Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղրիի համայնքապետի զարմիկների կողմից ծեծի ենթարկված Մեղրիի կոմունալ տնտեսության նախկին պետն ու համայնքապետը հաշտվել են

Մարտ 27,2022 15:51

«Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության նախկին տնօրեն Արթուր Աթանեսյանը դիմել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի։

Ըստ հայցադիմումի, Բագրատ Զաքարյանը 2021 թ.-ի նոյեմբերի 30-ին  Աթանեսյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ նկատողություն, հետո՝ նույն օրը խիստ նկատողություն, իսկ 2021թ.-ի դեկտեմբերի 1-ին ազատել աշխատանքից։ Հայցվոր Արթուր Աթանեսյանը դիմելով դատարան՝ նշել է, որ  իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը եւ աշխատանքից ազատման հրամանը կայացվել են օրենքի խախտմամբ, իրավաչափ չեն եւ ենթակա են անվավեր ճանաչման։

Պատասխանող՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը դատարանին խնդրել էր հայցը մերժել։ Նրա անունից  դատարան ներկայացված պատասխանում նշվել է, որ հայցը չեն ընդունում, քանի որ ինչպես կիրառված կարգապահական տույժերից, այնպես էլ աշխատանքից ազատումից առաջ Արթուր Աթանեսյանից պահանջվել է բացատրագրեր, վերջինս էլ այն էլեկտրոնային եղանակով ներկայացրել է։ Բացի այդ, վիճարկվող կարգադրությունները կայացվել է օրենքով սահմանված կարգով եւ չկան հիմքեր դրանք անվավեր ճանաչելու համար։

Բագրատ Զաքարյան

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 21-ին Բագրատ Զաքարյանի զարմիկները ծեծել էին Արթուր Աթանեսյանին։ Aravot.am-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածաշրջանի համակարգող, Մեղրի համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արարատ Թումանյանը պատմել էր, որ Աթանեսյանին ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, բայց նա չի համաձայնվում, ինչի համար էլ ծեծել են Արթուրին։ Հարուցվել էր քրեական գործ, բայց հետագայում գործը կարճվեց, քանի որ տուժող Արթուր Աթանեսյանը հետ էր վերցրել բողոքը։ Այդ օրերին Մեղրիում լուրեր էին շրջանառվում, որ Արթուր Աթանեսյանը հաշտվել է նորընտիր համայնքապետի հետ ու շարունակելու է աշխատել։

Դատական գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի վարույթում էր։ Հայցվոր Արթուր Աթանեսյանը մարտի 15-ին դատարան է ներկայացրել հաշտության համաձայնություն։ Դատարանը մարտի 18-ի վճռով հաստատեց ներկայացված հաշտության համաձայնագիրը։ Ըստ այդմ, պատասխանող կողմը անվավեր է ճանաչում (վերացնում է) Արթուր Աթանեսյանին տված նկատողություններն ու աշխատանքից ազատման կարգադրությունը, իսկ Աթանեսյանն աշխատանքից համարվում է ազատված 2022թ․ մարտի 16-ից՝ իր դիմումի համաձայն։ Մեղրիի համայնքապետարանը Արթուր Աթանեսյանին 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարում է 950 000 ՀՀ դրամ որպես հարկադիր պարապուրդի եւ վերջնահաշվարկի գումար։

Չնայած հաշտության համաձայնագրով կողմերը հավաստել են, որ այս  համաձայնությամբ իրենց միջեւ առկա վեճը համարվում է սպառված եւ միմյանց նկատմամբ որեւէ պարտավորություն այլեւս չունեն, այնուամենայնիվ վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ  վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031