Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ տարածած հաղորդագրությանը՝ հայտարարելով, որ ոչ թե իրենք, այլ Հայաստանն է խախտում եռակողմ համաձայնության դրույթները:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ռուսաստանի իր գործըներ Սերգեյ Շոյգուի հետ մարտի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակն «Ադրբեջանում, որտեղ ժամանակավորապես գտնվում են ռուսական խաղաղապահ զորամիավորումները»: Զրույցի ընթացքում ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրականացվում է դիրքերի հստակեցում:
«Սակայն, չնայած դրան, մարտի 26-ի առավոտյան հայկական անօրինական զինված խմբավորումները դիվերսիայի փորձ են ձեռնարկել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների նկատմամբ: Անհապաղ միջոցառումների արդյունքում հայկական անօրինական զինված խմբավորումները ստիպված են եղել նահանջել:
ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա ոչ մի դրույթ»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Դրանում նաև նշվում է, որ համաձայնագրի 4-րդ կետով լիարժեք չի իրականացվել հայկական ուժերի դուրսբերում: «Հետևաբար, հենց Հայաստանն է խախտում հայտարարության դրույթները, ոչ թե Ադրբեջանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ից նաև նշել են, որ Ռուսաստանի նույն գերատեսչության հայտարարությունը հակասում է 2022թ. փետրվարի 22-ին երկու երկրների միջև ստորագրված Միութենական գործակցության մասին հռչակագրի էությանը:
«Ադրբեջանի տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր: Նշված հայտարարության մեջ հիշատակված գյուղը կոչվում է ոչ թե Ֆուրուխ (Ռուսաստանի ՊՆ-ն հենց տեղանվան հենց այդպիսի տարբերակ էր օգտագործել իր հայտարարության մեջ-խմբ.), այլ Ֆարրուխ»:
Ադրբեջանի Պն-ն խնդրել է Ռուսաստանի ՊՆ-ից լիարժեք կերպով դուրս բերել «հայկական բանակի մնացորնդերը և հայկական անօրինական զինված խմբավորումներն Ադրբեջանի տարածքից», ինչպես նաև «աղավաղված ձևով չներկայացնել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժը մեր երկրի ինքնիշխան տարածքի սահմաններում» և չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ