Լրահոս
Օրվա լրահոսը

Քեռուս մատուցած անակնկալը

Մարտ 26,2022 23:45

Քեռուս մենք չէինք տեսել և ճանաչում էինք նրան միայն նրա լուսանկարներից, որոնք խնամքով պահպանում էր մայրս մեր ընտանեկան ալբոմում: Նրա մասին մայրս շշուկով էր խոսում, քանի որ այդ ժամանակներում քեռիս, ընտանիքի հետ գտնվում էր Ալթայի երկրամասի աքսորավայրերից մեկում: Նրան երեսունականների վերջում այնտեղ էին աքսորել այն «հանցագործությունների» համար, որ նա դաշնակցական կուսակցության անդամ էր եղել ու նաև “կուլակի” որդի:

Ժամանակները փոխվեցին, «Մեծ Առաջնորդի» մահից հետո քեռուս  արդարացրին և նա ընտանյոք հանդերձ վերադարձավ Հայաստան:

Քեռիս բավականին կրթված, կարդացած, զարգացած ու շատ ազգասեր մարդ էր:

Մենք այնքան էլ հաճախ չէինք նրա հետ զրույցի բռնվում, քանի որ նա քիչ էր այցելում իր բարեկամներին, իսկ մենք էլ հաճախ չէինք նրանց տուն գնում, բայց մայրս մեզ հիշեցնում էր, որ Նոր տարվան անպայման պետք է այցելենք նրան:

Նրանք սեփական տուն ունեին Ավանում և այնտեղ մի մեծ թթի ծառ կար ու մենք ամեն թթի հասնելու ժամանակ այցելում էինք նրան և քաղցր թութ ճաշակում, իսկ աշնանը կամ Նոր տարվան, երբ այցելում էինք նրան, անպայման հյուրասիրում էր իր թթի օղուց, որը համեմված էր լինում  իր ստացած անուշաբույր մեղրով:

Երբ հանդիպում էինք, նա բարի ժպիտով մեզ հետ զրույց էր անում, հարցնում մեր դասերից կամ աշխատանքից: Մենք էլ առիթը բաց չէինք թողնում ու  հարցեր էինք տալիս աքսորականի կյանքից կամ էլ՝ 1918 թվականին իրենց կատարած հեղափոխության և Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման մասին:

Մի անգամ էլ, երբ մենք աշխույժ զրուցում էինք, ես ժպտալով նրան ակնարկեցի.

-Ա՛յ, քեռի ջան, չկարողացաք էլի ձեր անկախացրած Հայաստանը այն ժամանակ պահպանել, հիմա մենք էլ մի կարգին պաշտոնի կլինեինք, բարձր դիրք կգրավեինք մեր պաշտոնյա քեռու օգնությամբ:

Նա երկար մտածեց, քթի տակ ժպտաց, կապույտ աչքերը հառեց վրաս ու ասաց.

-«Ղուռումսաղ», հերդ թողեց, որ անկախ մնայինք:

Իհարկե, ես չհասկացա «ղուռումսաղի» նշանակությունը ու մինչև հիմա էլ ես ճշգրիտ չգիտեմ, այդ արտահայտության, երևի թուրքերեն կամ պարսկերեն բառի նշանակությունը, բայց հասկացա, որ դա այնքան էլ լավ բան չէր նշանակում:

Իսկ հայրս, իհարկե, այդ ժամանակ ընդամենը տասը տարեկան է եղել և ոչնչով չէր կարող դաշնակցականներին խանգարել իրենց անկախ հանրապետությունը պահպանելու գործում, սակայն նա հետագայում ակտիվ կոմերիտական և կուսակցական գործիչ էր դառել ժամանակի թելադրանքով:

Բայց ես քեռուս ակնարկից հասկացա, որ ի դեմս հայրիկիս, նա նկատի ուներ կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը, որը խանգարել էր անկախ Հայաստանի գոյությանը:

Մայրիկիս պատմելով, չնայած նրան, որ հայրս ակտիվ կուսակցական էր եղել հետագայում, այնուամենայնիվ շատ էր օգնել քեռուս «կուլակաթափության» տարիներին ավելի քիչ նյութական կորուստներ կրելու, բայց անզոր էր գտնվել նրան աքսորից փրկելու գործում:

Քեռիս, հատկապես շատ էր սիրում կարդալ հայ դասական գրողների գրքերը և ոչ միայն սիրում էր կարդալ դրանք մի քանի անգամ, այլ ամեն գնով ձեռք էր բերում նոր կամ հին հրատարակված հայոց մեծերի գրած կամ նրանց մասին հրատարակված գրքերը և օրեցօր հարստացնում էր իր գրադարանը:

Չափից ավելի հայրենասեր և ազգային արժեքները սիրող ու գնահատող անձնավորություն էր, իսկ մասնագիտությամբ նա հռչակավոր մեղվապահ էր:

Մի անգամ, երբ խոսում էինք մեղվապահության մասին, նա պատմեց, թե ինչպես է Ալթայի երկրամասում, որտեղ աքսորված էր եղել, եղանակային բարդ պայմաններում, զարգացրել է մեղվաբուծությունը ու ամեն անգամ հորդորում էր մեզ իր հետ գյուղ գնալ ամռանը և մեղվաբուծություն սովորել իրենից:

-Ա՛յ, տղա, քիչ էր մնում աքսորում ինձ Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչում շնորհեին,-ժպտալով ասաց նա մի անգամ,-ինչպիսի տաղանդավոր գլուխներ էին տառապում այդ աքսորավայրերում, էդ գազանը, զուրկ էր մարդկային հատկանիշներից:

Մենք հասկացանք, որ «էդ գազանը» Ստալինն էր:

Բայց, ցավոք սրտի, միայն թոշակի անցնելուց հետո, մեծ եղբայրս սկսեց մեղվաբուծությամբ զբաղվել, երբ քեռիս արդեն վաղուց իր մահկանացուն էր կնքել:

Հերթական անգամ, երբ հյուր էի գնացել քեռուս, հրաժեշտի պահին, նա իր հարուստ գրադարանի գրքերից երկուսը բերեց ու ինձ նվիրեց, որոնց տիտղոսաթերթի վրա իր գեղեցիկ ձեռագրով  մակագրեց՝ “Սիրելի Փայլակին՝ իր քեռուց հիշատակ” :

Առաջին գիրքը Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն էր, իսկ երկրորդը՝ «Հայոց պատմություն» հատորաշարից:

Ես, իհարկե, այդ գրքերը կարդացել էի, բայց գրադարանից էի վերցրել, հիմա նրանք իմ սեփականությունն էին դառնում և այն էլ՝ իմ հարգալից քեռու նվիրաբերումով:

Անցել էր մեկից ավելի տարի, երբ քեռիս երկար ընդմիջումից հետո, այցելեց մեր տուն: Նա հաճախ էր անակնկալ այցեր կատարում իր բարեկամներին, բայց մնում էր շատ կարճ ժամանակով, գրեթե ոչ մի անգամ չընդունելով հյուրասիրությունը: Ես արդեն ամուսնացել էի, ընտանիք կազմել ու զարմացա, որ նա այցելեց ինձ:

Նա դռնից ներս մտավ, բարևեց իր բարի ժպիտը դեմքին, անցավ ճաշասենյակ, նստեց բազմոցին, խորը շունչ քաշեց ու ժպտալով ասաց.

-Իմ նվիրած պատմության գիրքը կբերե՞ս:

Ես անակնկալի եկա ու զարմացած հարցրի.

-Նվերդ հետ ե՞ս վերցնում, քեռի ջան:

-Ո՛չ, գիրքը բեր, հետո կասեմ:

Ես, արագ մոտեցա գրապահարանին, այնտեղից երկյուղածությամբ վերցրեցի Հայոց պատմության գիրքը, բերեցի ու դրեցի քեռուս առջև, սեղանի վրա:

-Բաց …էջը:

Հիմա չեմ հիշում այդ էջի համարը, բայց այն ժամանակ ես զարմացա, թե ինչպես է նա հիշում այդ էջի համարը և արագորեն բացեցի նրա մատնանշած էջը ու նկատեցի, որ այնտեղ, մանր տպատառերով գրված էին այն բոլոր  վրիժառուների ու նրանց կողմից գնդակահարված թուրք դահիճների անունները և հատուցման գործողության իրականացման վայրերը…

-Խնդրում եմ, մի թղթի վրա արտագրի այս էջերը և տուր ինձ,-ասաց նա լուրջ դեմքով ու սպասողական դիրք ընդունեց:

Դե, այն ժամանակներում, համակարգիչ չկար, իսկ տպագրական մեքենա ես չունեի և ստիպված էի տետրի մի քանի էջերի վրա արտագրել գրքի բնական տպատառերից շատ ավելի  փոքր տառերով տպվածը:

-Կարգին, ընթեռնելի ձեռագրով կգրես, ես չեմ շտապում,-ընթացքում զգուշացրեց նա:

Ես, իհարկե, գեղեցիկ ձեռագիր ունեի այն ժամանակ և ինչպես հարկն է, արտագրեցի և նրան հանձնեցի տետրի թերթերը:

-Ա՛յ, տղա, ինչ էլ լավ ձեռագիր ունես,-գովեց քեռիս, շնորհակալություն հայտնեց, արագ վեր կացավ տեղից ու տանից դուրս գալուց առաջ, ասաց,-հիշեցեք և հարգեցեք մեր հերոսների վառ հիշատակը, նրանցով է կանգուն մնում հայրենիքը:

Նա միշտ շտապում էր:

Ես նրան տուն ճանապարհեցի ու հետդարձին երկար մտածում էի, թե ինչպիսի մարդկանց է ցանկացել ոչնչացնել խորհրդային պետության առաջնորդը՝ «էդ գազանը»:

Իհարկե, աքսորյալներից մի մասին հաջողվել էր կենդանի մնալ, բայց ինչպիսի պայծառ գլուխների մեծ կորուստներ ունեցավ հայ ժողովուրդը  «էդ գազանի» կառավարման ժամանակ, որը դեռ չէր հասցրել ապաքինել Մեծ եղեռնի թողած վերքերը:

 

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031