Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին Aravot.am-ին Հայտնեց Մանուչարյանի փաստաբան Արման Թամրազյանը։
Մարտի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում տեղի ունեցավ Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով հերթական նիստը։ Մանուչարյանը 2021թ․ նոյեմբերի 9-ից գտնվում է կալանքի տակ։ Նախորդ դատական նիստին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, մերժել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը։
Բերդ խոշորացված համայնքի վարչական ղեկավարները դիմում-միջնորդություն էին ներկայացրել, որով նրանք պատրաստակամություն էին հայտնել Մանուչարյանի խափանման միջոցի փոփոխման դեպքում անձնական երաշխավորություն ներկայացնել։ Համայնքապետին այս անգամ առաջադրվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։
Մանուչարյանի պաշտպանները, նկատի ունենալով, որ մարտի 4-ին Հ․ Մանուչարյանն անձնական վիրավորանք է հասցրել դատավոր Սամվել Մարդանյանին, ուստի նա չի կարող օբյեկտիվ, անաչառ վարել Հ․ Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով դատավարությունը, մարտի 24-ի նիստում միջնորդություն են ներկայացրել դատավոր Ս․ Մարդանյանին ինքնաբացարկ հայտնելու։ Այդ միջնորդության վերաբերյալ դատավոր Մարդանյանի որոշումը հրապարակվել է մարտի 25-ին, դատավորը մերժել է այն։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ