Ստրասբուրգում մարտի 22-24-ն անցկացված Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 42-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսը քննարկեց ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր և անկախ թեկնածուների նկատմամբ իրականացվող ճնշումներին վերաբերող հարցեր:
Կոնգրեսի օրակարգում ներառված էր Սլովենիան ներկայացնող պատվիրակ Վլադիմիր Պրեբիլիկի զեկույցը, որում Կոնգրեսը կոչ է անում ազգային իշխանություններին պայմաններ ստեղծել տեղական և տարածքային ընտրությունների ժամանակ անկախ թեկնածուների առաջադրման համար:
Aravot.am-ը զեկույցի հեղինակ Վլադիմիր Պրեբիլիկից հետաքրքրվեց՝ ընդհանուր զարգացումներն անկախ, ընդդիմադիր թեկնածուների առաջադրումների հետ կապված վատատեսակա՞ն են, ա՞յդ է պատճառը, որ այսպիսի զեկույցի անհրաժեշտություն է առաջացել, նա պատասխանեց. «Այս խնդիրը տարիներ շարունակ ԵԽ Կոնգրեսի սեղանին են եղել, քանի որ, ցավոք, որոշ անդամ երկրներում շարունակվում են սահմանափակումներն անկախ թեկնածուների՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության հետ կապված: Այդպիսի պետություններից են Հյուսիսային Մակեդոնիան, Ուկրաինան, Ռուսաստանը: Սա մեզ համար իրոք խնդրահարույց հարց է, որովհետև ժողովրդավարության հիմքն այն է, որ յուրաքանչյուր անձ, որն ունի իրավունք ընտրելու, նաև ունենա իրավունք մասնակցել ընտրություններին: Ու եթե այդ իրավունքը սահմանափակվում է, սա լուրջ խնդիր է: Սա է պատճառը, որ մենք որոշեցինք նման զեկույց պատրաստել և հորդորել պետություններին վերանայել իրենց օրենսդրությունն այն առումով, որ ցանկացած թեկնածու, որն ուզում է մասնակցել ընտրություններին, ունենա այդ հնարավորությունը»:
Վլադիմիր Պրեբիլիկը մտահոգություն հայտնեց, որ շատ երկրներում անկախ թեկնածուները չունեն մեդիայի հասանելիություն, ֆինանսական ռեսուրսներ, ուստի կուսակցական թեկնածուների հետ անհավասար պայքարի մեջ են մտնում: Հարցին՝ ի՞նչ լուծման ճանապարհներ են առաջարկում, զեկուցողը պատասխանեց. «Զեկույցն ուղարկվելու է բոլոր անդամ պետություններին, որը ներառում է նաև առաջարկություններ և հանձնարարականներ: Բայց ուզում եմ ընդգծել, որ մենք լիազորություն չունենք գնալ ու պարտադրել որևէ բան պետություններին: Բայց ես նաև ԵԽ-ին եմ հորդորել, որ երբ զեկույցն ուղարկվի անդամ պետություններին, որոշ ժամանակ անց մենք կարողանանք գնահատել իրավիճակը, որպեսզի հասկանանք՝ իշխանություններն ի՞նչ քայլեր են իրականացրել»:
Կարդացեք նաև
Վլադիմիր Պրեբիլիկը նշեց, որ արձագանքներ է ստացել տարբեր պետությունների ներկայացուցիչներից, թե եթե ինչպես զեկույցում է նշված, թույլ տանք բոլորին մասնակցել ընտրություններին, դա կլինի խնդրահարույց, որովհետև այդ դեպքում քաղաքական դաշտը կլինի հատվածական, կլինեն շատ անհատ խաղացողներ, ինչն առանձնապես լավ չէ տեղական ժողովրդավարության համար: Զեկուցողն այս առիթով նկատեց, որ, այնուամենայնիվ, պետք է լինեն հստակ պահանջներ, որոնց բավարարման դեպքում միայն անձն իրավունք կստանա մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, օրինակ՝ բավարար թվով ստորագրություններ հավաքելը և այլն:
Վլադիմիր Պրեբիլիկից հետաքրքրվեցինք՝ արդյոք ընդդիմադիր և անկախ թեկնածուների առաջադրման համար սահմանափակում չէ՞ այն, որ երկրում իրավական և վարչատարածքային փոփոխությունները կատարվում են ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ հնարավորություն չի մնում քաղաքական ուժերին կոնսոլիդացվելու և թեկնածուներին իրազեկվելու, ինչպես դա եղավ Հայաստանում, նա արձագանքեց. «Վենետիկի հանձնաժողովը շատ պարզ պահանջներ է դնում, որոնք պետք է պահպանվեն: Օրենսդրական դաշտի փոփոխությունները չպետք է կատարվեն ընտրություններին շատ մոտ, այլ կատարվեն ընտրությունների հարցերում Վենետիկի հանձնաժողովի լավ փորձի օրենսգրքին համապատասխան: Այդ փոփոխությունները պետք է կատարվեն ընտրություններից գոնե մեկ տարի առաջ, որպեսզի անկախ թեկնածուները, քաղաքական կուսակցությունները ժամանակ ունենան իրազեկվելու և դիրքավորվելու: Իհարկե, Հայաստանում դա եղել է բացթողում, բայց այս խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում, այլև այլ անդամ պետությունների»:
Զեկուցողին հարցրինք՝ առանց դատարանի վճռի թեկնածուներին կամ անգամ ընտրված քաղաքապետերին ազատազրկումը չի՞ վնասում տեղական ժողովրդավարությանը, նա պատասխանեց. «Իհարկե, վնասում է: Բայց եթե կա կոնկրետ պատճառ և այս պատճառը հիմնավորվում է փաստարկներով, դա այլ հարց է, անձը պետք է ենթարկվի պատասխանատվության: Բայց, ցավոք, շատ երկրներում այդ դրույթները երբեմն չարաշահվում են որոշ թեկնածուների չեզոքացնելու համար, դա հաճախ արվում է նրա համար, որպեսզի թույլ չտան անկախ կամ ընդդիմադիր թեկնածուներին մասնակցել ընտրություններին: Այնպես որ, եթե քրեական գործերն օգտագործվում են ընդդիմությանը չեզոքացնելու համար, սա ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ: Եթե թեկնածուն օրենքին հակառակ քայլ է կատարում, դա այլ պատմություն է, չպետք է սա շփոթենք, բայց նաև պիտի արձանագրենք, որ իրավական համակարգը չպետք է գործիք դառնա այս կամ այն թեկնածուին չեզոքացնելու համար: Սա ցույց է տալիս կենտրոնական իշխանությունների թուլությունը, նրանց վախերը: Ես միշտ ասում եմ՝ քաղաքական մարտերը պետք է անցկացվեն ընտրություններով և քվեաթերթիկներով»:
Զեկուցողն ասաց՝ իր համար այս տեսանկյունից բարդ է ՀՀ-ում իրավիճակին գնահատական տալը, քանի որ չի դիտարկել ՀՀ-ում անցկացված ՏԻՄ ընտրությունները, բայց նաև նշեց. «Հայաստանի հետ կապված ցուցիչները վկայում են, որ Հայաստանը բարեփոխումների շատ տեղ ունի, ուստի շատ գործ կա անելու ժողովրդավարության մակարդակը բարելավելու համար: Իմ խորհուրդն է իշխանություններին՝ եթե լրջորեն ցանկանում եք ձեր երկրում ժողովրդավարական համակարգ կառուցել, փորձեք լինել անաչառ, թափանցիկ ու անկեղծ, որովհետև, եթե դա չանեք, այդ դեպքում մարդկանց վստահությունը հակամարգի ներսում կնվազի: Գուցե կարճ ժամանակահատվածի համար ձեզ հաջողվի չեզոքացնել որոշ մարդկանց, ձեր ընդդիմադիրներին, նույնիսկ ընտրված քաղաքապետերին, բայց, եթե դա անում եք երկարաժամկետ կտրվածքով, դուք այդպիսով կվնասեք ժողովրդավարությանը այնպես, որ դա կվնասի մարդկանց վստահությանը երկրի ներսում, իսկ դա շատ վատ ազդեցություն կունենա ողջ ազգի համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ