Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակության այդ շերտը, որը պահանջում է՝ հեռանան խաղաղապահները՝ ի՞նչ է առաջարկում փոխարենը»․ «Առերեսում»

Մարտ 27,2022 00:06

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մասնավորապես նշելով․ «Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները»։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս առնչությամբ ասաց․ «Դժվար է ասել, որ հենց հղվելով այդ դիմումին՝ Ռուսաստանը կարող է զորք ավելացնել կամ տեխնիկական միջոցներ, որովհետեւ ամեն դեպքում՝ ռուս խաղաղապահների թվաքանակը պայմանավորվել է նոյեմբերի 9-ին եւ հետո հունվարին ստորագրված եռակողմ հայտարարություններով, որտեղ հստակ կար տրված, թե ինչ քանակությամբ խաղաղապահներ պետք է լինեն Արցախում։ Բայց այստեղ կարեւոր այլ հանգամանք կա․ այն է, որ Արցախում խաղաղություն ապահովելու համար Ռուսաստանին այդ թվաքանակը պետք չէ։ Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը պետք է որ բավարար լինի, որպեսզի անհրաժեշտության պարագայում կարողանան զսպել Ադրբեջանին հերթական սադրիչ ծրագրերն իրականացնելու կամ նման քայլերի գնալուց։ Հայկական կողմը պետք է որ հասկանա, որ այստեղ խնդիրը քաղաքական է, ես նույնիսկ կասեի՝ աշխարհաքաղաքական, այսինքն՝ տեխնիկական չէ՝ զուտ այնքանով, որ մարդկանց թիվը չի բավականացնում»։

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ «Հիմա, այն պահին, երբ շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Ուկրաինայում տեղի ունեցող հատուկ ռազմական գործողությունը ինչ որ չափով դանդաղել է կամ Ռուսաստանը չի կարողանում ամբողջությամբ իր խնդիրները լուծել՝ բնականաբար, այդ ֆոնին փորձելու են Ռուսաստանի դեմ երկրորդ կամ երրորդ ճակատները բացել։ Եվ իմ կարծիքով՝ այստեղ է, որ հենց ՌԴ–ն պետք է հստակ ցույց տա՝ արդյոք ինքն այն պետությո՞ւնն է, որը կարող է նման հավակնություններ ունենալ այս տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու, թե՞ ոչ։ Այսինքն՝ կարո՞ղ է ինքը 2-3, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ 4 ճակատ սպասարկել, թե՞ ոչ»։

Ավելի վաղ ՖԲ գրառմամբ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծիք էր հայտնել․ «Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն այսօր ձախողման եզրին է հայտնվել։ Նրանք պատասխանատվություն են ստանձնել մեր աշխարհաքաղաքական ճակատում կայունություն ապահովելու համար և տապալում են այդ գործը։ Խայտառակ ձևով են տապալում»։

Անժելա Էլիբեգովա

«Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց․ «Խաղաղապահների հանդեպ օբյեկտիվ պահանջներ եւ հարցեր ունեն հասարակության մեջ բոլորը՝ կարծում եմ, եւ արդարացված են այդ հարցերը, քանի որ այն, ինչ կատարվում է Փառուխի շուրջ՝ մենք այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չստացանք ոչ ՀՀ իշխանություններից, ոչ Արցախի իշխանություններից, ոչ խաղաղապահներից, թե ինչ տեղի ունեցավ եւ ինչու դա դարձավ առհասարակ հնարավոր (զրույցի պահին դեռեւս հրապարակված չէր ՌԴ ՊՆ հաղորդագրությունը, թե «ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ ադրբեջանական զորքերն իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերի հետքաշման կոչ է ուղարկվել»․խմբ)։ Այսինքն, այստեղ կա օբյեկտիվ քննադատություն, որը պետք է տեղ հասնի։ Բայց երբ որ խելամիտ քննադատությունից մենք անցնում ենք կարմիր գիծը եւ սկսում ենք պահանջել, որ խաղաղապահները գնան՝ պետք է հասկանանք՝ հասարակության այդ շերտը, որը պահանջում է հեռանան խաղաղապահները՝ ի՞նչ է առաջարկում փոխարենը»։

Հնչում են կոչեր, որ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, թող դուրս գան և Արցախ գան միջազգային խաղաղապահներ։ Անժելա Էլիբեգովան այս մասին հիշեցմանն արձագանքեց․ «Միջազգային խաղաղապահների շքերթ եւ հերթ՝ այստեղ գալ ցանկացողների, ես չեմ տեսնում։ Երկրորդը՝ խաղաղապահների այդ կազմը պետք է ընդունելի լինի ոչ միայն Հայաստանի համար, այլ պետք չի մոռանալ, որ մեր թշնամի պետությունն էլ պետք է դա հաստատի։ Այնպես չի, թե մենք ում վրա մատով ցույց տվեցինք՝ իրենք գալու են, այնտեղ շարվեն ու մեզ պաշտպանեն։ Այդպես պարզ չի իրավիճակը։ Պետք է հասկանանք, որ երբ մենք ասում ենք՝ դուրս եկեք, գնացեք, իսկ ի՞նչ ենք անելու, երբ որ դուրս եկան, գնացին։ Եթե մենք այդ հարցի պատասխանը ունենք, եթե մարդիկ, որոնք մեզ դա առաջարկում են՝ կարող են հոդաբաշխ բացատրել՝ ինչ անել․․․ կամ՝ իրենք են պատրաստվում գալ, պաշտպանել այդ սահմանը, երբ ասում են՝ դուրս բերեք ռուս խաղաղապահներին, կամ ունեն այլընտրանքային ինչ որ զորամիավորումներ, որոնք արդեն հայտարարել են, թե համաձայն են գալ, եւ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնել են, որ գան։ Եթե այդ ամեն ինչը չկա՝ սա կարող է մեզ տանել շատ վտանգավոր մի տեղ, որտեղ ռուս խաղաղապահների հանդեպ ագրեսիան գնալով ավելանում է, եւ օբյեկտիվ քննադատությունից արդեն կարմիր գիծն անցնում է անհասկանալի ուղղությամբ։ Ու ի դեպ՝ դա տեղի է ունենում ոչ միայն այստեղ, այլ նաեւ Ադրբեջանում»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031