«Մարդ կա՝ տերտեր է սիրում, մարդ կա՝ տերտերի կնկան»,- Վեդիի ՏԻՄ ընտրություններն այսպես մեկնաբանեց ՔՊ համակիրներից մեկը՝ Ալիկ Սաֆարյանը, որը Վեդիի երաժշտական դպրոցի ուսուցիչներից է ու ինչպես հետո պարզվեց՝ ՔՊ աջակիցներից:
Նա վստահեցրեց, որ նախկինի պես լցոնումներ, կոպիտ ընտրախախտումներ, «ռազբորկաներ» չեն եղել Վեդիում. «Միսն առանց ոսկոր չի լինում, այդպիսի մարդիկ էլ կան, բայց՝ շատ քիչ, տոկոս չի կազմում»:
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ Ալիկ Սաֆարյանը պատասխանեց, որ ինքը անձամբ իր ընտրյալը ունի ու աջակցում է նրան: Թե ինչպե՞ս է թեկնածուն դարձել իր ընտրյալը, ծրագրե՞րն է հավանել, զուտ «սիմպատիայով» առաջնորդվել՝ նա պատասխանեց. «Օրինակ, նախկին կառավարությանը ես չեմ կարող ընդունել, որովհետեւ չեն ուտվում, գնացքը գնացել է ու կառչել, կողքի ծառերից բռնվել՝ գնացքը կանգնեցնելու համար չի ստացվի: Դեմոկրատիան պիտի հաղթանակի»:
Հարցրեցինք՝ ի՞նչ նկատի ունեք՝ ժողովրդավարության հաղթանակ ասելով՝ նա պատասխանեց, որ ժողովրդավարությունը մտել է Վեդի՝ ընտրությունների տեսքով. «Նախ, ընտրություններից հետո այս թեւն ու այն թեւը իրար թշնամաբար չեն վերաբերվում, իսկ այն ժամանակ իրոնիա կար: Այստեղ դեմոկրատիան կրվում էր, նրանք ասում էին՝ ա՛հ: Բայց հիմա չկա դա, որովհետեւ բոլորն էլ հասկացել են՝ վերջիվերջո չարը պիտի տապալվի»:
Կարդացեք նաև
Երբ նրան հարցրեցինք՝ այստեղ համայնքապետ եք ընտրում, Արցախում վիճակը լուրջ է, բայրաքթարներ են նորից կիրառում, ի՞նչ եք մտածում այս խնդրի մասին՝ նա պատասխանեց. «Հասկացանք, այնտեղ կյանքեր են կոտորվում, բան չունենք ասելու, բայց հասկանում եք, когда лес рубят, щепки летят, այդպես էլ պիտի լինի, իհարկե, դա դժբախտություն է, շատ մեծ, բայց այդ դժբախտությունը մերը չի: Դա մենք չենք ստեղծել, մեզնից առաջ են ստեղծել: Մի հատ կինո կար՝ «Операция ы», այնտեղ մի տեղ կար, որ մտնում են պահեստը գողանալու, տեսնում են՝ ամեն ինչ տարել են՝ նախքան մեզ, ինչի՞ են մեզ՝ ժողովրդավարներին մեղադրում: Ինչ արել են՝ իրենք են արել»:
Դիտարկմանը, որ նախկիններն էլ ասում են՝ մեր օրոք հաղթանակներ են եղել, պարտությունների շղթան հիմա է սկսվել՝ Սաֆարյանն արձագանքեց. «Հասկացանք, ցավալի է, շատ ցավալի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ