Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդի օբյեկտից, ՔՊ շտաբից Գարիկ Սարգսյանը հետնամուտքերով անհետանում է. ինչ է կատարվում Վեդիում ՔՊ շտաբի մոտ. Փամբուխչյանը, Բաքոյանը Վեդիում են

Մարտ 27,2022 17:40

Վեդիում ՏԻՄ ընտրություններ են, որին մասնակցում է ՔՊ-ն՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններին ՔՊ-ն պարտվել էր, բայց ձայները որեւէ ուժի չէին բավականացրել՝ համայնքապետ ընտրելու:

Այսօրվա ընտրություններին մասնակցությունը բավականին բարձր է: Վեդիի սննդի օբյեկտներից մեկում նկատեցինք Գարիկ Սարգսյանին, տարածքում էր նաեւ Արմեն Փամբուխչյանը, սակայն երբ մտանք այդ օբյեկտ՝ թեկնածուին հարցեր ուղղելու համար, նա, ըստ երեւույթին, հետնամուտքով դուրս էր եկել:

Մատուցողուհին ասաց՝ այս սրահում էին, բայց դուրս են եկել, խոհարարն էլ, տեսնելով, որ նկարահանում ենք, ասաց՝ այստեղ քննիչներ են նստած եղել:

Այն, ինչ արձանագրեցինք օբյեկտում, այն էր, որ «ուտուշ-խմուշի» սեղանը գրեթե լիքն էր, տպավորություն էր, որ կիսատ թողել, դուրս են եկել:

Այնուհետեւ ՔՊ շտաբ մտնելիս էին տեսել Գարիկ Սարգսյանին, երբ ինքներս մտանք շտաբ, այնտեղ հավաքված էր մի քանի տասնյակ մարդ: Վստահեցրին, որ Գարիկ Սարգսյանն արդեն դուրս է եկել ու այնտեղ չէ: ՔՊ շտաբը նույնպես ուներ հետնամուտք: Թե ինչու էր Գարիկ Սարգսյանը այդպես խուսափում ԶԼՄ-ներից, մնաց անհայտ:

ՔՊ շտաբի մոտ վաղ առավոտից պետհամարանիշներով մեքենաներ են կայանում, մարդկանց անդադար հոսք է, միայն մի շտաբում 2 տասնյակից ավելի ՔՊ-ականներ էին հավաքված:

Շտաբի մոտ էր ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրությունների ընթացքը գնահատում է շատ լավ. «Խախտումներ չկան, նորմալ ընթանում է, միջադեպերը ոնց որ նվազագույն են, ժողովրդի տրամադրությունը լավ է, ակտիվությունը բարձր է: Այսպիսի ակնկալիք էլ ունեինք»:

Նա վստահություն հայտնեց, որ իրենց քաղաքական ուժն առավելագույն ձայներ է հավաքելու: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այդ վստահությունը՝ նա պատասխանեց. «Ժողովրդի հետ շփումը, իրադարձությունների զարգացումը թույլ է տալիս հասկանալու, որ մեր քաղաքական ուժը ավելի շատ ձայն է ունենալու»:

Հարցին՝ ՔՊ-ի բազմաթիվ ներկայացուցիչների տեսանք Վեդիում, դա նշանակում է, որ այդքա՞ն էլ վստահ չեք ձեր ուժերի վրա, որ այսպես հավաքվել եք՝ Բաքոյանը պատասխանեց. «Ձեր սուբյեկտիվ կարծիքն է, դուք եք այդպես կարծում, որ մենք վստահ չենք մեր ուժերի վրա: Ընդհակառակը, բավականին վստահ ենք»: Նա ասաց, որ իշխանությունները որեւէ կերպ չեն ուզում ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա ու ինչ արդյունք էլ լինի՝ արձանագրելու են, որ դա ժողովրդի քվեն է»:

Հարցին՝ դեկտեմբերի 5-ի ընտրության քվեն ժողովրդի ընտրությունը չէ՞ր, որ չհամակերպվեցիք արդյունքների հետ՝ նա պատասխանեց. «Ըստ ձեզ, գուցե այդպես է, կարող եմ ասել, որ այն լրատվականներին, որ դուք ներկայացնում եք, իրենք տարիներ շարունակ այդպես են վարվել, բայց 2018-ից հետո ժողովրդի քվեի վրա որեւէ մեկը ազդեցություն չի ունենում»:

Բաքոյանին նաեւ հարցրեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված ոստիկանների այսչափ ահռելի ներկայությունը տեղամասերի մոտ, ահաբեկման տպավորություն է թողնում՝ Բաքոյանը պատասխանեց, որ ահաբեկում չկա, ուրախ է, որ ոստիկանները վերահսկեն, երկու կողմից էլ որեւէ բախում չարձանագրվի. «Շնորհակալ եմ ոստիկաններին, որ վերահսկում են»: Ճշտեցինք՝ այսինքն, ոստիկանները ձեր կուսակցական շահերը չե՞ն պաշտպանում՝ Ռուստամ Բաքոյանը պատասխանեց. «Ես ՀՀ քաղաքացի եմ, իհարկե, պաշտպանում եմ իմ շահերը, որևէ այլ պետության քաղաքացի չեմ, ինչի պետք է իմ շահերը չպաշտպանեն, ձե՞ր շահերը պաշտպանեն»:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031