Մարտի 27-ին ՀՀ Դատավորների միության անդամներն ուխտավորաբար այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Սուրբ Գայանե վանքում մասնակցելու Մեծ Պահքի Դատավորի կիրակիի Սուրբ Պատարագի արարողությանը:
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի:
Պարոն Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, նշեց, որ ՀՀ Դատավորների միության անդամներով համախումբ Դատավորի կիրակիին առաջին անգամն են ուխտավորաբար այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Միության նախագահը նաև հույս հատնեց, որ իրենց այս ուխտագնացությունը կդառնա գեղեցիկ ավանդույթ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին և, անդրադառնալով օրվա խորհրդին, նկատեց, որ դատավորի առաքելությունը պետք է ուղեկցվի Աստծո նկատմամբ երկյուղով և մարդկանց հանդեպ բարձր պատասխանատվությամբ: Այս առիթով Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ դատավորներն իրենց ծառայության համար ուղենիշ կդարձնեն ավետարանական այն ճշմարտությունը, թե օրենքն է մարդու համար և ոչ թե մարդը՝ օրենքի:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև դատավորների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ Դատավորների միության և Մայր Աթոռի հետագա գործակցության հեռանկարներին, Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերներին։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ