Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անվտանգության ու նրա հետագա ճակատագրի հարցը մեծապես կախված է Երևանից․ «5165 շարժում»

Մարտ 27,2022 23:55

«5165 շարժման» անդամները մարտի 26-ին այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտում, Ասկերանում և Խրամորթում, տեղում ծանոթացել իրավիճակին։ Այցի նպատակն էր տեղում հասկանալ Ադրբեջանի զինուժի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժելու, հայկական զինուժի դիրքերն զբաղեցնելու և Քարագլուխ ռազմավարական բարձունքի մի մասին տիրելու հանգամանքները, ինչպես նաև քաջալերել ադրբեջանական հերթական ագրեսիայից տուժած մեր հայրենակիցներին։

Մեր խնդիրն էր, մասնավորապես, հասկանալ, թե որքանով է իրականությանը համապատասխանում հայկական մեդիադաշտում տարածված տեղեկությունն առ այն, որ հայկական և ադրբեջանական կողմերը ռուս խաղաղապահների հետ միասին ի սկզբանե ձեռք էին բերել պայմանավորվածություն դիրքերից հայելային ետ քաշվելու և դիրքերը ռուս խաղաղապահների կողմից զբաղեցնելու մասին, մինչդեռ ադրբեջանցիները, հերթական անգամ դիմելով նենգության, խաբել են ռուսական կողմին և, հայերի կողմից պայմանավորվածությունը կատարելուց հետո, զբաղեցրել են դիրքերը և ներխուժել Փառուխ գյուղ։

Մարտի 26-ին և 27-ին մեր հանդիպումների ու զրույցների ընթացքում տարբեր շրջանակների կողմից ներկայացվեցին ռացիոնալ ենթադրություններ, ըստ որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մերձակա դիրքերից հայկական զինուժի դուրսբերումը կատարվել է Արցախում մարտի 8-ից դադարեցված գազամատակարարումը վերագործարկելու դիմաց պայմանավորվածության արդյունքում, սակայն թե ո՞վ է այս գործարքի նախաձեռնող կողմը, ո՞ւմ միջև է տեղի ունեցել պայմանավորվածությունը, ռուսական կողմը ի սկզբանե՞ է մասնակցել պայմանավորվածության ձեռքբերմանը, թե՞ դրա ձեռքբերման կամ իրականացման որոշակի փուլում, հարցեր են, որոնց դեռ պետք է պատասխաններ տրվեն։ Դա շատ կարևոր է, քանի որ մեր ստացած տպավորություններով միանշանակ չէ, որ ռուսական կողմը հենց ի սկզբանե է մաս կազմել այս պայմանավորվածության։

Անկախ այս ամենից, առնվազն տարակուսելու տեղիք է տալիս հետևյալը․ եթե Արցախի գազամատակարարումը Ադրբեջանը այս անգամ օգտագործել է որպես գործիք՝ ամրանալու ռազմավարական նշանակության բարձունքի վրա, տիրանալու հայկական գյուղի, ապա ի՞նչ երաշխիք ունենք, որ թշնամին պարբերաբար չի գործադրելու այս կարգի լծակներ և հերթով չի գրավելու Արցախի բնակավայրերն ու բարձունքները։

Ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հայտնում ենք, որ Քարագլուխ բարձունքը, որտեղից անմիջաբար վերահսկվում են Ասկերանի շրջանի մի քանի գյուղեր, ինչպես նաև դեպի Ստեփանակերտ տանող ռազմավարական ճանապարհը, ադրբեջանական մասնակի հսկողության տակ է․ ցանկանում ենք ընդգծել, որ բարձունքը միայն թշնամու վերահսկողության տակ չէ․ այնտեղ տեղակայված են ինչպես ադրբեջանական ուժերը, այնպես էլ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։

Ցանկանում ենք շեշտել նաև, որ ի հեճուկս թշնամու սադրանքների ու ահաբեկման, արցախցիների մարտական ոգին բարձր է։ Շարժման անդամները զրուցել են Խրամորթ համայնքի ղեկավարի ու գյուղացիների հետ։ Խրամորթում, որտեղ հաստատվել են նաև Փառուխի տղամարդիկ, վճռական են տրամադրված թշնամու հետագա առաջխաղացումը կասեցնելու և նրան ելման դիրքեր շպրտելու հարցում։

Մեր տպավորությամբ 44-օրյա պատերազմի շոկն Արցախում այլևս հաղթահարված է և առկա է պայքարի վճռականություն։ Չնայած ռուս խաղաղապահների ներկայությունը անվտանգության զգացում է ստեղծում, այդուհանդերձ Արցախում հասկանում են, որ թշնամու դավադիր ներխուժումների ու սադրանքների դեմն առնելը հնարավոր է միայն հայ ազգաբնակչության համառ ու խրոխտ պայքարով։

Այս տեսանկյունից խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունից տարբեր մակարդակներով ու ձևերով Արցախին աջակցելը։ Արցախի մեր հայրենակիցներն առաջին հերթին մեր բարոյահոգեբանական աջակցության կարիքն ունեն։ Արցախ այցելելու, արցախցիների կողքին լինելու հանգամանքը մեծ նշանակություն ունի ժողովրդի ոգին բարձր պահելու առումով։ Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ Արցախ տանող ճանապարհն անվտանգ է։

«5165 շարժման» անդամների Արցախ այցը և բնակչության հետ շփումները ցույց են տալիս, որ Արցախի անվտանգության ու նրա հետագա ճակատագրի հարցը մեծապես կախված է Երևանից։

«5165 ՇԱՐԺՈՒՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031