Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքից կտրված Արջուտի բնակիչներն անհանգստացած են. «Սրանք խիղճ չունեն, Արջուտին ոչ մի ղեկավարություն չի նայում»

Մարտ 26,2022 21:38

Լոռու մարզի Արջուտ համայնքը մարզկենտրոնին ու հարակից համայնքներին կապող տրանսպորտ գոյություն չունի: Համայնքի բնակիչները դժգոհում են` նշելով, որ խնդրի մասին բազմիցս են բարձրաձայնել, սակայն իրենց ձայնին ոչ ոք ականջ չի դնում. «Սրանք խիղճ չունեն, Արջուտին ոչ մի ղեկավարություն չի նայում, բայց Արջուտից շատ բան են ստանում: Հաշվի առնող չկա մեր գյուղին: Մենք շատ դժգոհ ենք այս կառավարությունից, եւ որ մեզ մնա, թող բոլորն իրենց աթոռից իջնեն, չենք ուզում մի ղեկավար աշխատի, բոլորից դժգոհ ենք»,- ասում է համայնքի բնակիչ տիկին Զինան ու շարունակում. «30.000 դրամ թոշակ եմ ստանում, մի օր գնում եմ քաղաք, որ դեղ առնեմ կամ բժշկի գնամ, 3.000 դրամ էլ տաքսու եմ տալիս, որ բերի»:

Համագյուղացու խոսքը շարունակում է արցախյան պատերազմի մասնակից երիտասարդը. «Հիվանդ տղա եմ, էսա 3 ամիս է ոտքով հիվանդանոց եմ գնում, որը ինձ չի կարելի: Չեն մտածում, մարզպետը չի մտածո՞ւմ, թող Արջուտի ամեն մի բնակչին ասեն 1.500 դրամ հավաքեք բյուջեն ավելացնենք մի հատ գազել առնենք: Էս կառավարությունը մեր մասին չի մտածելու»:

Արջուտ համայնքի վարչական ղեկավար Վարդան Մկրտչյանը, որը նախկինում եղել է համայնքի ղեկավարը, ասում է, որ ավտոբուս չլինելու խնդրով բազմիցս է դիմել Լոռու մարզպետարան, սակայն հարցը լուծում չի ստացել. «Պատճառաբանել են, որ դա մեր տիրույթում չէ: Իրականում, հետաքրքրվել ենք, որ մարզպետարանի տիրույթից դուրս է եկել, եւ մտել տրանսպորտի նախարարության տիրույթ: Իրենք էլ ըստ օրենքի պահանջում են նոր մեքենաներ, մրցույթներ են արել, այդ մրցույթներում որեւէ մեկը չի մասնակցել, որ հաղթեն կամ չհաղթեն: Եվ դրա համար մնացել է անորոշ»:

Վարդան Մկրտչյանն ասում է, որ փորձել են թույլտվություն ստանալ, որպեսզի իրենք իրենց ուժերով որեւէ տրանսպորտ շահագործեն, սակայն օրենքը նման բան թույլ չի տալիս. «Եթե մենք ինքնակամ նման բան կազմակերպենք՝ 150 հազար դրամ տուգանք է հասնում: Արդեն երրորդ մրցույթն է հայտարարված, որը սակայն չի կայանում»:

Այս սեզոնին մարդկանց հոսքը դեպքի քաղաք համեմատաբար քիչ է լինում, իսկ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի դեպքում խնդրի լուծման ճանապարհը չեն տեսնում. «Գարնանը մարդիկ լեփ-լեցուն ավտոբուսներով էին գալիս ու գնում: Իսկ հիմա, թե ո՞նց պետք է անեն, չգիտեմ: Մենակ տաքսիներով, այդ հարցը հնարավոր չի լուծել»,- ասում է Վարդան Մկրտչյանը:

Բնակիչները հարցի լուծման միակ ելքը տեսնում են գլխավոր ճանապարհը փակելու միջոցով:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031