ԳԽ-ի ճակատագրական որոշման արդյունքների մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «հիշողության թարմացում» արեց ՔՊ-ականների համար ու ներկայացրեց, թե 1992-ին Շուշիի ազատագրումից հետո երկրում ինչպիսի իրավիճակ էր ու ինչպես ընդդիմության պարտադրանքով Գերագույն խորհրդում ընդունվեց որոշում Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին: Այն ժամանակ էլ ՀՀՇ-ն, ընդդիմությունը խառն էին, բայց իշխանությունն ընդառաջ գնաց ու համախմբվեցին եւ դա բերեց իր պտուղները, որը հաղթանակն էր:
«Առավոտը» ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին, որը ներկա է եղել ԳԽ-ում այդ որոշման ընդունման ժամանակ, հարցրեց՝ հիմա ի՞նչն է խնդիրը, որ այսօրվա իշխանությունը չի գնում նույն քայլին ու չի համախմբվում ընդդիմության հետ:
Նա պատասխանեց, որ Աղվան Վարդանյանը ժամանակագրական, նաեւ խոսքի մեջ որակական շփոթմունք ունի. «92-ի սկիզբն էր եւ Արցախում վիճակը շատ ծանր էր, դա Շուշիի ազատագրումից առաջ էր: Մարտերը գնում էին Ստեփանակերտի մատույցներում: Այդ ժամանակ Դաշնակցություն խմբակցությունը, որի անդամ էի նաեւ ես, ԳԽ-ում օրակարգային հարց բարձրացրեց, որ Հայաստանի խորհրդարանը ճանաչի Արցախի անկախությունը: Այսինքն, դա մոտավորապես նույնն էր, որ մենք պատերազմ հայտարարեինք Ադրբեջանին: Մեր հայրենակիցները գտնվում էին ֆիզիկական ոչնչացման տակ, պարտավոր էինք աջակցել: Հարցը քննարկվեց: Անհրաժեշտ էր 131 ձայն, բայց մենք հավաքեցինք 123 ձայն, չբավականացրեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը հելավ, ամբիոնից շնորհակալություն հայտնեց խորհրդարանին, որ չընդունեց դա՝ իր միտքը համեմելով հետեւյալ նախադասությամբ՝ «սա կլիներ ազգադավ, ազգակործան որոշում»: ՀՅԴ-ն այդ ժամանակ հանրահավաքներ էր անցկացնում, անհանգստացած էինք Արցախի վիճակով եւ այլն: Այդ ժամանակ ԱԺՄ-ի ներկայացուցիչները մոտիկացան մեզ՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որ եկեք փոխեք մի քիչ ձեւակերպումը, մենք միանանք ձեր առաջարկությանը: Իսկ ձեւակերպումը հետեւյալն էր՝ ՀՀ-ի համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված կլինի Ադրբեջանի կազմի մեջ:
Կարդացեք նաև
Այդ որոշումն ընդունվեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը վրդովված տեղից բարձրացավ (կարեւոր հարցերին ներկա էր լինում), դուռը նույնիսկ շրխկացնելով դուրս գնաց: Նույն օրը ռուսական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ ՀՀ ԳԽ-ն փաստորեն ճանաչեց ԼՂ անկախությունը, կադրային փոփոխություն տեղի ունեցավ, մեր ճնշումների տակ ՊՆ նախարար նշանակվեց Վազգեն Մանուկյանը եւ կարճ ժամանակ հետո ազատագրվեց Շուշին: Ոչ շատ տեւական ժամանակ հետո արձանագրվեց 94-ի եռակողմ զինադադարի պայմանագիրը: Այդտեղ պիտի շարունակվեր հաջողությունների գործընթաց, որը չարվեց, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ դրա դեմն առնել, ես չեմ դատապարտում նրան այդ հարցում, կարող է նաեւ ինքն էր ճիշտ: Մենք դրանից հետո, որ ասում էին՝ առաջին պատերազմը մենք հաղթել ենք եւ այլն, ես ասում էի, որ մենք չենք հաղթել պատերազմում, այդ պատերազմը չի էլ ավարտվել: Մենք հաղթել էինք ճակատամարտերը, Արցախի մեր հայրենակիցների մի հատվածը իր պաշտպանունակությունը բարձրացնելու համար անվտանգության գոտի էր ստեղծել՝ նաեւ մեր հայրենակիցների աջակցությամբ, բայց մենք ամեն ինչ անում էինք, որ դա չընկալվեր ու չդառնար հայ-ադրբեջանական կոնֆլիկտ: Երբ որ զինադադարը ստորագրվեց, եռակողմ էր, հետագայում կամաց-կամաց Արցախը դուրս եկավ բանակցային գործընթացից, որը մեր դիվանագիտական սխալներից էր ու ամբողջ աշխարհի համար կոնֆլիկտը դարձավ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, այսինքն՝ տարածքների անձեռնմխելիության խնդիրը առաջ մղվեց»:
Քանի որ այս հարցում հակասական կարծիքներ կան, Աղազարյանին հարցրեցինք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության արդյունքո՞ւմ Արցախը դուրս մնաց բանակցությունների սեղանից, թե՞ Ռոբերտ Քոչարյանի օրոք էր դա՝ նա պատասխանեց. «97 թվականից սկսած այդ բանը տեղի ունեցավ ու արդեն Քոչարյանը վարչապետ էր եւ ըստ էության իրենց օրոք էր: Այստեղ շատ կարեւոր նրբություն կա, որ հաշվի չենք առնում՝ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը 91-ին ընտրվեց, ինքը ուներ լեգիտիմության շատ բարձր աստիճան, ժողովուրդն իրեն միանշանակ ընդունում, հարգում եւ սիրում էր: Բայց 96-ին նա չհաղթեց ըստ էության Վազգեն Մանուկյանի հետ մրցապայքարում եւ չունենալով ժողովրդի աջակցությունը՝ ինքն էլ ընդունելով, որ նախագահ է նշանակվել ուժայինների պաշտպանությամբ, այն գաղափարները, որ ինքը ուներ, եթե այն ժամանակ կյանքի կոչվեր, մենք կունենայինք շատ ավելի շահեկան իրավիճակ, բայց ինքը ի վիճակի չեղավ դա կյանքի կոչելու: Նա չուներ ժողովրդի աջակցությունը եւ հրաժարական տվեց, որովհետեւ գիտեր՝ միայնակ կարող է մնար: Չիրականացվեց նրա ասածը: Հետագայում արդեն Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակ եւ Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ, այդ ընթացքում երբ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից, դա շատ բացասական անդրադարձավ: Իսկ երբ մենք եկանք իշխանության, մենք փորձեցինք եւ հիմա էլ շարունակում ենք այդ գիծը, որ Արցախը դառնա բանակցային սեղանի մասնակից: Կստացվի դա, թե չի հաջողվի, դա այլ խնդիր է: Ես մտածում եմ, որ մենք պետք է առաջ մղենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս իմաստով Աղվան Վարդանյանի արած դիտողությունը, որ մենք պետք է մեր հիշողությունը թարմացնենք, իհարկե, չենք էլ մոռացել, բոլոր դեպքերում, եթե նայենք, ֆորմալ տեսանկյունից ԳԽ-ի այդ որոշումը չի բեկանվել, այդուհանդերձ, գործընթացները այդ որոշման արդիականությունը մի քիչ հետին պլան են մղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ․ Գ․ Հարցազրույցի հրապարակումից հետո զանգահարեց պրն Աղազարյանը եւ ես ասաց․ «Սխալվել եմ ամիսների իմաստով։ Վազգեն Մանուկյանի նշանակումը և ԳԽ հայտնի որոշման ընդունումը տեղի է ունեցել Շուշիի ազատագրումից հետո»։
«Առավոտ» օրաթերթ
26.03.2022