Ադրբեջանն Արցախում ոչնչացնում է հայկական հուշարձանները, հարձակվում Արցախի բնակավայրերի վրա, ունեցանք զոհեր։ Այսպես կոչված միջազգային հանրությունը, ի դեմս ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, այսպես կոչված քաղաքակիրթ երկրների, այս առիթով խորը մտահոգություն են հայտնում, կողմերին կոչ անում ձեռնպահ մնալ ընդհարումներից, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիան, նույնպես մտահոգված, պահանջում է կողմերին վերադառնալ ելման դիրքեր, հնարավոր է նույնիսկ, որ Ֆրանսիայի «հայասեր» նախագահը խստորեն դատապարտի տեղի ունեցածը։
Հիշեցման կարգով․ 2005թ․ Ադրբեջանը ոչնչացրեց Ջուղայի հազարավոր խաչքարեր։ Հայաստանն այն ժամանակ նույնպես դիմեց միջազգային կառույցներին։ Եվ ի՞նչ․․․ Էլ մարդասպան Ռամիլ Սաֆարովի, վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանցիների վայրագությունների մասին չխոսենք։ Իսկ հայ գործիչները շարունակում են աղերսագին դիմել այդ կառույցներին, հուսալով, որ վերջապես նրանք ոչ միայն խորը մտահոգություն կհայտնեն, այլև գործուն միջամտություն կիրականացնեն հանուն բազմաչարչար հայ ժողովրդի։ Տարբեր բուհերում, դասընթացներում սովորած հայ գործիչներն անգիր են արել միջազգային իրավունք հասկացությունը։ Նրանք «գերազանցիկների» պես հավատում են այդ թղթերի վրա գրված ազգերի հավասարության, միջազգային անվտանգության մեխանիզմների մասին անհեթեթություններին։
Այդպես էլ չհասկացանք, որ 1878թ․ Բեռլինի վեհաժողովից հետո աշխարհում ոչինչ չի փոխվել։ Եվ մենք շարունակում ենք հուսալ, որ աշխարհի հզորները կպաշտպանեն արդարությունը, իրականում, հոգեբանորեն մնալով «թղթե շերեփով»։ Թվում էր, թե մենք այս հոգեբանությունը հաղթահարել էինք՝ հաջողության հասնելով Արցախի հարցում։ Բայց չհավատացինք մեր հաջողությանը, այլ նորից ու նորից գերի դարձանք, այսպես կոչված միջազգային հանրության կարծիքին։ Ի դեպ, այդ նույն միջազգային կառույց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բոլոր բանաձևերն արձանագրում էին՝ ուժի կիրառման բացառում։ Եվ ի՞նչ․․․
2020թ․ ադրբեջանա-թուրքական հարձակմանն ինչպե՞ս արձագանքեց միջազգային այդ հեղինակավոր կառույցը՝ ընդամենը խորին մտահոգություն։ Այսօրվա, վարչապետ կոչեցյալը Արցախից իր հրաժարվելու համար, արդարանալով հղումներ է կատարում տարբեր, այդ թվում ՄԱԿ-ի բանաձևերին։ Դեռ մի կողմ դնենք վարչապետ կոչեցյալի կողմից այդ բանաձևերի դրույթների խեղաթյուրումը։ Վերջերս իսրայելացի գործիչ Յակով Կեդմին, անդրադառնալով Իսրայելին վերաբերող ՄԱԿ-ի որոշումներին, քմծիծաղով ասաց․ «ՄԱԿ-ի կողմից Իսրայելի դեմ կայացած բանաձևերի թղթերով կարելի է զարդարել ՄԱԿ-ի բոլոր պատերը»։ Սա ազգային նպատակ ունեցող, պետական մտածողության տեր ժողովրդի ներկայացուցչի համոզմունք է։
Կարդացեք նաև
Այսօր էլ, տարբեր գործիչներ, համոզված, թե ելնելով իրենց քաղաքական շահերից, իբր մտահոգված իրավիճակից, շարունակում են պաշտպանել իրենց հոգևոր հոր պարտվողական, միջազգային հանրության ստրկամիտ դրույթները՝ ժամանակին որ զիջեինք․․․ Հայաստանը 29 հազ․քառ․ կմ տարածք է, նույնիսկ՝ Արցախը գաղթօջախ է։
Լավ, մինչև հիմա էլ չեք հասկանում, որ անկախ այն հանգամանքից, թե երբ և ինչպես կզիջեիք, միևնույնն է հակառակորդը շարունակելու էր զիջում զիջումի ետևից պահանջել, մինչև Հայաստանի վերջնական անեքսիան։ Խաղաղ ճանապարհով զիջեիք մի քանի շրջան, Ադրբեջանը մի քանի օրով կբացեր ձեր երազած կոմունիկացիաները, հետո նորից կփակեր՝ նոր զիջումներ պահանջելով։ Չէի՞ք համաձայնվի՝ զորք կմտցներ։ Թե՞ միջազգային հանրությունը թույլ չէր տա, ա՛յ ողորմելիներ։ Նույնիսկ ձեր հոգևոր հայրը զարմացավ, որ հաղթանակից հետո հակառակորդը մեծահոգություն չի ցուցաբերում։
Ինչ վերաբերում է 29 հազ․քառ․ կմ-ին։ Եվ սա ասում է խորհրդային այլախոհը, ով փաստորեն ընդունում է ԽՍՀՄ գծած սահմանները։ Իսկ ինչու՞ ոչ 10 հազ․ քառ․ կմ․։ Չէ՞ որ 1918թ․, ի հեճուկս ձեր մտածողության Արամ Մանուկյանը կազմակերպեց Սարդարապատ և Թուրքիան ճանաչեց հենց այդ չափերով Հայաստան։ Եվ եթե այն ժամանակ գերիշխեր այս ողորմելի մտածողությունը և չլինեին Դրոն և Նժդեհը, ո՛չ Լոռին, ո՛չ Սյունիքը չէին լինի Հայաստանի կազմում։ Թե՞ ժամանակները փոխվել են։ Այո’, ժամանակները փոխվել են, բայց աշխարհը մնացել է նույնը և, ցավոք, նույնն է մնացել նաև մեր ողորմելի, պարտվողական, զիջողական մտածողությունը։
Իսկ Արցախը համարել գաղթօջախ արդեն սրբապղծություն է։
Արցախի պաշտպանությունը պետք է լիներ ողջ հայության հիմնական հարց-նպատակը, ստեղծելով և զարգացնելով Հայաստանի գիտությունը, արդյունաբերությունը և որ ամենակարևորն էր զինված ուժերը։
Եվ այս զիջողական գաղափարախոսության գործիչներ կոչեցյալները որպես կանոն խուսափել են հայոց բանակում ծառայելուց։ Կաշառքով, օտար երկրի քաղաքացի դարձնելով կամ այլ ձևերով ազատել են սիրասուն որդիներին ծառայելուց։ Եվ սրանց երազանքը կատարվեց։ Տասնյակ տարիների զիջողական գաղափարախոսություն կրողները եկան իշխանության և դավադրաբար, այո՛ դավադրաբար որոշեցին հանձնել Արցախը։ Ուղղակի նրանց դավադիր ծրագիրը, այն է՝ Արցախը մինչև վերջ հանձնել և հայաթափել չիրականացավ։
Սրանց Արցախից վերջնականապես ազատվելու ծրագիրը խափանեց Ռուսաստանը։ Ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե Ռուսաստանը հայ ժողովրդի փրկիչն է։ Ուղղակի Ռուսաստանն իր շահերից ելնելով փորձեց մի քանի անգամ կանգնեցնել պատերազմը։ Բայց այն չէր մտնում ինչպես Հայաստանի վարչապետ կոչեցյալի, առավել ևս Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահի պլանների մեջ։ Տեսնելով, որ Արցախի վերջնական հայաթափման դեպքում Ռուսաստանը վերջնականապես կորցնում է ազդեցությունը տարածաշրջանում, արդեն Ռուսաստանի նախագահը պարտադրեց պատերազմող կողմերին հրադադարի։ Արդյունքում փրկվեց Արցախի փոքր հատվածը։ Ինչպես նշեցի, սա չէր մտնում Հայաստանի վարչապետ կոչեցյալի և նրա դաշնակից Ադրբեջանի նախագահի պլանների մեջ։ Բայց զիջումների կողմնակիցները ճարը գտան։ Նրանք ձեռքերը լվացին Արցախից և Արցախի անվտանգության ողջ պատասխանատվությունը գցեցին ռուս խաղաղապահների վրա։
Հիշեցում․ խաղաղապահները պետք է չեզոքություն պահպանեն հակամարտող կողմերի միջև։ Եվ ընդհանրապես, ինքս միշտ դեմ եմ եղել Արցախի տարածքում խաղաղապահների տեղակայմանը, լինեն դրանք ռուսական, թե՞ ՆԱՏՕ-ական, կամ սկանդինավյան։ Խաղաղապահ զորքերը չնչին բացառություններով են արդյունավետ գործել։ Հիշենք Ռուանդայի խաղաղապահներին։ Տվյալ պարագայում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները որևէ կապ չունեն Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հետ։ Ոչ թե չկարողանալով պաշտպանել, այլ դավադրաբար դավաճանելով Արցախը, մեր հույսը մնաց ռուս խաղաղապահների վրա։ Այլևս Հայաստանից դեպի Արցախ զորակոչ չի լինում։ Վարչապետ կոչեցյալի մանկուրտները այն ինչ այս օրերին կատարվում է Արցախում, անմեղսունակի պես, առանց ցավ զգալու բարբաջում են․ «Այն գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ»։
Ի դեպ, այդ զիջողականները, հրաժարվելով Արցախից, մեծ-մեծ խոսում են ինքնիշխանության մասին, բացահայտ կամ քողարկված զբաղվում հակառուսական քարոզչությամբ։ Սրանցից ոմանք, ձևանալով, իբր իշխանությանն ընդդիմադիր, հետևողականորեն մասնակցում են Արցախի և Հայաստանի դեմ դավադրությանը։ Առաջին հայացքից թվում է, թե նրանցից ոմանց ասածներում տրամաբանություն կա․ չէ՞ որ, ինչպես 1918թ․ հնարավոր է, որ ռուսական զորքերը հեռանան տարածաշրջանից, կարծես երազելով այդ մասին, հարց են բարձրացնում, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անենք։ Իսկապես սա լուրջ հարց է։ Եվ զիջողականների պատասխանն, ըստ էության, հետևյալն է․ հրաժարվենք Արցախից, համաձայնվենք թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմաններին և համերաշխ ապրենք և առևտուր անենք հարևանների հետ (ադրբեջանցիները գյուղմթերք կվաճառեն, և հայկական հարևան գյուղերից կոնյակ կգնեն)։
Տիպիկ առևտրականի մտածողություն։ Եվ ձեզ թվում է, թե դրանով կբավարարվե՞ն մեր հարևանները։ Չե՞ք տեսնում Ադրբեջանի հավակնությունները ողջ Հայաստանի նկատմամբ։ Նորից և նորից կրկնեմ, մենք այս 30 տարիների ընթացքում չստեղծեցինք ուժեղ պետություն, նաև ձեր կողմից տարվող քարոզչության պատճառով, ա՛յ զիջողականներ։ Եվ իսկապես, ռուսների հնարավոր հեռանալու դեպքում ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ չեմ պատկերացնում։ 1918թ․ օրհասական օրերին հայտնվեց Արամ Մանուկյանը, հայ ժողովուրդը փրկվեց հերթական ցեղասպանությունից, իսկ վաղը՞․․․Եվ ի՞նչ, էլի հույսը դնում եք թուրքերի և ադրբեջանցիների մարդասիրության և մեծահոգության վրա՞, թե՞ Թուրքիայի դաշնակից ՆԱՏՕ-ի, կամ «հայասեր» Ֆրանսիայի վրա։ Մի «ականավոր» հակառուս «գործիչ» հույսը դնում է նույնիսկ Հնդկաստանի վրա, հիշելով Հնդկաստանի արտգործնախարարի այցի մասին։ Սրանք արբունքի մեջ են ընկել ռուս-ուկրաինական պատերազմից։ Ձևանալով, իբր խաղաղասերներ, իբր անհանգստանալով ուկրաինացիների ճակատագրով, իրականում անհամբերությամբ սպասում են Ռուսաստանի պարտությանը, որը կհանգեցնի Ռուսաստանի հեռացմանը մեր տարածաշրջանից։ Տպավորություն եմ ստանում, որ երբ Ադրբեջանն օգտվելով ռուս-ադրբեջանական պատերազմից հարձակվում է Արցախի և Հայաստանի վրա, սրանք ողջունում են այն, շարունակելով համերաշխություն հայտնել Ուկրաինային, նույնիսկ Ուկրաինայի պաշտոնական հայտարարությունից հետո։
Պատահակա՞ն է արդյոք, այս օրերին վարչապետ կոչեցյալի հանդիպումներն ընդգծված հակառուս գործիքների, ներեցեք՝ գործիչների հետ։ Իսկ հետո՞․․․Հետո հերթական ցեղասպանություն և նրանցից ոմանք «պոլիցայներ» կաշխատեն թուրքերի մոտ, ոմանք էլ կհայտնվեն իրենց իրական հայրենիքներում՝ ԱՄՆ, Կանադա։ Այս գործիչ կոչեցյալներն իրականում ծառայում են օտար, հավանաբար ուղղակիորեն, կամ միջնորդավորված թուրքական ծառայություններին, բնական է ոչ անշահախնդիր։ Սրանք այսօրվա արմենակղարագյոզյաններն ու լևոնմիրզոյաններն են: Եթե կատարվի նրանց ծրագիրը, հայ ժողովրդի հերթական ցեղասպանության կապակցությամբ ԵՄ-ն խորը մտահոգություն կարտահայտի, ԱՄՆ-ն և ԵՄ-ն հումանիտար օգնություն կտրամադրեն հայ որբերին և փախստականներին, մի եվրոպացի վեպ կգրի «Արցախի 44 օրը», Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի հայոց հերթական ցեղասպանությունը և․․․ և վերջ։
Հ․Գ․ Իսկ նրանց անուննե՞րը։ Նրանք շատ-շատ են և կարծում եմ և՛ նրանք իրենց կտեսնեն հոդվածում, և՛ ընթերցողները նրանց բոլորին։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Իրավիճակի համապարփակ նկարագիր է: Բայց ի՞նչ անել:
Ցուցամոլություն` հարստությունը միշտ վատնվել է խրախճանքների վրա: Սա է հայության ողբերգությունը` չունի եղածի վրա ավելացնելու բնազդ: Ժխտում, ոչնչացնում, փոշիյացնում է կուտակածը և հոգևորը և նյութականը: Քանի մայրաքաղաք ո՞ւնեցավ ու կորցրեց հայությունը: Հրեան այսպիսին չէ, անիմաստ է օրինակ բերել հրեաներին: Երուսաղեմը միշտ մնաց միակը ու հավիտենական նպատակը: Դարձավ ապագան հասնելու, վերապրելու, կազմակերպվելու կենտրոն-դինամո մեքենա: «Սա ազգային նպատակ ունեցող, պետական մտածողության տեր ժողովրդի ներկայացուցչի համոզմունք է։» Սա ահռելի հարստություն կուտակած ու կուտակող, պետությունների վրա համակարգված լծակների տեր, յուրայինին օտարից բարձր կարգող ժողովրդի ներկայացուցչի համոզմունք է։
Ի՞նչ անենք հայերս. օրինակ, հայտարարենք մարզերի կենտրոնները տարվա մայրաքաղաք: Այս տարի դա Կապանն է, մյուս տարի Գավառը,…: Բոլոր կենտրոն-քաղաքները պետք է ստանան ամրոցների որակավորում: Ազգ-բանակ գումարած քաղաք-զորաբերդ: Օլիգարխները (և պետք չէ վախենալ այդ բառից, մի թղթի շերեփ էլ դա է) ստանում են հատուկ արտոնություններ եթե ներդնում են այդ ծրագրում…