Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հաջողության բանաձևը՝ բնությանը համահունչ, հավատարիմ գիտությանը

Մարտ 27,2022 23:30
Fizioterapevtik

«Բժիշկը բուժում է, բնությունը՝ ապաքինում»․ հիպոկրատյան այս կարևոր բանաձևի մասին շատ լավ գիտեն «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում», որի գործունեությանն էլ անդրադարձել ենք՝ զրուցելով ինստիտուտի տնօրեն Կարապետ Ավագյանի ու բուժական գծով փոխտնօրեն Արմինե Հովակիմյանի հետ։

– Ի՞նչ գործունեություն է իրականացնում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը։

Արմինե Հովակիմյան – Մինչ մեր գործունեության մասին պատմելը, կուզեի պատմական փոքրիկ անդրադարձ կատարել։ Ծնողներս, որոնք նույնպես բժիշկներ էին, ինձ հաճախ էին պատմում նվիրյալ գիտնականների  մասին և հատկապես մեծ սիրով էին հիշում ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանին, Ա. Ա Մելիք- Ադամյանին, Ա. Պ. Դեմյոխինին և շատ-շատ ազգի նվիրյալների, որոնք  իրենց խոշոր ներդրումն ունեցան  Հայաստանի Հանրապետության տարածքի անսպառ պաշարների բազմակողմանի  ուսումնասիրման և կուրորտաբանության բնագավառում իրենց գիտելիքների ծառայեցման գործում:

Մեր հաստատությունն արդեն 1930-ական թվականներին կազմակերպվեց որպես «Ֆիզիոթերապիայի ինստիտուտ», այնուհետև 1935-ից  վերակազմակերպվեց որպես «Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտ»: Եվ  շուրջ 90 և ավելի տարիներ, լինելով միակը իր նշանակությամբ  ՀՀ –ում, իրականացնում է   ուսումնա-գիտահետազոտական, բժշկական-վերականգնողական և գիտա-ներառական, ինչպես նաև գիտա-խորհրդատվական կարևորագույն գործառույթներ։

Կարապետ Ավագյան-Կարծում եմ, բավական է միայն նշել, որ հայաստանյան  բոլոր շշալցված բնական բուժիչ  հանքային և  սեղանի  բուժիչ հանքային ջրերի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների տրամադրման գործառույթը դրված է ինստիտուտի վրա:  Մեր կողմից է դասակարգվում նոր հորատված  և հեռանկարային  հանքային ջրերի արդյունահանված հումքը, տրվում է մարդու օրգանիզմի վրա նրանց ազդեցության  կլինիկական հիմնավորումը և ցուցվածությունը՝ իհարկե  ուսումնասիրելով դրանց բաղադրությունը, ֆիզիկաքիմիական կազմն ու կենսաբանորեն ակտիվ բաղադրիչների  քանակներն ու առանձնահատկությունները։ Եվ այսօր շշալցված ցանկացած ջուր, որն օգտագործում է մեր քաղաքացին, նախ ուսումնասիրվում է ինստիտուտի մասնագիտացված կենտրոնի  լաբորատորիաներում:

Կարապետ Ավագյան

2010 թվականին Ինստիտուտի գիտական  միտքը (20 տարվա կտրվածքով) ամփոփվեց  և հրատարակվեց  իր բնույթով եզակի գիտական  «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» ատլասում ՝ հիմնարար մի աշխատություն, որը հանգամանորեն ներկայացնում է Հայաստանի 11 մարզերի  բուժական բնական ռեսուրսները՝ կլիման, հանքային ջրերը,  պելոիդները ՝ տորֆերը , ցեխերը , կավերը և այլն։ Այն ֆունդամենտալ աշխատություն է՝ սպառիչ հավաքագիր Հայաստանի ողջ տարածքի կուրորտա-կլիմայական ռեսուրսների։ Ինստիտուտի բազմավաստակ երախտավորներից են երկրաբանական. գ. թ. Ջ. Հ. Ստեփանյանը, կ.գ.թ. Էմինյան Ռ. Ս․-ն և այլք։

Այս գործում մեծ ավանդ ուներ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» գիտական գծով փոխտնօրեն, ԵՊԲՀ սպորտային բժշկության և ռեաբիլիտացիայի ամբիոնի վարիչ,  երջանկահիշատակ պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը, ով հեղինակ է 200-ից ավելի գիտական աշխատանքների, բազմաթիվ գյուտերի, ուսումնամեթոդական ձեռնարկների։ Պրոֆեսոր Սեկոյանը «Հայաստանի կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» ատլասի պատասխանատու համախմբագիրն էր։

Իհարկե, մենք նաև ձեռնամուխ եղանք «Արցախի Հանրապետության  կլիման և բնական բուժ-առողջարարական ռեսուրսները» ատլասի գիտահետազոտական  աշխատանքները ավարտին հասցնելու գործին, բայց, ցավոք սրտի, այն կիսատ մնաց հայտնի պատճառներով:

—Այն, որ ինստիտուտը գիտահետազոտական, ուսումնական կարևոր գործառույթներ է իրականացնում, մենք կարող ենք համոզվել՝ ծանոթանալով Ձեր գիտական բազմաթիվ աշխատություններին, նաև խոսուն է այն փաստը, որ հենց այս ինստիտուտում է գտնվում Բժշկական համալսարանի Ֆիզիոթերապիայի ամբիոնը, իսկ ինչո՞վ է առանձնանում ինստիտուտը։

Արմինե Հովակիմյան -Մեր հաջողության գաղտնիքը հենց գիտահետազոտական և  բժշկական-վերականգնողական գործունեության փոխկապակցվածությունն է։ Օրինակ՝ վերջին պատերազմից հետո մեր մասնագիտական կենտրոնում ստացված էկոլոգիապես մաքուր տորֆը (պատենտավորված աշխատանք) և դրանից ստացված տարբեր  բուժական միջոցների՝ թուրմերի և քսուկների կիրառությունը նպաստեց  այրվածքներ և հրազենային վնասվածքներ ստացած  մեր զինվորների արագ ապաքինմանը և  վերականգնմանը։ 2000 թ․-ից լայն կիրառություն է ստացել ինստիտուտի կողմից պատենտավորված եզակի՝ իր բաղադրությամբ բուժման միջոց՝ կենսաըմպելիքը՝ պատրաստված հանքային ջրի և պրոբիոտիկների զուգակցմամբ, որը կարգավորում է մարսողական համակարգի գործունեությունը։ Մեր հիվանդները շատ հաճույքով են ընդունում այդ ըմպելիքը և նույնիսկ բուժումը ստանալուց հետո ցանկանում են այն ձեռք բերել։

Արմինե Հովակիմյան

Իհարկե, կան շատ ավելի լավ վերանորոգված, հրաշալի պայմաններով մասնավոր վերականգնողական  կենտրոններ, SPA- սրահներ, բայց մեր Ինստիտուտը, հավատարմ մնալով իր մոտ մեկդարյա գործունությանը, առաջին հերթին իրականացնում է մասնագիտական գործունեություն՝ ցուցաբերելով գիտահեն մոտեցում։ Միաժամանակ մենք շատ լավ հասկանում ենք, որ պիտի հավատարիմ լինենք բնության օրենքներին, չէ՞ որ ֆիզիոթերապիան հենց բնության պարգևն է մեզ համար։

Մեր բոլոր բժիշկները արհեստավարժ են, որոնք բազմիցս վերապատրաստվել են  ինչպես արտասահմանում, այնպես էլ ԵՊԲՀ-ում,  ակադեմիկապես Ա․Ավդալբեկյանի  անվան Առողջապահության ազգային ինստիտուտում, մասնակցել են միջազգային բազմաթիվ գիտաժողովների։  Իսկ 2003 թ․-ից  ինստիտուտում  3 տարի պարբերականությամբ անցկացվել  են միջազգային գիտաժողովներ, որոնցից վերջինը տեղի ունեցավ Արցախում՝ 3 տարի առաջ՝ մինչ կորոնավիրուսի համավարակը։

Ինստիտուտն ունի կոորդինացված  և թիմային աշխատաոճ։

-Վերականգնողական բուժումը, կարծես թե շատ լայն հասկացություն է, ովքե՞ր են ձեր պացիենտները , ինչպիսի՞ միջամտություններ է այն ենթադրում։

Արմինե Հովակիմյան –  Մեզ մոտ ռեաբիլիտացիոն- վերականգնողական  բուժում են ստանում տարբեր խնդիրներ՝ կաթվածից մինչև նյութափոխանակության խանգարումներ ունեցող, կոտրվածքներ, ամպուտացված կամ հետվիրահատական շրջանում գտնվող պացիենտները և այլն։

Մենք այստեղ իրականացնում ենք Ֆիզիոթերապիա, հիդրոկինեզիոթերապիա՝ բուժական ֆիզկուլտուրա, մերսում, ջրային պրոցեդուրաներ, ինչպիսին, օրինակ,  հակացելյուլիտային շարկո ցնցուղն է, որը և՛ հաճելի, և՛ արդյունավետ միջամտություն է օրգանիզմի նյութափոխանակության կարգավորման համար, կատարում ենք նաև ասեղնաբուժություն,  ցեխատորֆաբուժություն, պարաֆինաթերապիա, հիդրոկոլոնոթերապիա, անհրաժեշտության դեպքում  անցկացնում ենք նաև դեղորայքային բուժում ։ Ունենք նաև հետքովիդային վերականգնողական ծրագիր, որը մշակվել է  բժշկագիտության բնագավառում իր ուրույն վաստակը ունեցող, տնօրենի խորհրդական, բ.գ. թ.  Մկրտիչ  Գրաբսկին։ Ծրագիրը ներառում է օքսիգենոթերապիա, մանուալ թերապիա, շնչառական վարժություններ և այլն , ինչպես նաև հակաբակտերիալ բուժմանը զուգահեռ «Նարինե- Առողջություն» կենսախտանյութի (պատենտավորված աշխատանք) կիրառում աղեստամոքսային տրակտի միկրոֆլորայի կարգավորման նպատակով:

Կարապետ Ավագյան – Ես ուզում եմ շեշտել, որ վերականգնողական բուժումը շատ կարևոր է թե՛ առողջական, և թե՛ հոգեբանական տեսանկյունից։ Այն լիարժեք կյանքին վերադառնալու հնարավորություն է, որի դեպքում հաշմանդամությունը կարող է զուտ փաստաթղթային ձևակերպում դառնալ։

Վերականգնողական բուժումը շատ կարևոր է նաև դեմոգրաֆիական առումով, քանի որ հենց մեր բուժման շնորհիվ պատերազմի մասնակից մեր շատ երիտասարդներ ամուսնանալու, ընտանիք կազմելու հնարավորություն ստացան։

-Դուք հիշատակեցիք պատերազմի մասնակից մեր զինվորներին Ենթադրում եմ, որ վերջին տարիներին հենց նրանց հետ էր մեծածավալ աշխատանք տարվում․․․

Արմինե Հովակիմյան– Մեր մասնագետներն ունեին վիրավորների հետ աշխատելու մեծ փորձ ՝ ինչպես 1988 թ․-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, այնպես էլ Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից ինստիտուտն ընդունել է վնասվածքներով, հրազենային վիրավորում ստացած պացիենտների, որոնց հետ հսկայական աշխատանք է տարվել։ Այդ փորձը շատ օգտակար եղավ նաև վերջին տարիներին։

Մենք զինվորներին սկսեցինք ընդունել պատերազմի կեսերից, և առաջին իսկ երեք ամիսների ընթացքում ինստիտուտում ունեցել ենք 800 զինվոր։ Այդ օրերին մեր բժիշկների աշխատանքը պարզապես աննկարագրելի էր, նրանք ոչ միայն բժիշկ էին, այլև մայր, քույր, տատիկ, մորաքույր․․․Չնայած մեր անձնակազմի ընտանիքներում ևս կային մարդկային կորուստներ, սակայն մենք մեր մեջ ուժ գտանք՝ բուժելու մեր հերոս զինվորներին՝ անձնվիրաբար իրականացնելով մեր մասնագիտական պարտականություններ։

Այդ օրերին անգամ ամուսնություն ունեցանք, զինվորներից մեկն ամուսնացավ մեր բուժքույրերից մեկի հետ և այժմ ունեն գեղեցկուհի դուստր։ Հիմա էլ շարունակում ենք աշխատել զինվորների հետ։ 2021 թ․-ի ընթացքում 400-ից ավելի զինվորներ ենք ունեցել, որոնք մեզ մոտ ընդունվել են երկրորդ, երրորդ անգամ՝ իրենց վերականգնողական բուժումը շարունակելու նպատակով։

Գիտեք, ինչ նվեր է մեզ համար, երբ զինվորը մտնում է սենյակ, ու այնքան է կազդուրված լինում, որ մենք իրեն չենք ճանաչում, ու նա է հիշեցնում, թե ինչ վիճակում էր եկել՝ «տեսեք, ես առանց հենակների եմ․․․»․դա ամենամեծ պարգևն է բժշկի համար։

Կարապետ Ավագյան- Այո, իսկապես, ինչպես նշեց բժշկուհին, դա մեզ համար ամենակարևոր գնահատանքն է։ Տղաներից շատերը բուժման սկզբում գալիս էին սայլակով, իսկ արդեն բուժումից հետո վազում միջանցքով։

Նույն զգացողություններն են նաև կաթված ստացած պացիենտների դեպքում․ նրանք հիմնականում տարիքով ավելի մեծ են լինում, և մեծամասամբ գալիս են հարազատների օգնությամբ, բուժումից հետո՝ արդեն ինքնուրույն են տեղաշարժվում․․․

Ես ուզում եմ կարևորել, որ վերականգնողական բուժումն ավելի ճիշտ և նպատակահարմար է ստանալ բուժհաստատություններում, և խոսքը միայն մեր հաստատության մասին չէ։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ բժիշկներ են աշխատում, և  հնարավոր է բազմապրոֆիլ հետազոտություն, կան մասնագետներ, որոնք կարող են իրականացնել մինիմալ հետազոտություններն ու գնահատել հակացուցումները, ինչը չափազանց կարևոր է։

-Դուք կարեւորեցիք հետազոտությունները, արդյո՞ք ունեք համապատասխան պայմանները դրանք ձեր կենտրոնում անցկացնելու համար։

Կարապետ Ավագյան – Անցած տարվա ընթացքում մենք վերանորոգեցինք մեր կլինիկական և բիոքիմիական լաբորատորիան ՝ նաև վերազինելով այն ժամանակակից սարքավորումներով: Ռեաբիլիտացիայի և հիդրոկինեզիոթերապիայի բաժանմունքի  համար ձեռք բերեցինք նոր սարքավորումներ, կաթված ստացած պացիենտների ամբողջական բուժման կուրսի համար ձեռք բերեցինք անհրաժեշտ բոլոր պարագաները բուժման կուրսը լիարժեք իրականացնելու համար։ Մեր ախտորոշիչ կենտրոնում իրականացվում է ռենտգեն, ՈՒՁՀ, դյուպլեքս և այլ  հետազոտություններ, որը հնարավորություն է տալիս ճշտել ախտորոշումը ինչպես նաև հակացուցումները   Այդ ամենի շնորհիվ մենք կարողանում ենք ավելի լայն հետազոտություններ կատարել և գտնել հակացուցումները, իսկ պացիենտները խնայում են թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ։

Նշեմ, որ անցած տարվա ընթացքում մենք ամբողջությամբ հիմնանորոգեցինք ջրագծերը, որոնք 1976 թ․-ից ի վեր չէին փոխվել, ներդրեցինք ջեռուցման համակարգ։ Իհարկե, մեր հարգանքի խոսքը պետք է ուղղել նաև մեր սփյուռքի մի շարք բարերարներին, որոնք օգնեցին այդ վերանորոգման աշխատանքներին:

-Իսկ ո՞րն եք համարում ձեր հիմնական խնդիրը։

Կարապետ Ավագյան – Մեր հիմնական խնդիրը շենքային պայմանների բարելավումն է, թեև նախորդ տարի մենք 15-16 հիվանդասենյակ  վերանորոգեցինք, բայց ընդհանուր ունենք շուրջ 160 հիվանդասենյակ, որոնք վերանորոգման կարիք ունեն։ Իհարկե, անգամ չնայած շենքային ոչ բարվոք պայմաններին, բազմաթիվ պացիենտներ են նախընտրում իրենց բուժումը մեզ մոտ ստանալ, քանի որ մեր կենտրոնը Հայաստանում առաջատար մասնագիտական կենտրոններից մեկն է։

Ուզում եմ նաև կարևորել, որ ինստիտուտի հիվանդանոցային-մահճակալային ֆոնդն ամենամեծն է Հայաստանում, և վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է այդպիսի ֆոնդի՝ գործուն վիճակում գտնվելը։

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերությունը պետական է, բայց գտնվում է մասնավորեցման ցանկում, և եթե այն լիներ առողջապահության նախարարության հովանու ներքո, զարգացման ու ներդրումների ավելի լայն հնարավորություններ կունենար։ Կարծում եմ՝ ավելորդ է նշել, թե ինչպիսի կարևոր նշանակություն ունի այսպիսի գիտագործնական զարգացած կենտրոնը ցանկացած երկրի համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031