Լրահոս
Օրվա լրահոսը

Հակիրճ՝ լարվող իրավիճակի մասին

Մարտ 27,2022 11:57

Ինչո՞ւ է սրվել իրավիճակը Ղարաբաղում։ Վերջին իրադարձությունների հիմնական ադրբեջանական  լեյտմոտիվը՝ հասնել Ղարաբաղից  ռուսական զինվորականների հեռացմանը  և, ըստ էության, ավարտել Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը։

Ինչո՞ւ հենց հիմա. ըստ ադրբեջանական հաշվարկի՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և պատրաստ չի լինելու այլ ռազմական գործողությունների համար երկրորդ ճակատ բացել։ Կա վարկած, որ պաշտոնական Բաքուն Ուկրաինայում ռազմական գործողություններից երկու շաբաթ անց հանգել է այն եզրակացությանը, որ Ռուսաստանը այնտեղ «խրվել է» երկարաժամկետ, և ինքը կարող է օգտվել այդ վիճակից։

Ընդ որում, Բաքուն նույնիսկ չի պահպանում ընդամենը փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ ՌԴ և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը։ Այդ հռչակագիրը Ռուսաստանի համար ինչ-որ իմաստով երաշխիք էր այն բանի, որ Ադրբեջանի չի ստեղծի իր համար նոր գլխացավանք Հարավային Կովկասում, քանի դեռ ՌԴ-ն կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ օպերացիայի վրա։

Բայց իրականությունն այլ ընթացք է ստանում. պայթեցվում է գազամուղը, սկսվում է հայկական բնակավայրերի պարբերական գնդակոծումը, և զուգահեռ՝ ինտենսիվ ընթանում է հայ-թուրքական երկխոսություն։

Ադրբեջանի իշխանությունները բացահայտ պաշտպանում են Ուկրաինային (օրինակ՝ պատրաստակամությունը՝ Ուկրաինա վառելիք մատակարարել), իշխանության ենթակայության տակ գտնվող ողջ մեդիան ձևավորում է հակառուսական  հիստերիա և իրավիճակը ներկայացնում է այնպես, կարծես Ռուսաստանը պատերազմը պարտվել է։

Չեմ զարմանա, եթե առաջիկայում իմանանք, որ ադրբեջանական գրոհայինները և ռազմական հրահանգիչներն Ուկրաինայում ամենաակտիվ կերպով կռվել են ռուսների դեմ։

Մյուս կողմից, հենց այս օրերին ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Երևանի համար կարող է ընդունելի լինել Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունները միայն գազատարի պայթեցման 16-րդ օրն են տալիս հումանիտար իրավիճակի քաղաքական գնահատականը, և զուգահեռ տարբեր եղանակներով քաջալերում են հակառուսական տրամադրություններ։ Քննադատում են ռուսական զինված ուժերին, և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ներկայացնում որպես անգործունյա մեխանիզմ։

Ընդհանուր առմամբ, ռուսական կողմի մոտ կարող է ձևավորվել տեսակետ, թե ընթանում է նրա նպատակային դուրս մղումը Ղարաբաղից։ Ըստ էության, հակամարտության երկու կողմերը իրենց քայլերով և կամ չքայլերով, հարվածի տակ են դնում Ռուսաստանին, իսկ այս համաշխարհային ճգնաժամի սրված ֆոնին Ռուսաստանը դա կարող է ընկալել որպես դավաճանություն։

Հենց նման ընկալումը կարող է դառնալ Հարավային Կովկասում Ռուսաստանի առաջիկա  քաղաքականության համար շրջադարձային կետ։

Ռուսաստանը զորամիավորումներ մտցրեց Ղարաբաղ և ստեղծում է այնտեղ լուրջ ենթակառուցվածքներ՝ ոչ այն բանի համար, որ ենթարկվի  եռակողմ հայտարարության տակ ստորագրած իր գործընկերների  ոչ խելամիտ վարքագծին։

Կարծում եմ՝ շատերն են հասկանում, որ Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա սկսելու մասին որոշումը հանդիսանում է Ռուսաստանի ժամանակակից վերնախավի և անձամբ նախագահ Պուտինի  համար ամենաճակատագրական, պատմական որոշումը։

Կայացնելով այն՝ նրանք գիտակցել են բոլոր ռիսկերը և պոտենցիալ հետևանքները։ Այդ ամենը գիտակցելով հանդերձ՝ սկսել են և հաստատ կանգ չեն առնելու, քանի դեռ չեն հասել իրենց ձևակերպած նպատակներին։

Ըստ այդմ, երբ Ռուսաստանը կձևակերպի նոր Ուկրաինայի քաղաքական ձևաչափը, ամենայն հավանականությամբ կսկսի լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով, և այստեղ գնալու է բարդ «երկխոսություն» ։

Բարդ, որովհետև գործընկերները, պարզվեց, մեղմ ասած, այնքան էլ վստահելի չեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

 

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031