Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում կապիտալ ծախսերի ցուցակում ընդգրկված է նաեւ Վանաձորի պոլիկլինիկաներից մեկը». Անահիտ Ավանեսյան

Մարտ 27,2022 16:24

Վանաձորում գործող 5 պոլիկլինիկաների շենքային պայմաններն ու հագեցվածությունն, ինչպես գիտենք, բարձր մակարդակի վրա չի գտնվում: Բնակիչների կողմից հաճախ են լինում դժգոհություններ, որ այս կամ այն սարքավորման կարիքը կա, կամ էլ մասնագետներ չկան. «Թոշակառու կին եմ, հազար հիվանդություն կա վրաս, մինչեւ գնում եմ պոլիկլինիկա, որ դեղ ստանամ, էնքան մարդ կա, էնքան սպասում ես, ավելի ես հիվանդանում: Շատ ժամանակ ասում եմ՝ ավելի լավ է գնամ ես դեղ առնեմ, քան մի ամբողջ օր պոլիկլինիկայում կորցնեմ»,- ասում է տիկին Անուշը:

Մեկ այլ պոլիկլինիկայում էլ սպասարկվող Արամ պապը, թեև գոհ է իր բժշկուհու սպասարկումից, սակայն պոլիկլինիկայի շենքային պայմաններից է դժգոհ. «Որ գալիս եմ, եթե 5 հոգի մարդ կա նստած միջանցքում, 6-րդին արդեն տեղ չկա, մի քանի աթոռ է դրված, ես էլ մեծ մարդ եմ, ոտքի վրա չեմ կարա կանգնեմ: Կարան մի 2 աթոռ ավել դնեն, որ մարդ նստի էլի: Բայց իմ դոկտրից շատ գոհ եմ, դժգոհելու բան չկա»:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք եւս այն կարծիքին են, որ առաջնային օղակն առավել կարիք ունի ուշադրության, հատկապես՝ վերապատրաստված մասնագետների, նոր սարքավորումների ու շենքային լավ պայմանների՝ հավելելով, որ պոլիկլինիկական ոլորտում ներդրումները պետք է շարունակական լինեն. «Առաջիկայում կապիտալ ծախսերի ցուցակում ընդգրկված է նաեւ Վանաձորի պոլիկլինիկաներից մեկը: Հիմա քննարկումների մեջ ենք, թե որ մեկը կընդգրկվի, բայց միանշանակ պոլիկլինիկաներից մեկն ընդգրկվելու է կապիտալ ծախսերի մեր առաջիկա ցանկում: Առաջիկա տարիներին մեր ուշադրությունը պետք է լինի՝ պոլիկլինիկաների, ամբուլատորիաների վրա»:

Նախորդ ամիս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նույնպես անդրադարձել էր առողջապահության ոլորտի խնդիրներին՝ առանձնացնելով հատկապես մասնագետների պակասը. «Այդ խնդիրը կա մասնագետների հետ կապված, նույնիսկ թափուր տեղեր էլ ունենք: Սա մեր առաջնային եւ կարեւոր հարցերից մեկն է: Եվ կխնդրեմ բոլորիդ, եթե կան մասնագետներ, ովքեր որ ցանկություն կունենան մեր մարզի այս կամ այն բուժհաստատություններում աշխատել կամ համատեղել, մենք մեծ սիրով կընդառաջենք»:

Որոշակի ժամանակ է չէր աշխատում նաեւ բժշկական կենտրոնում գործող համակարգչային տոմոգրաֆիայի սարքը: Մարզի բնակիչներն անհրաժեշտության համար գնում են Դիլիջան, Գյումրի կամ էլ մայրաքաղաք:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նախարարությունում նույնպես տեղյակ են խնդրի մասին. «Իհարկե տեղյակ է, բայց պետք է ասեմ, որ վերջին 2 տարիների ընթացքում Վանաձորի բժշկական կենտրոնը թռիչքաձեւ զարգացում է ապրել: Եթե նախկինում մենք մասնագետների ու հիվանդների մեծ հոսք ունեինք դեպի Երեւան, ապա իրավիճակը փոխվել է, եւ այս պահին ԲԿ-ն կարողանում է իր վրա վերցնել ամբողջ անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման ծավալը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031