Վեդիում ՏԻՄ ընտրություններ են, որին մասնակցում է ՔՊ-ն՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ:
Թիվ 13/04 ընտրատեղամասի մոտ կուտակումներ կային, մոտ 3 տասնյակ քաղաքացիներ խմբերով հավաքված էին, փորձեցինք ճշտել՝ արդեն մասնակցե՞լ են ընտրությանը, եթե այո, ապա ի՞նչ են անում ընտրատեղամասի մոտ:
Նրանցից մեկը պատասխանեց, որ «մայրիկիս եմ սպասում, մեռնեմ քեզ», քիչ հեռու կանգնած մի խումբ երիտասարդներ այսպես պարզաբանեցին. «Մեր շենքի հայաթն ա, ընտրությունների հետ կապ չունի: Մեր բակն է, կանգնած ենք»:
Կարդացեք նաև
Նույն ընտրատեղամասին մոտ մի խումբ տղամարդիկ հարցին, թե ի՞նչ են անում ընտրատեղամասի մոտ, կուտակումներ են ստեղծում՝ պատասխանեցին. «Սա կուտակում չի, սա մեր խորհուրդն է»: Ավելին, դեռ մեկն էլ մուննաթ եկավ, թե՝ «սա իմ տունն է, ո՞ւմ հայաթն ես եկել կանգնել դու, ի՛մ հայաթն ես եկել կանգնել, էսի մեր կվարտիրեն ա»:
Կուտակված տղամարդկանցից մեկը դժգոհեց, թե՝ «Ասում են՝ հո թաղում չի՞, որ հավաքվել եք, հիմա տղերքով հազիվ մի անգամ իրար տեսել ենք, չհավաքվե՞նք»:
Նրանցից մեկն էլ ասաց, որ հավաքվել են՝ որոշեն, թե ում ընտրեն. «Մեծ մարդ ենք՝ 70 տարեկան, ո՞նց որոշենք էդքան շուտ: Խորհուրդ պիտի տանք մեկս մյուսի, որ տենանք ոնց է լինում»:
Զարմացանք՝ հիմա ընտրատեղամասի մոտ հավաքվել եք, նո՞ր որոշեք, քարոզարշավը եղել, ավարտվել է՝ նրանցից մեկը սրբագրեց ընկերոջ խոսքերը. «Ամեն մարդ գիտի ում է ընտրելու»:
Ի դեպ, ընտրատեղամասերի մոտ շատ մեծ քանակի ոստիկաններ էին,, ժամանակ առ ժամանակ տեղամասեր էին մտնում մի խումբ կարմիրբերետավորներ: Մի տեղամասում ոստիկանների թիվը մեկ տասնյակից ավելի էր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ