Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզենայի, որ մի 20 դրամ տային, գնայինք պիվա խմեինք». Վեդիի ընտրողի պահանջը՝ թեկնածուներից

Մարտ 27,2022 23:10

Ինչպես տեղեկացրել ենք, Վեդիում ՏԻՄ ընտրություններ են, որին մասնակցում է ՔՊ-ն՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ:

Թիվ 13/05 ընտրատեղամասի ընտրողներից մեկին՝ Սեյրան Սահակյանին հարցրեցինք՝ ընտրակաշառք բաժանվե՞լ է, կամ ճնշումներ եղե՞լ են, որ գնաք ու ընտրեք թեկնածուներից մեկի օգտին, պատասխանեց. «Նման բան չի եղել: Կուզենայի, որ մի 20 դրամ տային, գնայինք պիվա խմեինք: Բայց նման բան չենք լսել, չենք էլ տեսել»:

Նա ասաց, որ ունի իր նախընտրած թեկնածուն ու ընտրել է նրան, ով կարող է իրենց պահել. «Սոված-ծարավ ենք: Հլը ես թոշակ եմ ստանում, բա ուրիշը որ չի ստանում, ի՞նչ անի: Ես պապիրոս եմ ծխում, ամենաէժանը 450 դրամ է»:

Հարցին՝ հույս ունեք, որ ձեր նախընտրած թեկնածուն հենց ընտրվեց, ծխախոտը դառնալու է 200 դրա՞մ՝ նա պատասխանեց, որ ոչ, հույսն էլ կապում են միայն Աստծո հետ:

Ընդհանրապես գրեթե բոլոր ընտրատեղամասերի մոտ կուտակումներ էին ու մեքենաներ, ակտիվություն կար նաեւ տեղամասերի մոտ գտնվող խաչմերուկներում, որտեղից ուղղորդվում էին: ՔՊ շտաբի մոտ պետհամարանիշներով մեքենաներ էին կայանում:

13/03 ընտրատեղամասի մոտ ՔՊ աջակիցներից մեկը՝ Արտիկ Թովմասյանը մոտեցավ մեզ ու ներկայացավ արդարության համար պայքարող հասարակ քաղաքացի: Վեդիի նախկին փոխքաղաքապետ Ալբերտ Սարոյանը, որը «Իմ հզոր համայնք» կուսակցության վստահված անձն էր, կողքից նրան ուղղեց՝ «հասարակ քաղաքացի չես, վստահված անձ ես»:  Ըստ նրա, ընդդիմադիրները կուտակումներ են ստեղծում, որ մարդիկ հոգեբանորեն ճնշվեն. «Թող գնան իրենց տները: Կապ չունի շառավղով 50 մետր օրենքը, ընտրել եք՝ գնացեք ձեր տները, ախպեր: Կապ չունի ով է, ուզում է իմ հորեղբոր տղեն լինի, խի՞ ես կուտակվել այստեղ»:

Երբ մոտեցանք ընտրատեղամասից որոշակի հեռավորության վրա հավաքված տղաների, նրանք պատախանեցին. «Կասկածողները լավ գիտեն, ճանաչում են, մենք մեզ թույլ չենք տա երբեւէ ուղղորդենք: Մենք մեր պարտքը կատարեցինք, պռոստը ախպերներ կան, ընկերներ կան, որ չէինք տեսել, տեսանք: Առիթ է՝ սաղին տեսնելու, ընտրությունների հետ կապ չունենք»:

13/04 ընտրատեղամասի մոտ 3 տասնյակից ավելի մարդիկ էին հավաքված: Լրագրողի տեսնելուն պես նրանք աջուձախ էին փախչում:

Վեդիի բնակիչներից մեկը՝ Նարեկ Ալավերդյանը դժգոհեց, որ Արարատյան փողոցի վրա տեղակայված ՔՊ շտաբի մոտ հավաքվածների 80-90%-ը Վեդիի հետ կապ չունի. «Վեդիի բնակիչ չեն, անհասկանալիորեն հայտնվել են այդտեղ: Այստեղ պիտի ընտրի միայն Վեդիի բնակիչը եւ գյուղերի, բայց նրանք ընտրող չեն ու այստեղ են»: Թե ինչ խնդիր են լուծում դրանով՝ նա պատասխանեց. «Փորձում են ցույց տալ, իբրեւ իրենց են մարդիկ հավատում, մի կերպ պետք է բացատրվի այդքան մարդու ներկա գտնվելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031